«Կան ուղղակի համակարգային տարբերություններ, տարբերություններ այս եւ այն ժամանակների միջեւ, ոչ թե դեպքերի: Եվ Վահեի սպանությունը, եւ Արտակ Բուդաղյանի դեմ մահափորձը եւ Վոլոդյա Ավետիսյանի դատավարությունը եւ Նոր Նորքում եղած վերջին դեպքը նույն շղթայի օղակներն են»,-Aravot.am-ի հետ զրույցում նման բացատրություն տվեց «Նախախորհրդարանի» անդամ Տիգրան Խզմալյանը: Պարոն Խզմալյանից Aravot.am-ը հետաքրքրվել էր`ինչո՞ւ է խտրական մոտեցում ցուցաբերվում եւ ինչո՞ւ նույն կերպ ակտիվ չեն պայքարում հանուն արդարության, երբ հայտնի դարձավ, որ հուլիսի 13-ին, Նոր Նորքի թիվ 114 մանկապարտեզի բակում ծեծելով ազատամարտիկ է սպանվել:
55-ամյա Վարդան Թումանյանին սպանել են մի քանի հոգի, ովքեր կարատեի եւ այլ մարտարվեստների չեմպիոններ են եւ այժմ Նոր Նորքի «ԷԼԼԱ» գիշերային ակումբում «ախրաննիկ» են աշխատում: Նրանց «կռիշան» դատախազներ են։ Գլխավոր «հերոսը» Գեւորգ Սարգսյանն է, մականունը՝ Ջունգլ, որի հոր հետ հանգուցյալը վեճի է բռնվել, ու տղան էլ կանգնել է հոր թասիբին, իսկ նրան օգնել են բարեկամներ Սարգիսն ու Վիկտորը եւ հայրը՝ Բաբկենը։ Ջունգլը հեռուստաեթերի «աստղ», գուշակ Անահիտի որդին է։
2012 թվականի հունիսի 17-ին, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակիցները բժիշկներին դաժան ծեծի են ենթարկել` սպորտային հագուստով ռեստորան մտնելու համար:
Արդյունքում, Վահե Ավետյանը մահացավ, ինչն էլ պատճառ դարձավ հասարակական ընդվզման, տարատեսակ բողոքի ակցիաների: Ռուբեն Հայրապետյանը ստիպված եղավ վայր դնել մանդատը: Այդ ընդվզումների ակտիվ մասնակիցներից եւ համակարգողներից էր նաեւ «Նախախորհրդարանը» եւ Տիգրան Խզմալյանը:
«Եթե Վահեի դեպքը ցնցեց հանրությանը, քանզի դա թվում էր աննախադեպ, բայց իրականում աննախադեպ չէր, բազում անարդարություններ, բռնություններ էին եղել սպաների նկատմամբ, մասնավորաբար 2006-08 թվականներին բանտարկված էր Ժիրայր Սեֆիլյանը, հիմա դա համակարգ է: Կամ`հանրությունը դրա մեջ տեսնում է ոչ աննախադեպ մի բան, ոչ առաջին, ոչ էլ վերջին դեպքը: Ուստի սա, ես կարծում եմ, ոչ թե դառնում է անտարբերության նշան, այլ ցավի զգացումը չեմ ուզում ասել բթացել, հակառակը ավելացել է… ցավի մակարդակն է հանրության մոտ իջել»,- բացատրեց Տիգրան Խզմալյանը:
Կարդացեք նաև
Նա բավական երկար նկարագրեց 2008-ի մարտի մեկից հետո առաջացած այն հոգեբանական վիճակը, որում հայտնվել է հայ հանրությունը`եզրակացնելով. «Ողբերգությունն այն է, որ դա այլեւս աննախադեպ չէ եւ մենք այս ամենը տեսնում ենք, որպես ոտնձգություն, սրբապղծություն եւ ծրագիր, որով պետք է զինաթափել ըմբոստ, անհանգիստ, ոչ անտարբեր մարդկանց: Արձագանքը, կարծում եմ, հենց դրա վրա է հիմնված: Հանրության պատասխանը հիմա կլինի ոչ թե անձնավորված, ինչպես Վահեի դեպքում, ինչպես Վոլոդյայի դեպքում, այլ՝ համակարգային»:
Պարոն Խզմալյանն անգամ 1988-ի տպավորիչ դեպքերից հիշեց ու պատմեց`վստահություն հայտնելով, որ ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա առանձին դեպքերը կվերաճեն համակարգային պայքարի, այդպիսով շրջանցելով եւ լղոզելով հարցը`ինչո՞ւ հասարակական ակտիվիստները վրդովմունք չարտահայտեցին ծեծով սպանված ազատամարտիկ Վարդան Թումանյանի դեպքի առիթով:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ Տիգրան Խզմալյանի ֆեյսբուքյան էջից