Ըստ թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի,
թատրոնը պահանջ ունի ոչ թե ուսուցիչների, այլ աշակերտների
Երեւանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը 2015թ. կդառնա 80 տարեկան: Վերջին 15 տարիներին ռեժիսոր, թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի օրոք այս մշակութային օջախը մասնակցել է միջազգային ավելի քան 50 փառատոների՝ Հնդկաստանից մինչեւ ԱՄՆ: Եվ ամեն անգամ բարձր գնահատականի արժանանալով միջազգային հեղինակավոր հանձնախմբերի կողմից՝ թատրոնը մշտապես վերադարձել է դափնիներով: Բացառություն չէր վերջերս ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Վենիս քաղաքում «World Fest 2014» փառատոնում հայկական թատրոնի նվաճած միանգամից 4 գլխավոր մրցանակները՝ «Լավագույն ներկայացում», «Լավագույն վիզուալ ձեւավորում», «Լավագույն ձայնային ձեւավորում» եւ թատերագետների սահմանած «Լավագույն օրիգինալ ներկայացում»:
«Առավոտի» հետ զրույցում Ռուբեն Բաբայանը նախ նշեց. «Շուրջ մեկ տարի տեւած բանակցությունների արդյունքում հրավիրվեցինք փառատոնի, ընդ որում՝ կազմակերպիչները հոգացել էին բոլոր ծախսերը, Հայաստանի կողմից էլ մեր նախարարությունն էր հոգ տարել վիզաների համար, որն, ի դեպ, փոքր գումար չէ»: Հետո էլ ասաց, թե Վենիսում ավանդաբար անցկացվող այդ փառատոնում ժանրային սահմանափակում չկա եւ միակ տիկնիկայինը ներկայացրել են իրենք՝ բացելով միջոցառումը: Հայ տիկնիկավարները ներկայացրել են Գաբրիել Գարսիա Մարկեսի «Թեւավորը» ներկայացումը (ռեժիսոր՝ Զարուհի Անտոնյան, նկարիչ՝ Ալինա Ալեքսանյան): Մեր զրուցակիցը հայտնեց նաեւ, որ փառատոնին մասնակցել է 14 երկիր, այդ թվում՝ Կանադան, Գերմանիան, Նոր Զելանդիան, Ավստրալիան, Իտալիան, Արգենտինան, Լատվիան եւ այլն:
Դիտարկմանը՝ միջազգային տարբեր միջոցառումներում ամեն անգամ հավանաբար ինչ-որ մի բան տպավորվում է կամ գուցե նոր բան եք սովորում, պարոն Բաբայանը պատասխանեց. «Փառատոնում հետաքրքիր էր արգենտինացիների ներկայացումը, որտեղ համադրված էին մնջախաղի, պլաստիկ դրամայի, տիկնիկային եւ ստվերների թատրոնների տարրեր: Հուզիչ եւ ոգեւորող էր ԱՄՆ-ի աուտիզմ ունեցող դերասաններից կազմված թատերախմբի ելույթը. բեմում դերասաններ էին, որոնք «աշխատում» էին իրենց բժիշկների, հոգեբանների, ռեժիսորի եւ հուշարարի հետ՝ զուգորդությամբ: Փայլուն ու լուսավոր ներկայացում էր. այն ոչ թե խղճահարություն, այլ հիացմունք ու հպարտություն առաջացրեց, որ նման մարդիկ, փաստորեն, ե՛ւ իրենք են հաճույք ստանում իրենց ներկայացրած արվեստից, ե՛ւ հանդիսականը: Արվեստի հենց գերագույն խնդիրն էլ սա է՝ երջանիկ եղիր ինքդ եւ այն մատուցիր դիմացինիդ»:
Կարդացեք նաև
Ռուբեն Բաբայանի հետ փոքրիկ ուղեւորություն կատարեցինք դեպի անցած թատերաշրջան: 2013-14թթ. տիկնիկայինում բեմադրվել է 6 ներկայացում՝ մանուկների եւ մեծահասակների համար: Գեղարվեստական ղեկավարն առանձնացրեց Աիդա Սիմոնի խորեոգրաֆիայով «PRO-Շամիրամ» ներկայացումը՝ ըստ Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկի», նշելով, որ իր թատրոնում դա առաջին հաջողված փորձն էր պարային ժանրում, ներկայացումն էլ իրականացված է մոդեռն բալետի սկզբունքով: Գալիք՝ տիկնիկայինի համար հոբելյանական թատերաշրջանի առիթով էլ պարոն Բաբայանն ասաց. «Չեմ ուզում խոսել առաջիկա ծրագրերի մասին, միայն կառանձնացնեմ դրանցից մեկ-երկուսը. նոյեմբերին առաջին անգամ կմասնակցենք Թաիլանդում կայանալիք տիկնիկային արվեստի ամենամեծ փառատոներից մեկին, ապա Գերմանիայում ավանդաբար անցկացվող ու հեղինակություն վայելող մոնոներկայացումների փառատոնի եւ այլն: Թատերարվեստում եթե հասնում ես որոշակի բարձունքի ու դրանով բավարարվում, ապա կարող ես այդ պահից հեռանալ թատրոնից: Հիշեք՝ թատրոնը պահանջ ունի ոչ թե ուսուցիչների, այլ աշակերտների: Ասվածի բացատրությունը տրամաբանական է՝ սովորելն ավելի հետաքրքիր է եւ արդյունավետ, քան սովորեցնելը»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարում` «Թեւավորը» ներկայացումը՝ ամերիկյան «World Fest» փառատոնում
«Առավոտ» օրաթերթ
22.07.2014
Կարծում եմ կարևոր է, որ պարոն Ռուբեն Բաբայանին խորապես հուզել և հպարտություն է առաջացրել ԱՄՆ-ի աուտիզմ ունեցող դերասանների կազմած թատերախումբը :Բայց ցավալի է, որ նույն պարոն Ռուբեն Բաբայանը երբևէ նույն հպարտությամբ կամ ոգևորությամբ չի արձագանքել Հայաստանում ապրող աուտիզմ կամ զարգացման այլ խնդիրներ ունեցող երեխաների մասնակցությամբ արդեն մի քանի անգամ նույն տիկնիկային թատրոնում ներկայացված առաջնախաղերին: Շատ ցավալի է, որ միայն Ամն-ի աուտիզմ ունեցող երեխաների թատերախմբի խաղից հետո է պարոն Ռ.Բաբայանը գիտակցել, որ խնդիրներ ունեցող երեխաները իսկապես կարող են փայլուն ներկայացումներ տալ, որոնք հաճույք են պատճառում:Միգուցե այդ ամենն ավելի շուտ գիտակցելու, հասկանալու և արժևորելու համար կարելի էր պարզապես ներկա գտնվել նույն Երեւանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում շուրջ 3 տարի իր առաջնախաղերով հանդես եկող Մանկական Զարգացման Հիմնադրամի Մենք ենք ներառական թատերախմբի ներկայացումներին? Թեև անգամ սպասասրահից դուրս լսվող բրավոներն ու կեցցեք-ները արդեն պետք է որ հուշեին, որ իսկապես փայլուն ներկայացումներ են տրվում այն ներառական թատրոնի սաների կողմից, ովքեր կարող են ոչ պակաս հուզել ու ոչ պակաս փայլել,ցավալի է, որ նկատում ու գովերգում ենք ուրիշինը, հեռվում գտնվողը, իսկ նրանց, ովքեր մեր կողքին են՝ չենք գնահատում, չենք կարևորում, չենք նկատում, անտեսում ենք…Ու էլի մի շարք ցավալի փաստեր՝տողատակերում: Ափսոս, հազար ափսոս:
Բռավո լսելը դեռ ոչինչ չի նշանակում, Ալինա…
Ծանոթ չեմ Ձեր արժեհամակարգին, Մանե, և չեմ կարող ասել, թե Ձեզ համար ինչն է նշանակալի, ինչը՝ ոչ, բայց անձամբ իմ և իմ գործընկերների համար մեծ նշանակություն ունի այն բրավոն, որին արժանանում է զարգացման այս կամ այն խնդիրը հաղթահարելու փորձ անող և բեմում իրեն գերազանց դրսևորող երեխան:Միգուցե Ձեզ համար բրավո լսելը ոչինչ չի նշանակում, ինչպես և կարևոր չէ բրավո ասելը, բայց դա ընդամենը Ձեր կարծիքն է…
Ի դեպ, Մանե, դատողություններ անելուց առաջ Ձեզ ևս չէր խանգարի ներկա լինել այդ ներկայացումներից որևէ մեկին, և նոր միայն որոշել, բրավո լսելը որևէ նշանակություն ունի թե՝ոչ: