Ըստ Ռուբեն Մեհրաբյանի՝ այսօր նույնիսկ խոսելը «եվրասիական» հորջորջված վելիկոռուսական ֆորմատներին ՀՀ անդամակցության մասին արդեն իսկ տնաքանդություն է:
– Մալայզիական ուղեւորատար ինքնաթիռի կործանումից հետո Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում: Ի՞նչ տեղի ունեցավ հուլիսի 17-ին եւ ինչո՞ւ: Մեր տարածաշրջանում ի՞նչ զարգացումներ կարող են տեղի ունենալ այդ ողբերգության հետեւանքով:
– Մալայզիական «Բոինգի» կործանումով ռուս-ուկրաինական հակամարտությունը, Ռուսաստան-Արեւմուտք հարաբերությունները թեւակոխեցին նոր փուլ: Ճիշտ է, միջազգային հետաքննությունը դեռ առջեւում է, բայց պետք է արձանագրել մի քանի անհերքելի փաստ: Պրոռուսական ահաբեկչական խմբավորումները, որոնք գործում են Ուկրաինայի արեւելքում, եւ ստանում են ռազմական, քաղաքական, նյութական եւ բարոյական աջակցություն Ռուսաստանից, տարփողեցին հենց հուլիսի 17-ին, որ իրենց կողմից խփվել է ուկրաինական Ան-26 ինքնաթիռ, ինչի մասին հաղորդագրությունները բազմաթիվ բացականչական նշաններով տարածվեցին ռուսական առաջատար ԶԼՄ-ներով: Մինչ այդ նույն ռուսական ԶԼՄ-ների միջոցով հաղորդվում էր, որ Դոնբասի գրոհայիններն արդեն զինված են «Բուկ» տեսակի զենիթա-հրթիռային համակարգերով (ԶՀՀ): Բացի դրանից, միջադեպից մի քանի օր առաջ արդեն իսկ ահաբեկիչները կործանեցին ուկրաինական երկու ինքնաթիռ մեծ բարձրության վրա, ինչն անհնարին է իրականացնել շարժական ԶՀՀ-ների միջոցով: Ուկրաինական անվտանգության ծառայությունը հրապարակել է արդեն երեք գաղտնալսված խոսակցություն ահաբեկիչների եւ նրանց՝ ռուսաստանյան հովանավորների միջեւ, որոնք ապացուցում են, որ ՌԴ-ն, այնուամենայնիվ, ունի ուղղակի առնչություն կատարվածի հետ, կատարվածի հետքերը «մաքրելու» հետ, ուստի կրում է քաղաքական եւ բարոյական պատասխանատվություն կատարվածի համար: Եվ այս ընկալումն առկա է արեւմտյան երկրների քաղաքական եւ հասարակական շրջանակներում: Բավական է ծանոթանալ ընդամենը առաջատար մամուլի վերնագրերին. «Պուտինի հրթիռը», «Պուտինը սպանեց որդուս» եւ այլն: Իսկ սա նշանակում է՝ պուտինյան Ռուսաստանն իրեն դնում է նույն հարթության վրա, որտեղ իրենց «պատվավոր» տեղն են զբաղեցնում Քադաֆին եւ բեն Լադենը, եթե շուտափույթ, օրերի ընթացքում արմատական կերպով չփոխի իր քաղաքականությունն Ուկրաինայի հանդեպ: Այս «եթե»-ն էլ խիստ տեսական է, քանզի ես չեմ տեսնում որեւէ նախադրյալ, որ Պուտինի ռեժիմն ընդունակ է հրաժարվելու իր հանցավոր քաղաքականությունից, որը նա որդեգրել է ոչ միայն Ուկրաինայի, այլեւ ողջ հետխորհրդային պետությունների հանդեպ, այդ թվում՝ Հայաստանի: Հավակնություն չունեմ, որ այս հետեւություններն իմն են. այս հետեւություններին վերջին օրերի ընթացքում եկավ ողջ քաղաքակիրթ աշխարհը՝ տեսնելով Պուտինի եւ նրա ռեժիմի պարագլուխների պահվածքը՝ կապված ինքնաթիռի ողբերգական վթարի հետաքննությանը միանշանակորեն խոչընդոտելուն ուղղված քայլերի հետ: