Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ բլոգոլորտում են հոգեւորականները

Հուլիս 23,2014 13:30

Զրույց «Սարկավագագիրք» բլոգի հեղինակ տեր Հուսիկի հետ

Սարկավագի բլոգը՝ «Սարկավագագիրքն» (sarkavagagirq.net) արդեն երկար ժամանակ է, ինչ բլոգասերների ուշադրության կենտրոնում է: Բլոգ-կայքում կարելի է գտնել հոգեւոր-եկեղեցական հոդվածներից մինչեւ սուրբգրային մեկնություններ, թարգմանություններ, առակներ, հոգեւոր-գեղարվեստական ստեղծագործություններ եւ էլի շատ ու շատ հետաքրքիր տեղեկություններ՝ հոգեւոր կյանքի վերաբերյալ:

Բլոգի հեղինակ տեր Հուսիկ քահանա Սարգսյանը հաճախ է շփվում ընթերցողների հետ, որպես հոգեւորական պատասխանում հուզող հարցերին, օգնում խորհուրդներով:

-Տեր Հայր, ցավոք, մարդիկ ձգվում են դեպի աթեիզմը՝ հենվելով գիտական ինչ-ինչ փաստերի վրա: Ինչպե՞ս զարգացման այս արագ փոթորիկում պահպանել ու չկորցնել հավատքը:

-Եթե կարելի է, խոսքս առակով սկսեմ: Իմաստունի մոտ գալիս են 10 հոգի եւ խնդրում 10 ապացույց բերել, որ Աստված կա: Մարդը անհերքելի 10 փաստ է ներկայացնում: Հաջորդիվ գալիս են եւս 10 հոգի եւ խնդրում 10 հիմնավորում բերել, որ Աստված չկա: Նորից՝ 10 սպառիչ պատասխան: Իմաստունի աշակերտները տարակուսանքի մեջ են ընկնում. «Իմաստուն, հիմա Աստված կա՞, թե՞ չկա»,- հարցնում են: «Բանն այն է, որ հարցնողներից եւ ոչ ոք, – պատասխանում է իմաստունը,- չէր եկել այստեղ ճշմարտությունը իմանալու. նրանք պարզապես ուզում էին լսել իրենց գաղափարների ու պնդումների հիմնավորումը»: Հավատացյալներ, թերահավատներ, աթեիստներ եղել են բոլոր ժամանակներում եւ չեմ կարծում, թե դրանց տոկոսային ավել կամ պակաս հարաբերությունը հնարավոր է հաշվել: Հավատացյալ չլինելու կամ աթեիստ լինելու համար պարտադիր չէ գիտական ինչ-ինչ նվաճումների սպասել. ըստ առակի տրամաբանության՝ եթե մարդիկ չեն ուզում հավատալ, նրանք կգտնեն չհավատալու պատճառներ, բայց այդ պատճառները սոսկ սկզբունքայնության արդյունք կլինեն, ճշմարտությունից խույս տալու նպատակ: Քրիստոս ասում է, որ եթե մարդիկ ճանաչեն ճշմարտությունը, ճշմարտությունը նրանց կազատի (Հովհ. 8:32): Որպես հոգեւորական վստահ եմ, որ ճշմարտությունը Աստծո մեջ է (հավատքն ինքնին ճշմարտությունը Աստծո մեջ փնտրելու եւ գտնելու հարանորոգ գործընթաց է), բայց Աստծո մեջ ճշմարտություն փնտրելը երբեք չի նշանակում գիտական առողջ ու տրամաբանված նվաճումները ուրանալ եւ մերժել. սա թյուր կարծիք է եւ, ցավոք, բավական արմատավորված «խորհրդային պրոպագանդայի» արդյունքում: Ցավոք, լուսավոր ու գիտական այս դարում էլ, մարդիկ դեռ սովետականացված մոտեցումներ ու գաղափարներ ունեն: Գալիլեյի եւ Կոպեռնիկոսի ժամանակներում չենք ապրում, փա՜ռք Աստծուն: Երբ որ ազատ լինենք այս եւ նման կաղապարներից, կտեսնենք, որ քրիստոնեական կրոնը եւ գիտությունն ավելի համերաշխ են ընթանում երկխոսության մեջ, քան հակառակության:

-Շատերի մոտ կարծրատիպ կա. եթե հոգեւորական ես, ուրեմն անհասանելի պետք է լինես մարդկանց ու աշխարհի համար: Կարող է տարօրինակ թվալ, երբ հոգեւորականն էլ է Չեխով ու Ցվեյգ ընթերցում, Շոպեն ու Բիթլզ լսում, հետաքրքրվում սպորտով եւ այլն…Հիմա էլ՝ բլոգ: Վատ արձագանքներ չկա՞ն:

