Լրահոս
Օրվա լրահոսը

Թեղուտում ծառերը կտրում են, մասնատում ու կոճղերը թաղելով՝ հետքերը թաքցնում

Հուլիս 23,2014 14:40

«Եթե մինչեւ հիմա ապօրինի ծառահատումը մեր աչքի առաջ էր տեղի ունենում, սակայն հերքում էին, ապա հիմա այդ ապօրինությունը վարպետորեն է կատարվում. հատած ծառերը վերածելով կոճղերի՝ այնպես են թաղում հողի տակ, որոնց տեղն անգամ չի երեւում»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում այսպիսի մտահոգություն հայտնեց «Թեղուտի» հանքի աշխատակիցներից մեկը, որի անունը, հասկանալի պատճառներով, չենք հրապարակում: Մեր զրուցակիցը նաեւ ասաց, որ Թեղուտի շրջակայքում ոսկու եւ ուրանի հանքեր են հայտնաբերվել, որոնք նույնպես Թեղուտի հանքի սեփականատերն աչքի տակ է առել:

«Փրկենք Թեղուտը» քաղաքացիական նախաձեռնության անդամ, իրավաբան Արթուր Գրիգորյանը չի բացառում, որ Թեղուտի հանքը շահագործող «Վալեքս» ընկերությունը կգնա նման քայլի, քանի որ, ըստ նրա, ընկերությունն արդեն բազմաթիվ խախտումներով իր գործերն առաջ է տանում: Արթուր Գրիգորյանի ներկայացմամբ՝ ամերիկյան մի ընկերություն վերագնահատում է իրականացրել եւ պարզել, որ ընկերությունը փորձաքննություն չանցած նախագծով է առաջնորդվում՝ չնայած որ այն միանգամայն նոր նախագիծ է:

«Հաշվետվության մեջ նշված է, որ «Վալեքս» ընկերությունը 2010 թվականին ամբողջությամբ փոխել է նախագիծը եւ նոր նախագծով է աշխատում: Սակայն պարզել ենք, որ հին նախագծից էլ վտանգավոր է նոր նախագիծը, քանի որ ավելի շատ թվով ծառեր պետք է հատվեն: Բայց երբ պետք է լինում, ընկերությունը ներկայացնում է հին՝ փորձաքննություն անցած նախագիծը»,- ասում է Արթուր Գրիգորյանը: Ուստի իրավաբանը չի բացառում, որ այս նոր ծառահատման, կոճղերը թաղելը հենց նոր նախագծի արդյունքն է: Ըստ մեր զրուցակցի՝ Թեղուտի շահագործողները առանց այդ էլ ավելի մեծ թվով ծառեր են հատել, քան նախատեսված էր. «Սակայն այս նոր մեթոդները՝ ծառերը հատելու եւ թաքցնելու, նրանց չի փրկի, քանի որ փաստեր կան, որ այդ ծառերն այդ վայրում եղել են»:

Արթուր Գրիգորյանը նաեւ ասաց, որ ընկերությունը խուսափում է նոր նախագիծը ներկայացնել եւ ամեն առիթով պնդում է, որ այն չի փոխվել. «Հաշվի առնելով, որ համայնքը դեմ է, հասարակությունն արդեն լայն հնարավորություններ ունի անօրինականությունների դեմ պայքարելու, նրանք խուսափում են եւ հին նախագծի անվան տակ իրականացնում են նոր պրոյեկտ, եւ նոր պրոյեկտի կեղտերն էլ պետք է ամեն կերպ թաքցնել՝ սկսած ծառերից, վերջացրած այլ՝ թաքուն գործողություններով, որոնք կամաց-կամաց կբացահայտվեն»:
Արթուր Գրիգորյանը նաեւ հայտնեց, որ Թեղուտին հարակից Ախետք կոչվող վայրում կա ոսկու հանքանյութ, որի արդյունահանման համար այդ տարածքում էլ էին ծառահատումներ նախատեսվում, սակայն բնապահպանների ակտիվ պայքարի արդյունքում նշյալ տարածքի ծառահատումը կանխվել է:

«Դե, տարածքը բազմամետաղներով հարուստ է՝ պղինձ, մոլիբդեն, որոնց հետ անպայման ոսկի կլինի, բայց թե ինչ քանակությամբ՝ պարզ չէ, չեմ կարող ասել»,- ասաց մեր զրուցակիցը:

«Հայաստանի կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանի խոսքերով էլ՝ որ այդ տարածքում նաեւ ուրանի հանք կա, հաստատել է Ռուսաստանի Դաշնությունից այդ վայրում աշխատող մի մասնագետ, որը գործից ազատվել է հենց միայն այն պատճառով, որպեսզի ուրանի հետ աշխատելը չվնասի նրա առողջությանը:

