Քաշաթաղում ականի պայթյունից վիրավորված ՀՀ քաղաքացիների` Արմավիրի քաղաքապետի եւ մյուս վիրավորների մասին Aravot.am-ը փորձեց օպերատիվ տեղեկություններ ստանալ առողջապահության նախարարության կայքէջից եւ Արմավիրի քաղաքապետարանից:
Նախարարության կայքէջում որեւէ տեղեկություն` նրանց առողջական վիճակի մասին չկար, վերջին թարմացված նորությունը հուլիսի 21-ին էր տեղադրվել:
Նշենք, երբ մալազիական ինքնաթիռը վթարի էր ենթարկվել, տարբեր երկրների առողջապահության նախարարները հայտարարությամբ հանդես էին գալիս, նշելով, թե իրենց երկրից տուժած քաղաքացիներ կան, թե` ոչ, կամ քանի քաղաքացի են տուժել:
Իսկ ՀՀ առողջապահության նախարարությունն առայժմ տեղեկություններ չի հայտնում Արցախում դժբախտ պատահարից տուժած ՀՀ քաղաքացիների վիճակի մասին. ավելին` նախարարության կայքում գերակշռում են նախարարի` տարբեր միջոցառումներից լուսանկարները:
Իսկ Արմավիրի քաղաքապետարանի աշխատակիցները, կարծես թե առիթից օգտվելով, աշխատավայրից բացակայում են. համենայնդեպս այդ են վկայում կեսօրից հետո մեր բազմաթիվ անպատասխան հեռախոսազանգերը քաղաքապետարան:
Տեղեկատուից, Արմավիրի մարզպետարանից եւ տարածքային կառավարման նախարարությունից Aravot.am-ին տրամադրած բոլոր հեռախոսահամարներին պատասխանող չեղավ. ենթադրվում է, որ գոնե դժբախտ դեպքից հետո, Արմավիրի քաղաքապետարանի աշխատակիցներն ավելի պատասխանատու եւ զգոն պետք է լինեին, մինչդեռ մի քանի ժամ մեր հեռախոսազանգերն անպատասխան են մնացել:
Առողջապահության նախարարությունից մեզ վստահեցրին, որ ժամանակի խնդիր կար, եւ դեռ չեն հասցրել թարմացնել կայքէջը, բայց առաջիկայում Քաշաթաղում տուժած ՀՀ քաղաքացիների մասին նորությունները կտեղադրվեն:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Քաշաթաղում ականի վրա պայթել է Հայաստանում հաշվառված ավտոմեքենա, որի ուղեւորներից մեկը Արմավիրի քաղաքապետ Ռոբերտ Խլղաթյանն է, մեքենայի վարորդը մահացել է, իսկ մյուս ուղեւորները «Էրեբունի» բժշկական կենտրոնում են. բժիշկները նրանց վիճակը կայուն ծանր են գնահատում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Լուսանկարը՝ www.alttv.am-ից
Սիրելիներս, ոչ թե Ռոբերտ, այլ Ռուբեն ))