-Այո՛, կարծրատիպը կա, բայց որքանով ես եմ նկատում, վերջին շրջանում սառույցը հալվում է: Իրականում, կան հոգեւորականներ, որոնք հենց կոչում ունեն վանքերում փակվելու, իրենց հոգեւոր-գիտական գործունեությանը նվիրելու, աղոթելու եւ իրենց իսկ հաստատած ուխտի համաձայն՝ հեռու մնալու աշխարհական վայելքներից: Այդ հոգեւորականներին հիմնականում անվանում ենք կուսակրոններ: Իսկ ժողովրդի մեջ լինելու, միշտ հասանելի լինելու հասարակական հոգեւոր գործունեություն ծավալելու պատասխանատվությունն ավանդորեն մնում է ամուսնացյալ հոգեւորականներին: Այսօր, ինչ խոսք, այս գործառույթները փոքր-ինչ խախտված են, քանի որ հոգեւորականության թվի հսկայական պակաս ունենք: Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր հոգեւորական, լինի կուսակրոն, թե աշխարհական, յուրովի է ձեռնարկում կամ պաշտոնապես ստանձնում հոտ-հովիվ փոխհարաբերության կազմակերպումը: Հոգեւորականն էլ մարդ է եւ ունի ճաշակ ու նախասիրություններ, ըստ ճաշակի լսում է թե՛ ռոք, թե՛ ջազ, թե՛ դասական ու հոգեւոր երաժշտություն: Ես ճանաչում եմ հոգեւորականների, որոնք իրենց ընկերների կամ հավատացյալների հետ ֆուտբոլ են խաղում, միասին համերգների ու ներկայացումների են գնում, մասնակցում են գրական քննարկումների… Իսկ ինչո՞ւ ոչ: Եթե հոգեւորականը նախաձեռնում կամ մասնակցում է ոչ հոգեւոր միջոցառումների եւ դրանով մեղքի ու անհավատության քարոզ չի անում, ապա սա սկիզբն է մարդուն դեպի եկեղեցի, դեպի Քրիստոս բերելու ճանապարհի:

-Ներկայիս դրությամբ համացանցը գաղափար տարածելու հզոր գործիք է հանդիսանում: Ինչպե՞ս կարելի է այն ճիշտ օգտագործել՝ հավատք, քրիստոնեություն քարոզելու համար:

-Համացանցային քարոզչության առաջին պայմանը պետք է լինի մարդկանց համացանցում չբանտարկելը, որպեսզի հանկարծ կատակով ասած՝ «համացանցային եկեղեցի» չձեւավորվի (չնայած որոշ աղանդա-դենոմինացիոն շարժումներ արդեն ունեն այս տխրահռչակ փորձառությունը): Համացանցը պետք է ցուցատախտակ լինի, որպեսզի անցվոր մարդու (հավատացյալ, անհավատ, թե այլահավատ) ուշադրությունը գրավելով ցույց տա դեպի եկեղեցի, դեպի «Աստվածաշնչի» ընթերցանություն, դեպի աղոթք ու հոգեւորական տանող ճիշտ ճանապարհը, դեպի Աստված առաջնորդող ճանապարհը: Հավատքը մեռած, դոգմատիկ կրոնամոլությունը չէ, հավատքը կյանք է, հավատքը քրիստոնյային շարժող ու առաջնորդող ուժականություն է՝ անբաժան հույսից ու սիրուց. այս ամենը համացանցում ըստ ամենայնի դրսեւորելը, միանշանակ, անհնար է, ուստի բլոգը եւ համացանցը միայն միջոցներ են, բայց ոչ երբեք՝ նպատակ: Չորս տարի առաջ, երբ բլոգի աշխատանքներն ակտիվացան, համացանցում հոգեւոր բովանդակության ընդամենը 4-5 բլոգ կար, եւ ասելիքը, անշուշտ, բավական շատ էր: Ասելիքի մեծ մասը, անշուշտ, 4 տարվա ընթացքում բարձրաձայնվեց, բայց եւ այսօր կայքերի ու բլոգների թիվը մի քանի տասնյակ է, գումարած միկրոբլոգները եւ սոցցանցային խմբերը: Ուստի ոչ թե ասելիք չկա, այլ ասելիքի մեջ չկրկնվելու, ուրիշներին չկրկնօրինակելու կարիքը կա: Սրան էլ եթե գումարեմ հանապազօրյա մեգապոլիսային ծառայությունս որպես հոգեւոր հովիվ, ուժերի բավական լարում եւ ժամանակ է հարկավոր նոր գաղափարների իրականացման համար: Սկզբունքորեն «Սարկավագագիրքը» հայկական հոգեւոր բլոգների շարքում բացառիկներից է եղել, քանի որ նյութերի 90 եւ ավելի տոկոսը մշակել եւ մատուցել է ինքնուրույն, առանց «գուգլային պատճենումների»:

Զրուցեց ՍՅՈՒՆԵ ՍԵՎԱԴԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031