Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Չեմ հավատում

Հուլիս 23,2014 14:20

Չգիտեմ՝ այսքան հարցաշատ ամառ չեմ էլ հիշում: Պատասխանեք, խնդրեմ: Ինչո՞ւ ձերբակալեցին հայազգի գործարարին: Ինչո՞ւ մեզ չեն ընդունում Եվրամիություն: Արդյո՞ք դիվերսանտներ են մտել հայերի կողմից վերահսկվող տարածքները: Արդյո՞ք դերասանը, որի բուժման համար մարդիկ փող են հավաքել, այլ նպատակներով չի օգտագործել այդ գումարները: Ինչո՞ւ Բրազիլիան խայտառակ պարտություններ կրեց իր սեփական դաշտում: Էլ չեմ ասում Սիբիրում առաջացած սեւ խոռոչի մասին: Բացատրություններ ու հիմնավորումներ՝ որքան ուզեք: Բայց դրանք անմիջապես փշրվում են, երբ բախվում են անհավատության կարծր պատին: «Չե՛մ հավատում»:

Այս գիշեր դուրս եկեք, նայեք հեռավոր լուսնին ու աչքով արեք նրան: Եթե, իհարկե, հավատում եք, որ ուղիղ 45 տարի առաջ՝ 1969-ի հուլիսին Նեյլ Արմսթրոնգն առաջին անգամ ոտք դրեց լուսնի վրա:

Ողջ աշխարհի մասին չեմ կարող ասել, բայց ամերիկացիների 6 տոկոսը չի հավատում: Այսինքն՝ միայն Միացյալ Նահանգներում ավելի քան 20 միլիոն մարդ հավատացած է, որ իշխանություններն ամեն ինչ կեղծել են, որպեսզի ապացուցեն, թե Սովետից առաջ են անցել: Վայրէջքն էլ, բնականաբար, բեմադրել են Հոլիվուդի բարձունքներում, իսկ ավելի հավանական է՝ «51-րդ հատված» կոչվող տարածքում, Լաս Վեգասից 150 մղոն հեռավորության վրա գտնվող ռազմակայանում, որտեղ բերվում են այլմոլորակայինների կործանված տիեզերանավերի բեկորները, եւ ամերիկացի գիտնականները հույժ գաղտնի պայմաններում դրանց հիման վրա նոր տեխնոլոգիաներ են մշակում: Այդ «51-րդ հատվածի» մասին մարդկանց պատկերացումներն, ի դեպ, «Թայմ» հանդեսն ընդգրկել է աշխարհում շրջանառվող ամենահայտնի 10 դավադրության տեսությունների ցանկում:
Նայեք այն դրոշին, որը տիեզերագնաց Բազ Օլդրինն ամրացնում է լուսնի մակերեսին՝ ամերիկյան դրոշը ծածանվում է: Ինչպե՞ս կարող է դրոշը ծածանվել, եթե երեխային էլ հայտնի է, որ լուսինը մթնոլորտ չունի:

Լավ, Նեյլ Արմսթրոնգը վերջերս մահացավ, բայց Բազ Օլդրինը հո ողջ է… Պատկերացրեք այդ մարդու վիճակը՝ ապրել մի երկրում, որի բնակչության մի զգալի մասը պարզապես չի հավատում, որ դու եղել ես լուսնի վրա, համոզված է, որ դու գաղտնի գործարքի մեջ ես մտել իշխանությունների հետ եւ դերասանություն ես արել…

Ավելին՝ պատկերացրեք Փոլ ՄքՔարթնիի վիճակը: Բիթլոմանների մի զգալի մասը չի հավատում, որ Փոլ ՄքՔարթնին ողջ է: Նրանք հավատացած են, որ այդ մարդը մահացել է 1966 թվականին՝ դժբախտ պատահարից, իսկ հայտնի խմբի մյուս անդամները, բնականաբար, դա կոծկել են, նրա փոխարեն հրավիրել են մեկ այլ երաժշտի, որին էլ 1997 թվականին թագուհի Էլիզաբեթ առաջինն ասպետի կոչում է շնորհել:

