Կողմերին թվում է՝ որքան շատ լուրեր տարածեն, այնքան իրենց օգուտն է
Ընկերներիցս մեկը ճիշտ է նկատել, որ ժամանակակից տեղեկատվական պատերազմներում սպառողներին, օգտատերերին փորձում են ճնշել քանակով: Կողմերը վրա-վրա լուրեր տարածելով՝ հնարավորություն չեն տալիս դրանք ստուգելու: Մի լուրը դեռ «կուլ չտված»՝ հրամցվում է հաջորդը, եւ այդ տեղատարափ լրահոսում, նրանց թվում է, հաղթում է նա, ով ավելի շատ է զբաղեցնելու սպառողների ուշադրությունը:
Վերջին իրադարձությունները, կապված մալայզիական ինքնաթիռի վթարի հետ, դրա ապացույցն են: Այդպիսի դեպքեր բավականին շատ են եղել, նաեւ մեր՝ հայկական իրականության մեջ: Բնականաբար, այս դեպքում էլ ոչ ոք չէր ուզում միջազգային մասշտաբի միջադեպի պատճառ դառնալ՝ տեղի է ունեցել ողբերգական սխալ, պատահականություն, որի հետեւանքով մոտ 300 մարդ է զոհվել: Այլ՝ ավելի խաղաղ պայմաններում որեւէ պետություն կխոստովաներ իր մեղքը, կցավակցեր զոհերի հարազատներին, փոխհատուցում կտար, կպատժեր մեղավորներին:
Բայց, ավաղ, Արեւելյան Ուկրաինայում պատերազմ է գնում, եւ լուրջ կասկածներ կան, որ «Բոինգ-777»-ը կործանողը պետություն չէր, այլ մի խումբ մարդիկ, որոնց կարելի է անվանել արդար ապստամբներ կամ անարդար ահաբեկիչներ՝ դա ոչ մի բան չի փոխում: Մի խոսքով՝ ոչ ոք «վիզ չի առնում» կատարված ողբերգության համար, եւ հենց այդ պատճառով էլ դրա շուրջ ծավալվում է տեղեկատվական պատերազմ:
Կարդացեք նաև
Այս օրերի ընթացքում հարյուրավոր, եթե ոչ հազարավոր պրոֆեսիոնալ եւ ինքնուս «փորձագետներ» իրենց վարկածներն են առաջարկել այս վթարի կապակցությամբ: Ներկայացվել են նաեւ տարաշխարհիկ տարբերակներ՝ սկսած նրանից, որ ինքնաթիռը տեղափոխում էր արդեն իսկ մահացած ուղեւորների, վերջացրած նրանով, թե՝ քանի որ ուղեւորների մեջ կային ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի մասնագետներ, աղետը սարքել է համաշխարհային բժշկական մաֆիան:
Բայց կարեւորն, իհարկե, լուրերը եւ վարկածները հրապարակելու արագությունն է: Օրիակ՝ Ուկրաինայի անվտանգության մարմինները հրապարակել են ձայնագրություն, որտեղ երկու տղամարդիկ, ենթադրաբար՝ ռուսամետ զինյալներ, խոսում են ինքնաթիռի կործանման մասին: Ռուսաստանի անվտանգության մարմինները հանդես են եկել հրապարակմամբ, ըստ որի՝ ձայնագրությունը կեղծ է եւ մոնտաժված է տարբեր խոսակցություններից՝ այլ թեմաներով: Մենք ժամանակ եւ հնարավորություն ունե՞նք ստուգելու, թե այդ պնդումներից որ մեկն է ճիշտ, որը՝ սուտ: Թե՞ նախապես ղեկավարվում ենք մեր կանխակալությամբ եւ արդեն իսկ ձեւավորված մեր համակրանքներով ու հակակրանքներով եւ, հետեւաբար, այդ հոսքից ընտրում ենք միայն այն լուրերը, որոնք հաստատում են մեր կանխակալ վերաբերմունքը:
