«Ցավոք, այս ողբերգական դեպքին չհաջորդեց բողոքի ակցիան, ինչպես տեղի ունեցավ «Հարսնաքարի» միջադեպի ժամանակ: Եթե բողոքի ակցիաներ լինեին, արդեն պետք է եղած լինեին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց հասարակական ակտիվիստ Դավիթ Սանասարյանն`արձագանքելով մեր հարցին՝ չի՞ պատրաստվում նախաձեռնությամբ հանդես գալ եւ բողոքի ակցիաներ կազմակերպել`ի պաշտպանություն ծեծով սպանված ազատամարտիկ Վարդան Թումանյանի:
Հուլիսի 13-ին, Նոր Նորքի թիվ 114 մանկապարտեզի բակում ծեծելով ազատամարտիկ է սպանվել: 55-ամյա Վարդան Թումանյանին սպանել են մի քանի հոգի, ովքեր կարատեի եւ այլ մարտարվեստների չեմպիոններ են եւ այժմ Նոր Նորքի «ԷԼԼԱ» գիշերային ակումբում «ախրաննիկ» են աշխատում: Նրանց «կռիշան» դատախազներ են։ Գլխավոր «հերոսը» Գեւորգ Սարգսյանն է, մականունը՝ Ջունգլ, որի հոր հետ հանգուցյալը վեճի է բռնվել, ու տղան էլ կանգնել է հոր թասիբին, իսկ նրան օգնել են բարեկամներ Սարգիսն ու Վիկտորը եւ հայրը՝ Բաբկենը։ Ջունգլը հեռուստաեթերի «աստղ», գուշակ Անահիտի որդին է։
2012 թվականի հունիսի 17-ին, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակիցները բժիշկներին դաժան ծեծի էին ենթարկել` սպորտային հագուստով ռեստորան մտնելու համար:
Արդյունքում, Վահե Ավետյանը մահացավ, ինչն էլ պատճառ դարձավ հասարակական ընդվզման, տարատեսակ բողոքի ակցիաների: Ռուբեն Հայրապետյանը ստիպված եղավ վայր դնել մանդատը: Այդ ակցիաների ակտիվիստներից էր նաեւ Դավիթ Սանասարյանը:
Կարդացեք նաև
Դավիթ Սանասարյանը չգիտի`ինչո՞ւ այն ժամանակ հասարակական ընդվզում եղավ, հիմա`չեղավ: «Խնդիրն այն է, որ Հայաստանում այնքան խնդիրներ են ստեղծված. մեկն այս խնդիրն է կարեւորում, մյուսն`այն, այս իշխանությունները իրենց գործողություններով նմանատիպ տարբեր խնդիրներ են դնում… ռեսուրսի խնդիր գոյություն ունի, կազմակերպվածության… Մի բան կարող եմ ասել, որ քաղաքացիական հասարակության տարբեր ներկայացուցիչներով, տարբեր ձեւաչափերով հանդիպումներ են տեղի ունենում ու փորձում ենք այս խնդիրներին լուծում տալ: Որ հիմա չկա լուրջ արձագանք`դա բոլորիս մեղքն է: Կապ չունի`ազատամարտիկ է սպանվել, թե այլ քաղաքացի, էականն այն է, որ Հայաստանում դեռ անպատժելիության, ամենաթողության մթնոլորտ է: Իսկ այս դեպքի անմիջական պատասխանատուներն էլ իշխանություններն են`ամենաբարձր մակարդակով, քանի որ հանրապետության նախագահը ՀՀ քաղաքացիների անվտանգության երաշխավորն է Սահմանադրությամբ: Օրական տարբեր դեպքեր են տեղի ունենում: Կարող ենք մտնել ոստիկանության կայք ու տեսնել`այսօր սրան խփեցին, վաղը նրան դանակահարեցին… սրան համապարփակ լուծում է պետք տալ, ոչ թե այս կամ այն խնդրի արձագանքելը»,- ասաց Դավիթ Սանասարյանը`հավելելով, որ հույս ունի, որ աշնանը քաղաքական ուժերն ու քաղաքացիական նախաձեռնությունները պետք է իշխանափոխության հասնելով լուծում տան բոլոր խնդիրներին:
Aravօt.am-ի դիտարկմանը`տպավորություն է ստեղծվում, որ այն ժամանակ թիրախը հենց Ռուբեն Հայրապետյանն էր, Դավիթ Սանասարյանը պատասխանեց, որ տարբեր տպավորություններ կարող են ստեղծվել, բայց փաստ է, որ այն ժամանակ ցասում եղավ, եւ մարդիկ ոտքի կանգնեցին: «Այնտեղ մի քիչ ուրիշ վիճակ է: Դեպքը եղել է ամենաթողություն եւ անպատժելիություն ստեղծողի տարածքում, կարող է նման տպավորություն ստեղծվի: Այս պարագայում, ինչ-որ փողոցի խուժանը ծեծելով ազատամարտիկ է սպանել: Ինքս դատապարտում եմ, բայց չեմ կարող հասարակության անունից ասել: Եթե զգամ ինչ-որ բան է սկսվում, առաջին շարքերում կլինեմ, բայց ինչ-որ հասարակական ակցիաների պատասխանատվություն չունեմ ինքս»,- ասաց նա՝ հավելելով, որ ինքը մինչեւ վերջ չի մասնակցել «Հարսնաքարի» դատական գործընթացին, ինչն էլ իր հերթին կարող է տպավորություն ստեղծել, որ Հայրապետյանը վախեցրել է կամ համոզել, որ չգնան. «Իրականում խնդիրն այն է, որ կազմակերպված չենք եւ չենք կարողանում լուծում տալ այս հարցերին: Սպանություններ ամեն երկրում էլ լինում են, ուղղակի խնդիրն այն է, որ անպատժելիության մթնոլորտն արմատներ է գցել մեր երկրում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ Արսեն Խառատյանի