Լրահոս
Օրվա լրահոսը

«Գեղեցիկ Երևան» ծրագրի շրջանակում հիմնանորոգվում է «Մալաթիա» պուրակը

Հուլիս 22,2014 16:32

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած շրջայցի շրջանակում այցելել է «Մալաթիա» պուրակ, որտեղ Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ իրականացվող «Գեղեցիկ Երևան» ծրագրի շրջանակում կատարվում են այգու հիմնանորոգման աշխատանքներ: Քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի և վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է զբոսայգում և տեղում հետևել աշխատանքների ընթացքին: Քաղաքապետին ներկայացնելով պուրակի վերակառուցման և բարեկարգման ծրագիրը՝ պատասխանատուները զեկուցել են, որ շուրջ 1.7 հա մակերեսով նախկինում կիսաբարեկարգ ու անխնամ տարածքի փոխարեն ստեղծվում է ամբողջությամբ խնամված, նոր ծառատեսակներով, թփերով և ծաղիկներով համալրված տարածք: Բնակիչների զբոսանքի ու հանգստի ապահովման նպատակով կառուցվելու են ճեմուղիներ, տարածքն էլ կահավորվելու է նստարաններով և աղբամաններով, իսկ երեխաների համար առանձնացվելու է մանկական խաղահրապարակներով ապահովված հարմարավետ գոտի: Հաշվի առնելով պուրակի թեք ռելիեֆը՝ ծրագրում ներառվել է նաև նոր հենապատերի կառուցում և առկա հենապատերի վթարային հատվածների նորոգում: Պուրակի հիմնանորոգման աշխատանքների արդյունքում կվերակառուցվի նաև Սեբաստիա փողոցը Ռոմանոս Մելիքյան փողոցին միացնող անցուղին, կանցկացվի ժամանակակից արտաքին լուսավորության համակարգ: Տարածքն էլ կապահովվի ոռոգման ցանցով: Պատասխանատուների հավաստմամբ՝ պուրակը շահագործման կհանձնվի այս տարվա հոկտեմբերին:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ծանոթանալով աշխատանքներին, հանձնարարել է մշտական հսկողություն իրականացնել աշխատանքների որակի ապահովման նկատմամբ:
ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցչի տեղակալ Քլեր Մեդինան շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին համագործակցության և աջակցության համար՝ հույս հայտնելով, որ այն հետագայում ևս կլինի շարունակական:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վերահաստատել է քաղաքապետարանի պատրաստակամությունը՝ ընդլայնել համագործակցությունն ու մշտապես աջակցել նմանօրինակ նախաձեռնությունների կյանքի կոչման հարցում:
«Վերջին երեք տարվա ընթացքում իրականում համատեղ ծրագրերի արդյունքներն իսկապես նկատելի են, և վստահ եմ, որ մեր համագործակցությունը կունենա իր շարունակությունը՝ ընդգրկելով համատեղ նոր ծրագրեր»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ հատկանշելով, որ քաղաքապետարանի ծրագրային գերակայությունների շարքում առանձնակի կարևորված է մայրաքաղաքի այգիների և պուրակների բարեկարգումը, ինչը ևս հետզհետե կյանքի է կոչվում՝ տարեցտարի ավելի ու ավելի ընդլայնելով այդ ուղղությամբ ինչպես աշխատանքների ծավալը, այնպես էլ աշխարհագրությունը: Քաղաքապետ նաև հատկանշել է, որ, առաջնորդվելով մայրաքաղաքի համաչափ զարգացման սկզբունքով, ծրագրերի մեծ մասն իրականացվում է հատկապես ծայրամասային դիտարկվող վարչական շրջաններում:
Նշվել է նաև, որ ինչպես «Մալաթիա» պուրակում, այնպես էլ բարեկարգվող ու հիմնանորոգվող մյուս զբոսայգիներում կկառուցվեն թեքահարթակներ՝ հանգստի գոտիները հաշմանդամություն ունեցող բնակիչների համար մատչելի դարձնելու նպատակով:
Ի դեպ, միջազգային կառույցների հետ համագործակցության շրջանակում կբարեկարգվի ոչ միայն այս պուրակը, այլ նաև Նոր Նորք վարչական շրջանի Միկոյան և Գալշոյան փողոցների խաչմերուկին հարող այգին։
Քաղաքապետարանի և այլ կառույցների հետ համատեղ զբոսայգիների ու նոր պուրակների ստեղծման արդյունքում ընդհանուր առմամբ 2014 թվականին մայրաքաղաքում կանաչ զանգվածը կավելանա 5-6 հեկտարով, այդ թվում՝ շուրջ 4 հեկտար կկազմեն սիզամարգերը, իսկ հիմնանորոգվող ու բարեկարգվող այգիների կանաչապատ մակերեսը կկազմի 70-75 տոկոս:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031