Բայց վերոհիշյալ «ձայնագրության դրվագն» արդեն իսկ, կարծես թե, մոռացվել է, որովհետեւ փորձագետները, քարոզիչները եւ քաղաքական գործիչնեը խոսում եմ անընդմեջ: Եթե մի լուրը կամ վարկածը հերքվում է, ապա մի քանի վայրկյան անց ի հայտ է գալիս մեկ այլ լուր կամ վարկած, եւ նախորդները քննարկելու ու գնահատելու ժամանակ այլեւս չկա: Եվ կողմերին թվում է, թե որքան շատ իրենց տեսակետը հաստատող տեղեկատվություն «լցնեն» մարդկանց գլխին, այնքան մեծ է իրենց քարոզչական «հաղթանակի» հնարավորությունը:
Ամենահետաքրքիրն, իհարկե, «փորձագետներն» են: Ես չգիտեմ ռուսաստանցի որեւէ «փորձագետի», որը կասի, թե հնարավոր է՝ ինքնաթիռը խփել են իր երկրի զինված ուժերը կամ Դոնեցկի ռուսամետ զինյալները: Ես չգիտեմ արեւմտյան կամ ուկրաինացի որեւէ փորձագետի, որը կասի, թե բացառված չէ, որ մեղավոր է Ուկրաինայի բանակը: Այսքանից հետո նրանց «փորձագիտական վերլուծությունները» նույնպես քարոզչություն են հիշեցնում: Գուցե նրանք իսկական փորձագետներ չե՞ն:
Հայաստանի ներքաղաքական դաշտում նույն մեխանիզմն է գործում, երբ իշխանական եւ ընդդիմադիր քարոզիչները մի սուտը փորձում են ծածկել մեկ այլ ստով: Իհարկե, տարափն իր ինտենսիվությամբ զիջում է «ռուս-ուկրաինականին»: Փոքր հանրապետություն ենք:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
22.07.2014
Իմ կարծիքով, բոլոր ժամանակներում էլ հակամարտությունը գնում է տեղացի ու քոչվոր քաղաքակրթությունների միջեւ: Ամեն մեկի մոտ էլ կա ինքնապահպանման բնազդ: Երբ քոչվորը հաղթում է տեղացուն, տեղացին դառնում է քոչվոր, իսկ քոչվորը՝ տեղացի (երբ տաք ու սառը ջուրը խառնում ես, տաքը սառում է, իսկ սառը՝ տաքանում): Իսկ երբ տեղացին է հաղթում քոչվորին՝ տեղացին ավելի տեղացի է դառնում, իսկ քոչվորը՝ ավելի քոչվոր: Մենք տեղացիներ ենք, դրա համար էլ քաղաքացիները պետք է վերադառնան իրենց քաղաքները, գյուղացիները՝ իրենց գյուղերը: Այն, ինչ մենք այսօր ունենք,՝ դա քոչվորների հաղթանակն է:
Ուկրաինայում պատերազմ է,դա նման է տիեզերական սև անցքի,որը կլանում է ամեն ինչ,մեծ գումարներ,մարդկանց կյանքեր:
«Բոինգ-777»-ը կործանողը հայտնի չի դառնա մոտ ապագայում:Իմ կարծիքով այդ ինքնաթիռը պատահաբար խփել են ապստամբները,որովհետև այդ նույն ուղության վրա եղել է Ուկրաինական ՍՈւ-25 ռազմական օդանավը:Ապստամբներին մինչ այտ հաջողվել էր մի քանի ռազմական օդանավեր վայր գցել,իս հիմա երևի Ուկրաինացիները փորցել էին թաքնվել քաղաքացիական օդանավի ետևում:Եթե այս վարկածը ճիշտ է՝ հետաքրքիր է ում՞ պետք է մեղադրել,նրանց ովքեր պատերազմի ժամանակ թաքնվում են անմեղ քաղաքացիական մարդկանց ետևում,թե՞ նրանց ովքեր կրակում են հակառակորթի ուղությամբ և պատահաբար սպանում անմեղ մարդկանց: