Ռոբերտ Նազար Արջոյանի ֆիլմը պատմում է իրանահայ տերմենահար (էլեկտրոնային երաժշտական գործիք) Արմեն Ռայի մասին, որին կարելի է առնվազն էքսցենտրիկ կոչել, «Հաֆինգտոն Փոստ»-ում գրում է արվեստի քննադատ Ջորջ Հեյմոնտը:
«Երբ վիշտս մեռավ. Արմեն Ռայի լեգենդն ու Տերմենը» վավերագրական ֆիլմը նվիրված է ազատ ոգի ունեցող իրանահային, որն ուշադրության արժանացել է ոչ միայն որպես տերմենահար արվեստագետ, այլև իր վայրի հագուկապով:
Արմեն Ռան ծնվել է Թեհրանում: Նրա հայրն աշխատում էր «Իրան Էյր» ավիաընկերությունում, մայրը դաշնակահար էր: Իրանի հեղափոխությունից հետո ընտանիքով տեղափոխվում են ԱՄՆ, որտեղ Արմենը, դեռևս փոքրիկ տղա, հեռուստատեսությամբ տիկնիկային ներկայացումներ էր ցուցադրում և ինքն էր տիկնիկների համար հագուստներ կարում: Դպրոցում նրան հաճախ ձեռք էին առնում և նա որոշում է տեղափոխվել Նյու Յորք, որտեղ կյանքի նոր փուլ է սկսում որպես ակումբներում ելույթ ունեցող անդրոգին (երկսեռ) երեխա, դրագքուին (կանացի կերպարանքով տղամարդ), և հակման մեջ է ընկնում ալկոհոլի ու թմրադեղերի նկատմամբ:
2001թ. Արմենը սկսում է տերմեն նվագել սովորել: 2010թ. թողարկում է իր առաջին ձայնասկավառակը, որն ընդգրկում է հայկական դասական եղերգեր և ժողովրդական երաժշտություն:
Կարդացեք նաև
Արջոյանի ֆիլմը հետաքրքիր է դարձնում այն, որ թեման գրեթե այնքան է սիրում տեսախցիկը, որքան որ խցիկն է սիրում Արմեն Ռային:
Ֆիլմը մասնակցում է «SFDocFest» վավերագրական ֆիլմերի փառատոնին և ստացել է հանդիսատեսի համակրանք մրցանակը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