Պարոն Սանասարյանը պարզել է, որ Թեղուտի սեփականատերերը անտառային տարածքների նշանակությունը փոփոխում են, սահմանները խախտում՝ վերածելով բացատի, թփուտների, որպեսզի անզեն աչքով չերեւա իրական ծառահատումների ծավալը: Ըստ բնապահպանի՝ Թեղուտի հանքի պոչամբարի համար, որտեղ հանքարդյունաբերության արդյունքում առաջացած թափոնները պետք է լցվեն, հատվելու է 850-900 հեկտար անտառ: Պոչամբարը տեղակայված է Խառատանոց գետի մոտակայքում:

Նշենք, որ, ըստ Texut.am կայքի, պաշտոնական տվյալներով՝ ավելի քան 357 հա անտառ պետք է հատվի, սակայն անկախ փորձագետները նշում են 1000 հեկտարի մասին: Ըստ բնապահպանների՝ անտառահատման իրական ծավալներն անհայտ են ու չեն վերահսկվում: Եթե այդ կանխատեսվող ծավալներով ծառեր հատվեն, ապա մասնագետները համոզված են, որ այդ տարածքում էկոհամակարգն իսպառ կոչնչանա: Իսկ Թեղուտի ծրագրի վերջնական իրականացման դեպքում կվերանա 200 բուսատեսակ, կաթնասունների՝ 55, թռչունների՝ 86, սողունների՝ 10 եւ երկկենցաղների 4 տեսակներ: Նկատենք, որ այդ տարածքում առկա բուսատեսակներից եւ կենդանատեսակներից շատերը հազվադեպ հանդիպող են եւ գտնվում են ոչնչացման եզրին, իսկ 6 բուսատեսակ եւ 26 կենդանատեսակ ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում: Նույն կայքի տվյալներով՝ հանքարդյունաբերական թափոնը ծրագրով նախատեսվում է կուտակել Դուքանաձորում: Առաջանալու են 500 մլն հեղուկ թունավոր թափոն եւ 600 մլն կարծր այլ տեսակի վտանգավոր թափոններ: Ինչ վերաբերում է տնտեսական վնասներին, ապա բնապահպան-փորձագետները հաշվարկել են եւ պարզել, որ Թեղուտի հանքարդյունաբերական ծրագրից միայն 20 տոկոսն է հարկերի միջոցով անցնելու պետբյուջե՝ որպես շահութահարկ, իբր վճարվելու է նաեւ նորաստեղծ հարկատեսակ՝ ռոյալթի, որն ընդամենը հասույթի 4%-ն է, փաստացի ազգային հարստության մեծ մասը հոսելու է անհայտ մասնավորի գրպանը:
Ըստ բնապահպանների՝ պոչամբարի համար հատկացված անտառային տարածքի 1 քմ-ն գնահատվել է 22.4 դրամ (հանքարդյունաբերական թափոնը լցնելու են գետի կիրճում): Լցակույտերի (դատարկ ապարներ) համար նախատեսված անտառային տարածքի 1 քմ-ն գնահատվել է 7.4 դրամ: Բաց հանքի համար հատկացված տարածքի 1 քմ-ն գնահատվել է 2.8 դրամ (այս տարածքում առաջանալու է 600 մ խորությամբ խոռոչ): Հանքաքարի վերամշակման գործարանի կառուցման համար հատկացված անտառային տարածքի 1 քմ-ն գնահատվել է 1.2 դրամ: Արհեստական լճակի համար հատկացված անտառային տարածքի 1 քմ-ն գնահատվել է 0.8 դրամ: Այգիների 1 քմ-ն գնահատվել է 72 դրամ: Վարելահողերի 1 քմ-ն գնահատվել է 50 ՀՀ դրամ: Խոտհարքի 1քմ-ն էլ՝ 36 դրամ։

Շրջակա միջավայրին հասցվող գումարային վնասը գնահատվել է 2.508 մլրդ ՀՀ դրամ։ Ըստ փորձագետների՝ սրանք ահռելի թերագնահատված ցուցանիշներ են։
Ըստ ընկերության աշխատանքային նախագծի՝ հանքի շահագործման հետեւանքով տնտեսական վնասը գնահատվել է 31 միլիոն 312 530 հազար դրամ, մինչդեռ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկելու դեպքում պատճառվող տնտեսական վնասը կազմում է 7 միլիարդից ավելի դրամ:

Սեփ. լր.

«Առավոտ» օրաթերթ
22.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031