Ապացո՞ւյց: Վերցրեք Ջոն Լենոնի հայտնի երգը՝ «A Day of the Life»: Այնտեղ կան այսպիսի առեղծվածային բառեր, որոնք առաջին հայացքից ՄքՔարթնիի հետ կապ չունեն, բայց որոնց վրա մինչեւ հիմա գլուխ են կոտրում «Բիթլզի» սիրահարները՝ «He blew his mind out in a car…»: Ի՞նչ է սա նշանակում՝ իրոք ինքնասպանությո՞ւն է գործել՝ մեքենայում կրակելով իր իսկ գլխին, թե՞ փոխաբերական իմաստով է ասված՝ թմրանյութ է օգտագործել եւ չի տեսել, թե ինչպես է լուսաֆորի լույսը փոխվել: Բայց բոլոր դեպքերում՝ փորձեք երգի այդ հատվածը հետ պտտեցնել եւ հստակ կլսեք՝ «Paul is dead, miss him, miss him…»: Այսինքն՝ Լենոնը ակնարկում է, որ Փոլն այլեւս չկա… Համենայնդեպս, նրանց, ովքեր հավատում են, որ ՄքՔարթնին իրականում դեռ մոտ 50 տարի առաջ է կյանքից հեռացել, երբեք չեք կարող հակառակն ապացուցել:

Իմ կարծիքով, դավադրության տեսությունները որոշ մարդկանց համար իրենց գերազանցության հավաստիքն են՝ դուք բոլորդ միամիտ եք եւ դյուրահավատ, ձեզ հեշտությամբ կարելի է մատի շուրջ ֆռռացնել, մանիպուլյացիայի ենթարկել, իսկ ես ուժեղ եմ հենց նրանով, որ կյանքիս անփոփոխ կարգախոսն է՝ «Չե՛մ հավատում»: Չե՛մ հավատում, որովհետեւ հենց խելոք մարդիկ են ասել՝ «Ականջներիդ մի՛ հավատա, իսկ աչքերիդ՝ միայն կիսով չափ»:

Ընդհանրապես, երեւի բոլորովին էլ վատ չէ, երբ մարդիկ միշտ կասկածում են, որովհետեւ հայտնի է՝ հենց կասկածներն են առաջ տանում աշխարհը:

Բայց երբ ասում են, որ Փոլ ՄքՔարթնին Փոլ ՄքՔարթնին չէ, ուզում ես հարցնել՝ բայց մարդը համերգներ է տալիս, երգում է: Վա՞տ է երգում… Եթե լավ է երգում, ինչո՞ւ ինքն ինքը չէ: Կամ եթե ինքն ինքը չէ, բայց լավ է երգում, ի՞նչ նշանակություն ունի՝ ի՞նքն է, թե՞ ինքը չէ: Այ, հենց այստեղ է, որ առաջանում է ընդվզումը՝ ցույց տվեք ինձ իսկական Փոլին, թող ավելի վատ երգի, ոչինչ, բայց իմանամ, որ իսկականն է… Այսինքն՝ ինձ համար ամենակարեւորն է, որ ինձ հիմարի տեղ չդնեն, ճշմարտությունը չթաքցնեն…

Ուզում ես հարցնել՝ իսկ արդյո՞ք ինձ գերագույն հաճույք է պատճառում, երբ ինձնից ինչ-որ բան թաքցնում են: Եկեք բոլորս միասին ոչ մի բանի չհավատանք: Կարո՞ղ եք ընդամենը մի հարցի պատասխանել՝ դրանից իրականությունը կփոխվի՞: Այդ հարցը միշտ տալիս եմ, երբ ինձ փորձում են համոզել, թե այլմոլորակայիններ կան… Եթե ես հավատամ, կամ չհավատամ՝ դրանից գոնե ինչ-որ բան փոխվելո՞ւ է…

ՆԱՍԱ-ն բոլորին կոչ է անում՝ այս օրերին, երբ ուղիղ 45 տարի է անցել այն օրից, երբ մարդն առաջին անգամ ոտք դրեց լուսնի վրա, այդ իրադարձությունը հիշելու եւ նշելու համար անել ընդամենը մի բան. աշխարհի որ ծայրում էլ բնակվելիս լինեք՝ գիշերը դուրս եկեք ձեր բնակարանից, մի պահ նայեք լուսնին եւ… աչքով արեք նրան:

Թող միամիտները դուրս գան: Ես դուրս չեմ գա, ոչ էլ կնայեմ լուսնին՝ չե՛մ հավատում…
Միգուցե հետո, երբ տնեցիները, նույնիսկ կատուն մուշ-մուշ քնած կլինեն, գաղտագողի վեր կկենամ, կմոտենամ պատուհանին, մի կողմ կքաշեմ վարագույրն ու… Չէ, չհասցրի, ինչ-որ մեկն արթնացավ… Երեւի կատուն էր…

ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031