Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նոր արագացուցիչը կարևոր նշանակություն կունենա ֆիզիկայի, կենսաբանության և քիմիայի բնագավառներում

Հուլիս 22,2014 17:48

2008 թվականին ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց՝ Հայաստանում «Քենդլ» սինքրոտրոնային լույսի աղբյուրի նախագծի հիման վրա միջազգային կենտրոն ստեղծելու մասին: Եվ միջազգային փորձագետների հետ քննարկումների արդյունքում 2011 թվականին առաջարկվեց «Քենդլ» նախագծի փուլային իրագործում. համեմատաբար փոքր, ինքնուրույն գիտական արժեք ունեցող, արագացուցչային ֆիզիկայի զարգացման ժամանակակից միտումներին համապատասխանող և փորձարարական հետազոտությունների հեռանկարային ուղղություններ զարգացնող ծրագրի իրականացում: Ձևավորվեց «Քենդլ» նախագծի 1-ին փուլի՝ «Արեալ» (AREAL-Advanced Research Electron Accelerator Laboratory) գիտահետազոտական գծային արագացուցչի կառուցման գաղափարը:

Եվ այսօր «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտում տեղի ունեցավ «Արեալ» գծային արագացուցչի բացման արարողությունը:

«Քենդլ» հիմնադրամի գործադիր տնօրեն Վասիլի Ցականովի տեղեկացմամբ՝ ներկայումս հաջողությամբ ավարտված են «Արեալ» արագացուցչի հիմնական համակարգերի փորձարկումները, և իրականացվել է արագացուցչի գործարկման ավարտական փուլի՝ էլեկտրոնների առաջին փնջի ստացումը:

«Արեալ» նախագծի ղեկավար Բագրատ Գրիգորյանն էլ, ծանոթացնելով նոր արագացուցչի հնարավորություններին, ասաց, որ «Արեալը» թույլ է տալիս ստանալ էլեկտրոնային փնջի գերկարճ իմպուլսներ, ինչը, նրա խոսքով, ժամանակակից փնջերի ֆիզիկայի և արագացուցչային տեխնիկայի հեռանկարային բնագավառներից է և գերակա ուղղություն է աշխարհի առաջատար շատ կենտրոնների համար. «Այն հնարավորություն կտա ժամանակակից փորձարարական հետազոտություններ կատարել արագացուցչային տեխնոլոգիաների, կոհերենտ ճառագայթման աղբյուրների և արագ պրոցեսների դինամիկայի ուսումնասիրման ուղղություններով և կարևոր գիտական ու կիրառական նշանակություն կունենա ֆիզիկայի, կենսաբանության, քիմիայի ու նյութագիտության բնագավառների առաջատար փորձարարական հետազոտությունների համար»,- հավելեց նախագծի ղեկավարը:

ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն էլ նշեց, որ «Քենդլ» նախագիծը միջազգային սերտ համագործակցության արդյունք է. «ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի և «Քենդլ» կենտրոնի ջանքերով 2010-2014 թթ. պաշտոնական բանակցություններ են կայացել և համագործակցության հուշագրեր են կնքվել Ֆրանսիայի ատոմային էներգիայի դեպարտամենտի, Գերմանիայի DESY արագացուցչային կենտրոնի, Շվեյցարիայի ազգային արագացուցչային կենտրոնի, «Կուրչատովի ինստիտուտ» ռուսաստանյան ազգային կենտրոնի, Իտալիայի ELETTRA արագացուցչային կենտրոնի և Չինաստանի Շանհայի կիրառական ֆիզիկայի ինստիտուտի (SINAP) հետ: Ինչ վերաբերում է հենց «Արեալ» նախագծին, ապա այն իրագործվել է Գերմանիայի DESY ու Շվեյցարիայի PSI արագացուցչային կենտրոնների հետ սերտ համագործակցությամբ»,- տեղեկացրեց Ս. Հարությունյանը՝ հավելելով, որ նախագծին խորհրդատվական լուրջ ծառայություններ են մատուցել նաև ռուս, չինացի, ամերիկացի, ֆրանսիացի և իտալացի գործընկերները:

Ինչ վերաբերում է մասնագետներին, Գիտության պետական կոմիտեի նախագահը հորդորում է հանգիստ լինել. «Վերջին 3-4 տարում 30 հայ երիտասարդներ են վերապատրաստվել Շվեյցարիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում և Անգլիայում, որոնք կարող են հենց վաղվանից աշխատել: Մենք մարդկային ռեսուրսներով հարուստ ժողովուրդ ենք, մեծ ներուժ ունենք, և այն, որ ասում են՝ մարդ չի մնացել, բոլորը գնացել են, հեքիաթ է, այդպիսի բան չկա: Իմ ասած երիտասարդները դրսում վերապատրաստվել ու վերադարձել են այստեղ: Այնպես որ, մի անհանգստացեք, ամեն ինչ կա, ամեն ինչ կարգին է»,- կարծում է Ս. Հարությունյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031