Այսօր Ծաղկաձորի մարզաբազայում մեկնարկեց ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2014» մրցույթի եզրափակիչ փուլը: Մրցույթի գլխավոր կազմակերպիչ եւ պատասխանատու, սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանն «Առավոտին» ասաց. «Երեկ Ծաղկաձոր ժամանել են Հայաստանի 10 մարզերից, Երեւանից եւ Արցախից 144 ընտանիքներ, որոնք ներկայացնում են չորս տարիքային խմբեր եւ մրցելու են յոթ մարզաձեւերից: Դրանք այն ընտանիքներն են, որոնք հաղթող են ճանաչվել փուլային մրցումներում: Այս տարի ավագ տարիքային երկու խմբերում ավելացել է եւս մեկ մարզաձեւ՝ օդաճնշիչ հրացանով հրաձգությունը:
Վաղվանից՝ հուլիսի 23-ից, այս մրցույթի պատմության մեջ առաջին անգամ նշածս ընտանիքներին միանում են նաեւ հաշմանդամ ունեցող 17 ընտանիքներ, որոնք զուգահեռ մրցելու են վեց մրցաձեւից՝ ուժեղագույններին որոշելու համար: Հուլիսի 27-ին այստեղ՝ Ծաղկաձորի մարզաբազայում կկայանա հանրապետությունում ամենամասսայական մարզական միջոցառման պարգեւատրման եւ փակման արարողությունը, որին անձամբ մասնակցելու է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Նա պարգեւատրելու է բոլոր հաղթողներին՝ չորս տարիքային խմբերի 1-ից 3-րդ տեղեր գրավողներին, յոթ մարզաձեւերի լավագույն եռյակները կազմած ընտանիքներին եւ, ինչպես արդեն նշեցի, առաջին անգամ նաեւ հաշմանդամ ունեցող ընտանիքների 1-3-րդ տեղերն զբաղեցրած եւ վեց մարզաձեւերում մրցանակային եռյակները կազմած ընտանիքներին: Այսինքն, արդեն 11-րդ անգամ անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի եզրափակիչ փուլը բոլոր առումներով լինելու է աննախադեպ: Մենք մեր գործունեության մեջ բազմիցս նշել ենք հաշմանդամներին հավասար հնարավորություններ ընձեռելու եւ ապահովելու անհրաժեշտության մասին: Անցած տարի այս մրցույթի եզրափակիչ փուլի ժամանակ էլ նախագահն ուղղակի հանձնարարեց կազմակերպիչներին, որ այս տարվանից ամենամասսայական մարզական այս միջոցառման մեջ ներգրավվեն Հայաստանում եւ Արցախում բնակվող հաշմանդամ ունեցող ընտանիքները, որոնք մեր հասարակության լիարժեք մասն են կազմում»:
Հարցին, թե որքա՞ն է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի ընդհանուր բյուջեն եւ այն ինչես է բաշխվել, պարոն Ասրյանը պատասխանեց. «155 միլիոն 840 հազար 800 դրամ ընդհանուր ֆոնդի 108 միլիոնից ավելին հատկացվել է դրամական պարգեւներին, ներառյալ՝ 1-ին, 2-րդ փուլերը եւ եզրափակիչը, իսկ գումարի մյուս մասը տրամադրվել է կազմակերպչական աշխատանքներին՝ 161 (սովորական 144 եւ 17 հաշմանդամ ունեցող) ընտանիքների, մրցավարների, սպասարկող անձնակազմի եւ այլն, ճանապարհի, Ծաղկաձորի մարզահամալիրում գիշերելու, սննդի եւ այլ խնդիրները հոգալուն: Օգտվելով առիթից՝ բոլորին հուլիսի 27-ին հրավիրում եմ Ծաղկաձորի մարզահամալիրի մարզադաշտ՝ ականատես լինելու Հայաստանում եւ Արցախում անցկացվող ամենամասսայական այս միջոցառման եզրափակիչ փուլի պայքարին եւ պարգեւատրման արարողությանը»:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
22.07.2014