Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապահպանները ինչո՞ւ էլ չեն խոսում «Խաչաղբյուր-2»-ի մասին

Հուլիս 22,2014 20:13

Արդեն 6-7 ամիս է, ինչ շահագործվում է «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ը: Տավուշի մարզի Գետահովիտ համայնքի ղեկավար Արթուր Ղազարյանից տեղեկացանք, որ «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ը գործարկվելուց հետո դրա տերերը համայնքի համար որեւէ բարեգործություն չեն արել: Հիմա չեն լսվում «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի կառուցման դեմ բողոքող բնապահպան ակտիվիստների ձայները, միթե՞ այն այլեւս շրջակա միջավայրին վնաս չի պատճառում: 2014թ. փետրվարի 17-ին Գետահովիտ գյուղում կայացել են «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի շինարարության վերաբերյալ հասարակական լսումներ, որոնք վերաբերում էին ՀԷԿ-ը սնուցող ջրատար խողովակի տրամաչափը 1000 միլիմետրից 1200 մմ դարձնելուն եւ ՓՀԷԿ-ը սնուցող խողովակաշարի երկարությունը 1 կիլոմետրով երկարացնելուն:

Նշենք, որ «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի շինարարությունն իրականացնող «Մեգաէներջի» ՍՊԸ-ն նախկինում կառուցել է Գետահովտի գիշերային լուսավորության ցանց, գյուղին նվիրաբերել է տրակտոր, գյուղի մանկապարտեզի խոհանոցի, ճաշարանի եւ զուգարանի տարածքը նորոգել է: 2012 թվականի մայիս ամսից Գետահովիտ գյուղի տարածքում, «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ կառուցելու նպատակով, առանց համայնքի կողմից տրված շինթույլտվության շինարարական աշխատանքներ են կատարվել: Դրա ընթացքում աշխատել է ծանր տեխնիկա, բազմաթիվ ծառեր են հատվել, հողի շերտի փոփոխություն է եղել: 2012թ. աշնանը Գետահովիտ համայնքի բնակիչների բողոքի արդյունքում դադարեցվեց Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի շինարարությունը: 2012թ. դեկտեմբերին Գետահովտի բնակիչները դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ առանց շինարարական թույլտվության ՓՀԷԿ-ի կառուցման ժամանակ բնությանը պատճառված վնասի համար քրեական գործ հարուցելու համար:

Այդ դիմումը ուղարկվել է Տավուշի մարզի դատախազություն, այնտեղից՝ ոստիկանության Իջեւանի բաժին: Այդ ընթացքում «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի շինարարությունն իրականացնող «Մեգաէնէրջի» ՍՊԸ ղեկավարության կողմից Գետահովիտ համայնքում զանազան ծրագրեր իրականացնելու խոստումներ են տրվել, փոքր ՀԷԿ-ի շինարարությունը վերսկսվել է: 2013թ. հունիսի 3-ին ՓՀԷԿ-ի շինարարությունում աշխատող էքսկավատորի վրա ընկել էր ժայռ, որի հետեւանքով վարորդ, Եղվարդի բնակիչ, 1986թ. ծնված Արտյոմ Խալաթյանը տեղում մահացել է: Սակայն դրա համար որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկել: Գյուղապետին հարցրինք, թե տարիներ շարունակ շահագործվող «Խաչաղբյուր-1» ՓՀԷԿ-ը գյուղի համար որեւէ բարեգործություն կատարե՞լ է: Արթուր Ղազարյանն ասաց, որ նման բան չի արվել: Ըստ մեր տեղեկությունների՝ ««Խաչաղբյուր-1» փոքր ՀԷԿ-ը պատկանում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար, ծագումով Տավուշի մարզի Աչաջուր գյուղից Խաչատուր Քոքոբելյանին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031