Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտության ոլորտում Հայաստանի ցուցանիշներն այնքան էլ ցածր չեն

Հուլիս 22,2014 20:48

Spocus կայքի` 1996-2012 թթ. տվյալներով Հայաստանը գիտության բոլոր բնագավառներում իր զարգացածությամբ 76-րդն է աշխարհի 196 երկրների շարքում, իսկ եթե միայն աստղագիտությունն ենք վերցնում, ապա 31-րդն ենք:

Արևելյան Եվրոպայի երկրների շարքում Հայաստանի ցուցանիշն ավելի բարձր է. 2012 թվականի տվյալներով Հայաստանը 16-րդ տեղում է: Վրաստանն այդ ցուցակում մեզ զիջում է մեկ միավորով, իսկ Ադրբեջանը 18-րդ տեղում է: Այստեղ միայն աստղագիտության բնագավառում Հայաստանը գտնվում է 5-րդ տեղում:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը, որն այս ցուցանիշներն ապշեցուցիչ է համարում այսօրվա պայմաններում. «Գիտությունն այժմ կապված է խոշոր ներդրումների հետ, և միայնակ կամ փոքրիկ խմբերով մեծամասշտաբ նախագծեր իրականացնելն անհնարին է,- ասում է աստղագետը,- գիտնականի բարդ ու ծավալուն աշխատանքը մեծ ծախսեր, ներդրումներ է պահանջում, սակայն գիտնականը Հայաստանում ստանում է շատ չնչին աշխատավարձ (միջինը` 70.000 դրամ): Իհարկե, երբեմն գտնվում են հաջողակ գիտնականներ, որոնք նաև դրամաշնորհներ են ստանում»:

Պարոն Միքայելյանը անդրադարձավ նաև հունիսի 29-ից հուլիսի 4-ը Ժնևում տեղի ունեցած Եվրոպական աստղագիտական ամենամյա համագումարին, որին այս տարի մասնակցել են ավելի քան 500 աստղագետներ աշխարհի 43 երկրներից: Նա մեծ ուրախությամբ հիշեցրեց, որ այսպիսի մեծ ընդգրկմամբ համագումար անցկացվել է նաև Հայաստանում՝ 2007 թվականին:

«Համագումարի շրջանակներում քննարկվեցին աստղագիտական բազմաթիվ հիմնահարցեր,- մանրամասնեց Ա. Միքայելյանը:- Տարբեր համեմատությունների արդյունքում եկանք այն եզրակացության, որ ինչպես քաղաքականության, տնտեսագիտության և այլ բնագավառներում, այնպես էլ գիտության մեջ, ուղղություն ցույց տվողը Եվրոպան և Ամերիկան են, որովհետև, ինչպես արդեն ասացի, գիտությունն այժմ կապված է խոշոր ներդրումների հետ, և համագումարից հետո հերթական անգամ համոզվեցի, որ Հայաստանը միայն համագործակցության դեպքում հնարավորություն ունի առաջ մղելու գիտությունը, որովհետև Հայաստանը հայտնի է որպես գիտության երկիր: Ես միշտ ասել եմ, որ մեր երկրի նման փոքր պետությունն աշխարհում գոյատևելու, իր տեղն ու դերն ունենալու ուրիշ տարբերակ չունի, քան մշակույթն ու գիտությունն են: Ես օբյեկտիվորեն չեմ պատկերացնում, թե տնտեսապես կամ արդյունաբերության ու գյուղատնտեսության ոլորտում ինչպես կարող ենք մրցակցել նույնիսկ ոչ թե հզոր, այլ միջին պետությունների հետ: Բայց միտքն այնպիսի բան է, որ մեկ հոգին կարող է ավելի խելացի բան անել, քան մեկ միլիոն ժողովուրդը: Խոսքը, իհարկե, արդեն ազգային առանձնահատկությունների մասին է, իսկ հայ ազգն ունակ է հենց մտածելու ու գիտական աշխատանքներ կատարելու»:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031