Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում կանցկացվի Վարդավառ միջազգային երիտասարդական փառատոն

Հուլիս 22,2014 16:51

Հուլիսի 27-ին Հայաստանում՝ Գեղարդի վանքում և Գառնու տաճարում, կանցկացվի Վարդավառի միջազգային երիտասարդական փառատոն:

Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող նմանօրինակ փառատոնի մտահղացման հեղինակն է Երիտասարդական ակումբների դաշնությունը, որը ՀՀ Մշակույթի նախարարության, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի, Կոտայքի մարզպետարանի, «Ակունք» ազգագրական համույթի, տեղական և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելով՝ այս անգամ Վարդավառը յուրահատուկ ձևով է նշելու:
Հենց այս թեմային էլ նվիրված էր այսօր կազմակերպված մամուլի ասուլիսը:
«Փառատոնի իրականացմանն աջակցել է ՀՀ մշակույթի նախարարությունը, ու քանի որ ողջ ծրագիրն անցկացվելու է Կոտայքի մարզում, այս հարցում մեզ օգնել է նաև Կոտայքի մարզպետարանը»,-ասաց Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը:

Վարդավառ միջազգային երիտասարդական փառատոնի համակարգող Հայասա Թահմազյանն էլ ասաց, որ փառատոնի անցկացման հիմնական նպատակն է հայ երիտասարդության շրջանում խրախուսել ազգային ավանդույթների պահպանումը, ինչպես նաև դրանք ներկայացնել զբոսաշրջիկներին: «Փառատոնը մշակութային-կրթական բաց ձևաչափի միջոցառում է, որը բաղկացած է երեք մասից՝ Վարդավառի եկեղեցական ծիսակատարություն, որը տեղի կունենա Գեղարդի վանքում, և կտևի 11.00-13.00: Գեղարդի վանքում տեղի ունենալիք պատարագից հետո տեղի կունենա երիտասարդության օրհնության և մատաղի օրհնության կարգերը: Մատաղի պատրաստման հարցում ԵԱԴ-ն աջակցություն է ստացել Կոտայքի մարզպետարանից: Գեղարդում նաև հանդես կգա Վան ազգագրական համույթը` ներկայացնելով Վարդավառին նվիրված ազգային երգն ու պարը: Փառատոնի երկրորդ մասը կկայանա Գառնու տաճարի տարածքում, որտեղ Հայաստանի մարզերը տաղավարների միջոցով կներկայացնեն իրենց բնորոշ մշակույթն ու ավանդույթները: Իսկ երրորդ մասում տեղի կունենա բեմականացում, որին իրենց մասնակցությունը կցուցաբերեն դերասաներն ու «Ակունք» ազգագրական համույթը», – նշեց Հ. Թահմազյանը:

«Ակունք» ազգագրական համույթի ներկայացուցիչ Սարգիս Բաղդասարյանն էլ ներկայացրեց Վարդավառի հիմքում ընկած ավանդույթները՝ նշելով, որ «Ակունք» ազգագրական համույթը հենց դրանք էլ փորձելու է ներկայացնել Գառնիում:
Բանախոսներից Ա. Մխիթարյանն էլ ասաց, որ նախատեսվում է նաև 150 օտարերկրացի երիտասարդների մասնակցություն փառատոնին, ովքեր Հայաստանում այս պահին մասնակցում են մշակութային-կրթական ծրագրերին: Նրանց մասնակցության ու կեցության ծախսերը հոգացել է Եվրամիությունը:

Ա. Մխիթարյանի խոսքերով միջոցառմանը կմասնակցեն նաև սփյուռքահայ երիտասարդներ, ովքեր այս պահին Հայաստանում են:

«Այս փառատոնով սկիզբ է դրվում մեր անցյալի ու ներկայի կամուրջը, մենք ուզում ենք, որ պահպանված ավանդույթները ներկայացվեն մշակութային տեսակետից` առանց կրոնական ենթատեքստի: Ամեն դեպքում մենք տոնն սկսում ենք Տիրոջ Պայծառակերպությանը նվիրված Սուրբ պատարագով, ընդ որում, Վարդավառը նաև Գեղարդի տոնն է»,-ասաց Ա. Մխիթարյանը:

Կոտայքի մարզպետի խորհրդական Կարեն Պապոյանն էլ նշեց, որ մարզպետարանն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու փառատոնի իրականացմանը:
Ավելացնենք, որ Վարդավառին կարող են մասնակցել նաև մեր համաքաղաքացիները:
Վարդավառ միջազգային երիտասարդական փառատոն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031