Այո, Ռուսաստանն իր ողբերգական պատմության ընթացքում անցել է բազում խռովքների միջով՝ անմռունչ կերպով տանելով եւ հաղթահարելով նույնիսկ մոլագարների մի քանի բռնապետություն, սակայն երբեք Ռուսաստանը չի ղեկավարվել այսպիսի՝ մանր քրեականի հոգեկերտվածքով դեգեներատների բանդայի կողմից: Եվ ո՞ւր է երաշխիքը, որ եթե հանուն «Ռուսական աշխարհի» կառուցման նրանք կարող են մեծն Բուլգակովի «Շան սիրտը» վեպի «հերոս» Շարիկովի նմանակներին զինել «Բուկ» տիպի ԶՀՀ-ներով, ապա չի կարող նույնպիսիններին կամ այլ տեղում նրանց նմաններին զինել, ասենք, միջուկային զենքով, որպեսզի նրանք պայքարեն ընդդեմ, օրինակ, «անբարոյական Արեւմուտքի»: Չկա՛ այլեւս այդպիսի երաշխիք: Եվ դրանով Ռուսաստանը դարձել է քաղաքակիրթ աշխարհին ուղղված թիվ մեկ մարտահրավերը: Այսօր Ազատ Ուկրաինային սատարելը դարձել է յուրաքանչյուր իրեն քաղաքակիրթ համարող մարդու պարտքը եւ առաքելությունը: Իսկ սա չի կարող չանդրադառնալ մեր տարածաշրջանում ուժերի դասավորության վրա, քանի որ Ռուսաստանը, ինչպես Պուտինն ասաց Հայաստան կատարած իր այցի ժամանակ՝ մտադիր է «ընդլայնել իր ներկայությունն Անդրկովկասում»:
Կարդացեք նաև
– Մոսկվայում օրեր առաջ ձերբակալվեց, ապա կալանավորվեց հայ գործարար Լեւոն Հայրապետյանը: Այս առիթով տարբեր մեկնաբանություններ հնչեցին. Դուք հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող քաղաքական դրդապատճառներ տեսնո՞ւմ եք այս հարցում:
– Ռուսաստանում ցանկացած մեծահարուստի ե՛ւ ձերբակալելու, ե՛ւ չձերբակալելու հարցը լուծում է ոչ թե արդարադատության համակարգը՝ համաձայն օրենքի, այլ բարձրագույն քաղաքական իշխանությունը՝ ըստ պահի քաղաքական նպատակահարմարության: Բազմաթիվ են թե՛ շինծու մեղադրանքներով մարդկանց տարիներով բանտերն ուղարկելու, թե՛ ակնհայտ հանցագործությունները կոծկելու դեպքերը: Բավական է հետեւել մամուլի լրահոսին: Ուստի վստահ եմ, որ Լեւոն Հայրապետյանի դեպքում առկա է թե քաղաքական դրդապատճառ, թե առնչություն հայ-ռուսական հարաբերությունների վերջին զարգացումներին: Սակայն, անսալով պարոն Հայրապետյանի մամլո ծառայության՝ դեպքը չքաղաքականացնելու կոչին, առայժմ ձեռնպահ կմնամ ավելին ասելուց: Կավելացնեմ ուղղակի, որ Հայաստանի որոշ պաշտոնյաներ իրենց լիազորությունները շփոթել են Ռուսաստանի գլխավոր դատախազի պարտականությունների հետ՝ առաջ ընկնելով հայտարարելով, թե «Հայրապետյանն օրենք է խախտել»: Եվ կյանքը ցույց կտա՝ սա «քաղաքականության համար խելք պետք չէ» սկզբունքի հերթական առկայծո՞ւմ էր, թե՞ միտումնավոր արված հայտարարություն: Այսօր պետք է ամեն ինչ անել մեր՝ 65-ամյա հայրենակցին ռուսական բանտից ազատելու համար, բանտից մի երկրի, որտեղ ուղղակի սպանեցին քաղաքական դրդապատճառներով ազատազրկված մի շարք հայտնի մարդկանց՝ գործարար Վասիլի Ալեքսանյանին, փաստաբան Սերգեյ Մագնիտսկուն եւ այլն:
– Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսին շոշափեց Հայաստանը դեպի Եվրոպա էներգակիրների տարանցիկ ճանապարհ դարձնելու թեման, նշեց, որ Հայաստանի տարածքով էներգակիրների տարանցման համար անհրաժեշտ է համապատասխան ենթակառուցվածք, եւ եթե ստեղծվի համապատասխան տրամաչափի խողովակաշար, որեւէ խնդիր չկա Հայաստանի միջոցով գազ տարանցելու: Իրանից հնչող այս ազդակներին պաշտոնական Երեւանն ինչպե՞ս պետք է վերաբերվի: Եվ ռուսական գործոնը՝ հնարավո՞ր եք համարում նման նախագծերի իրագործումը առանց Ռուսաստանի համաձայնության:
– Ռուսաստանը դարձել է մեր աղբյուրի գլխին նստած մի հրեշ եւ ուղղակի չորացնում եւ անապատի է վերածում մեր երկիրը: Առավել ակնհայտ սա դրսեւորվում է Հայաստան-Իրան քաղաքական եւ հատկապես՝ տնտեսական հարաբերություններում: Նախ` սկսենք նրանից, թե ի՞նչ գործ ունի, ի՞նչ է «մոռացել» ռուսական զորքը հայ-իրանական սահմանի վրա: Ո՞վ, ո՞ր հայ պաշտոնյան կարող է տալ սրա հոդաբաշխ պատասխանը. ումի՞ց է մեզ այնտեղ «պաշտպանում»: Դրան գումարած՝ Քոչարյան-Օսկանյանի «վագրային» քաղաքականության հետեւանքով Իրանից Հայաստան մտնող խողովակը «բարակեց» եւ դարձավ «Գազպրոմի» սեփականությունը, ինչը թույլ չի տա, որ Հայաստանը դառնա տարանցիկ երկիր Իրանի «մեծ» գազի համար, հատկապես, երբ Հայաստանի՝ արդեն ներկայիս ղեկավարությունը, «Գազպրոմին» վաճառելով մեր վերջին մասնաբաժինը, ռուսական մոնոպոլիստին օժտեց մի այնպիսի լիազորություններով, որպիսին նա չի համարձակվի նույնիսկ երազել որեւէ այլ երկրում: Հետեւաբար Հայաստանին անհրաժեշտ են ուղղակի դրամատիկ քայլեր՝ դառնալու այդ տարանցիկ երկիրը, որպեսզի այդ հնարավորությունը մեզանից չտանեն Թուրքիան եւ Ադրբեջանը: Իսկ դրա համար ուղղակի պետք է քաղաքական կամք՝ «Գազպրոմին» զրկելու մենաշնորհից Հայաստանում: Պետք է ռուսներին մատչելի բացատրել, որ մենք չենք ծնվել «Գազպրոմի» գերին դառնալու համար:
– Անցյալ շաբաթ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը որպես Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի նոր ժամկետ նշեց` այն կարող է ստորագրվել մինչեւ հոկտեմբերի վերջ: Պարոն Մեհրաբյան, Եվրասիական տնտեսական միությանը մեր երկրի անդամակցության տնտեսական-քաղաքական նպատակահարմարության մասին շատ է խոսվել: Հնարավո՞ր եք համարում քաղաքական, հասարակական ուժերի համախմբումը ընդդեմ Եվրասիական միության մեր երկրի անդամակցությանը: Ի՞նչ կարելի է անել այս ուղղությամբ:
– Այսօր Հայաստանի քաղաքացիների, հասարակության, Հայաստանի Հանրապետության թիվ մեկ խնդիրն է խուսափել այնպիսի իրավիճակից, որի արդյունքում մենք կհայտնվենք Պատմության սխալ կողմում՝ ընդդեմ Քաղաքակրթության: Դա կլինի մեր պատմության վերջին աղետը կամ ուղղակի վերջը: Հետեւաբար Հայաստանի քաղաքակրթական վեկտորի ուղղությունը չպիտի կախված լինի նրանից, թե դու որտեղ ես այսօր վաճառում քո ծիրանը կամ տոմատը, նույնիսկ եթե քո կարծիքով՝ քաղաքականության համար «խելք պետք չէ»: Սեպտեմբերի 3-ին բարձրաձայնած չարաբաստիկ որոշման, այնուհետեւ՝ Ուկրաինայի հարցում միջազգային հարթակներում ռուսամետ քվեարկությունների արդյունքում Հայաստանը դարձել է վարկաբեկված պետություն, հասել միջազգային մեկուսացման եզրին: Եթե ի սկզբանե իշխանության այդ որոշմամբ ակնկալվում էր, որ Հայաստան-Ռուսաստան կապերը պիտի խորանան եւ ընդլայնվեն, բարձրանան մեր երկրի անվտանգությունը, մեր կենսամակարդակը եւ այլն, ապա այսօր մենք, դեռ մեկ տարին չբոլորած, տեսնում ենք, որ ստացել ենք միանգամայն հակառակ արդյունքը. ՀՀ-ՌԴ միջպետական հարաբերություններում ունենք ճգնաժամ եւ փոխադարձ անվստահության աննախադեպ աստիճան, մենք տեսնում ենք, թե ինչպես է Ռուսաստանից ժամանած կիսելյովների այդ խաժամուժն ուղղակի ծաղրում մեզ, թքում մեր հոգու մեջ՝ մեր «գիքոր« պաշտոնյաների ներկայությամբ եւ նրանց լռության ֆոնին:
Այսօրվա մեր միջպետական հարաբերություններում իսպառ բացակայում է հարգանքը, մի կողմից՝ կա անասնական վախ, մյուս կողմից՝ գիշատչի ախորժակ վերջին, դեռ մնացած փշրանքներն էլ կուլ տալու: Հայաստանի հազարավոր քաղաքացիներ սա տեսնում ու հասկանում են, եւ ժամանակն է տեսածը եւ հասկացածը վերածել գործողության. մենք իրավունք չունենք թույլ տալու կործանել մեր պետությունը, դարձնելու եւ դառնալու նեոկայսերական խաղերի զոհ, այնպես, ինչպես 1920-21 թվականներին: Եվ հիշենք, որ այդ խաղերի զոհը դարձանք, քանի որ այդպես էլ չգտանք մեր հարեւանների հետ խաղաղ գոյակցության բանաձեւը: Քսան եւ ավելի տարի չկարգավորված մնացած Ղարաբաղյան հակամարտությունը, չկարգավորված հայ-թուրքական հարաբերություններն այն «բռնվելու տեղն» են, որը միշտ թույլ է տալու օտարներին իշխել մեր երկրում եւ հայությանն օգտագործել որպես իր շահերն առաջ տանելու գործիք՝ կրկին թաղելով մեր՝ հազարավոր հայերի արյամբ վաստակած պետականությունը: Բայց չէ՞ որ մենք արդեն դա անցել ենք: Ժամանակն է, որ մենք՝ հայաստանցիներս, ես շեշտում եմ՝ հայաստանցինե՛րս, առաջ քաշենք տարածաշրջանային խաղաղության եւ զարգացման մե՛ր բանաձեւը, այլ ոչ թե միայն «վազենք» ուրիշի նախաձեռնությունների հետեւից, որպեսզի կամ ընդունենք, կամ էլ մերժենք դրանք: Այսօր նույնիսկ խոսելը «եվրասիական» հորջորջված վելիկոռուսական ֆորմատներին ՀՀ անդամակցության մասին արդեն իսկ տնաքանդություն է:
Բարեբախտաբար, միջազգային իրադարձություններն այնպես են զարգանում, որ Հայաստանին տրվում է հնարավորություն մասամբ սրբագրելու գործած ահավոր սխալները, էապես բարձրացնելու իր կշիռն արտաքին քաղաքական թատերաբեմում եւ թոթափելու այս ստորացուցիչ եւ արնաքամ անող ռուսական-կայսերական լուծը, հայաստանցիներիս էլ՝ վերցնելու մեր Ճակատագիրը մե՛ր ձեռքը եւ կերտելու մեր երազած՝ Ազատ եւ Անկախ Հայաստանը՝ մեր եւ մեր երեխաների միա՛կ Հայրենիքը:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
22.07.2014
Ցավալի է, բայց մենք արդեն ԳԱԶՊՐՈՄ-ի գերին ենք…… Մենք չենք ծնվել դրա համար` մեզ գերեվարել են….