Լրահոս
Օրվա լրահոսը

6-ամյա Դանիելը դատարանի վճռով հնարավոր է՝ տարվա մեջ 9 ամիս չապրի հոր հետ

Հուլիս 23,2014 13:45

Դանիելի հայրը` Դավիթ Հակոբյանը, դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան

6-ամյա Դանիել Հակոբյանն արդեն երրորդ տարին է` ապրում է հոր` Դավիթ Հակոբյանի միանձնյա խնամքի ներքո: Դավթի կնոջ դավաճանությունից հետո նորաստեղծ ընտանիքի կյանքում շատ բան փոխվեց: Դավթի խոսքերով՝ դավաճանությունն ու երեխայի հանդեպ անտարբեր վերաբերմունքը, նրա ներկայությամբ խմելը, ծխելը իրեն ստիպեցին դիմել դատարան՝ երեխայի մորը ծնողական իրավունքից զրկելու պահանջով: Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը մի քանի տարի առաջ կայացրած դատական ակտով մերժել էր հոր պահանջը, սակայն երեխայի խնամքը թողել էր Դավիթ Հակոբյանին, երեխայի բնակության վայրն էլ որոշեց հոր բնակության վայրով: Բերված վերաքննիչ բողոքը մասնակի բավարարվեց: Արդյունքում գործը ուղարկվեց նոր քննության՝ պարզելու երեխայի կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրի հետ: Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը, դատավոր Վարդուհի Հովնանյանի նախագահությամբ, վերաքննիչ դատարանի պահանջով նշանակեց դատահոգեբանական փորձաքննություն:

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ից մի քանի ամիս հետո ստացված արդյունքներով պարզվեց, որ Դանիել Հակոբյանը կապված է առավելապես հոր հետ, մոր հետ հուզական կապ չի բացահայտվել:

Չնայած դրան՝ վերջերս իր կայացրած վճռով 6-ամյա Դանիել Հակոբյանի բնակության վայրը օրացուցային տարվա մի մասը՝ սեպտեմբերի 1-ից մինչեւ մայիսի 31-ը ներառյալ, որոշել է մոր մոտ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, իսկ հունիսի 1-ից մինչեւ օգոստոսի 31-ը ներառյալ՝ հոր` Դավիթ Հակոբյանի մոտ, Վանաձորում: Երեխայի հայրը համաձայն չէ կայացված վճռի հետ: Նա պնդում է, որ դատարանը կայացրել է ապօրինի եւ անտրամաբանական վճիռ: «Աբսուրդ վճիռ է: Դատավոր Հովնանյանը իր իսկ իրականացրած քայլերի տրամաբանությանը հակասող վճիռ կայացրեց: 9 ամիս մոր մոտ թողնելը նույնն է, ինչ ողջ տարին, այն էլ՝ ԼՂՀ-ում: Եթե դու նշանակում ես փորձաքննություն, որ տեսնես` երեխան ծնողներից ում հետ է կապված, որ ըստ դրա կողմնորոշվես ու որոշես, թե խնամքը ում թողնես ու ստանում ես փորձագետի եզրակացություն, որ հոր հետ է կապված, բայց վճիռ ես կայացնում` խնամքը թողնելով մորը, դա արդեն իսկ քայլերիդ տրամաբանությանը հակասող վճիռ է»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Դավիթ Հակոբյանը: Ըստ նրա, ցանկացած տրամաբանական մտածող մարդ նման վճռի հիմքում երկու հանգամանք կարող է տեսնել: «Կամ դու չես համապատասխանում քո զբաղեցրած պաշտոնին, կոմպետենտ չես, առաջնորդվում ես մայրական բնազդներով, էմոցիաներով, կամ նայում ես դատարանում ինչ-որ մեկի լացուկոծին, կամ գոյություն ունեն այլ շարժառիթներ՝ այդ թվում՝ կոռուպցիոն ռիսկը»,- կարծում է Դավիթ Հակոբյանը:

Նա հավելում է, որ վճռի հիմքում բացարձակ բացակայում է դատավորի սեփական մտածողությունը, սեփական դիրքորոշումը. «Վճռի մեջ բացակայում էր հոգածությունը, որովհետեւ դատավորն ընդամենը արտատպել էր Վանաձոր համայնքի խնամակալության եւ հոգաբարձության մարմնի կարծիքը, թե երեխային պետք է երեք ամիս թողնել հոր մոտ, 9 ամիս` մոր: Այդ եզրակացությունը տրվել է 2011-ին, երբ որպես երրորդ կողմ ներգրավվեց հոգաբարձուների հանձնաժողովը»:

Նա նկատում է, որ եթե երեխային այդ վճռով ուղարկեն այստեղից ավելի քան 600 կմ հեռու, այն դեպքում, երբ երեք տարի է` ինքն է զբաղվում երեխայի խնամքով, դա կարող է լուրջ հոգեբանական խնդիրներ առաջացնել փոքրիկ Դանիելի մոտ:

«Երեխայի մայրը այսքան ժամանակ միայն դատական նիստերի ընթացքում է ցանկություն հայտնում նրան տեսակցելու: 3 տարվա մեջ նույնիսկ ծննդին չի եկել, չի զանգում, չի շփվում երեխայի հետ: Ես դատարանում էլ եմ բազմիցս նշել, որ ինձ պետք է, որ իմ երեխան ինձ մոտ լինի, նրա խնամքով, դաստիարակությամբ ես զբաղվեմ, որովհետեւ ամուսնալուծության պատճառներից ելնելով՝ նրա անվտանգությունը, առողջությունը, իրավունքների պաշտպանությունը եւ այլն, կարող եմ ապահովել ես: Եթե մայրը լիներ այնքան լավ մարդ, որ ես վստահ լինեի, որ նրա մոտ թողնելով՝ երեխու համար շատ լավ կլիներ, ես նույնիսկ դատարան չէի դիմի: Ես խոչընդոտ, արգելք չեմ եղել, որ նրանք շփվեն, եղել է նույնիսկ ասել եմ` եթե քո ֆինանսները չեն հերիքում գալ Վանաձոր, ինձ կարող ես ասել, ես այդ փողն էլ կտամ: Երեխան էլ բացարձակ անտարբեր է մոր նկատմամբ: Նման վճիռը ռիսկեր է պարունակում: Դու գույքի մասին չես վճիռ կայացնում, այլ երեխայի: Երեխան փորձադաշտ չէ, որ ասենք՝ բեր փորձենք, ուղարկենք, տեսնենք կկապվի՞, թե՞ չէ: Նա դրանից կարող է հոգեբանական տրավմա ստանալ»,- բացատրում է երեխայի հայրը:
Դատարանի վճռի դեմ Դավիթ Հակոբյանը բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ պահանջելով բեկանել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը, փոփոխել այն, կայացնել գործը ըստ էության լուծող դատական ակտ, երեխայի խնամքը եւ բնակության վայրը թողնել իր մոտ: Հուլիսի 24-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, դատավոր Ամրահի Պետրոսյանի նախագահությամբ, քննելու է բողոքը:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Վանաձոր

«Առավոտ» օրաթերթ
22.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031