Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրական մոտ 70 հազար դոլար ստվերային գումարներ են բաշխվում ինչ-որ գրպաններում» (Տեսանյութ)

Հուլիս 22,2014 15:35

Ամենամեծ ստվերը, կարելի է ասել` տրանսպորտի ոլորտում է. մասնավորապես՝ միկրոավտոբուսների: Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում «Սպառողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանը վստահեցրեց, որ սա այն ոլորտն է, որտեղ հեշտ է թաքցնել դրամական իրական միջոցներն ու եկամուտները:

«Մեր համեստ հաշվարկներով՝ օրական մոտ 70 հազար դոլար ստվերային կերպով գումարներ են բաշխվում ինչ-որ գրպաններում, եւ դա գիտեն բոլորը, եւ գիտեն ում գրպաններ: Գնում է, չակերտավոր մրցակցություն, հանցավոր մրցակցություն, թե ինչպես անեն, որ այս ամբողջ գումարը շատ հարմար ձեւով չբացահայտվի»,-հայտարարեց պարոն Պողոսյանը:

Նրա խոսքերով` չնայած ՀՀԿ-ի նախընտրական ծրագրում գրված է, որ էլեկտրատրանսպորտը պետք է զարգացնեն, սակայն դա ընդամենը հեքիաթ է. «Բոլոր քաղաքապետերն էլ փորձել են ապացուցել, որ էլեկտրատրանսպորտն ու մեծ ավտոբուսները ձեռնտու չեն, բայց դա իրականում այդպես չէ: Միշտ ասել են` մենք միկրոավտոբուսները փոխարինում ենք մեծ եւ միջին ավտոբուսներով, բայց միայն միջին տարողության ավտոբուսներ են բերում, մեծերը չեն բերում: Այդ չինական փոքր տարողության ավտոբուսները մեր տրանսպորտի մահն են»:

Պարոն Պողոսյանի ներկայացմամբ` միկրոավտոբուսների շատ վարորդներ ուղղակի օրինական աշխատողներ չեն. ասենք` 47 միկրոավտոբուսների համար ձեւակերպված են 3 վարորդներ:

Ասուլիսի մեկ այլ մասնակից՝ Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանն էլ ոլորտի խնդիրներից առանձնացրեց վարորդների կարգավիճակը. «Գազելների մեծ մասի վարորդները չունեն համապատասխան վկայական: Երբ ընդդիմության ներկայացուցիչներն ասում են` պետք է այս արվի, այն արվի ու չի արվում, հավասարվում ենք այն կուսակցություններին, որոնք գրում են` այս պիտի արվի, ու չի արվում: Պետք է ոտքի կանգնել ու պահանջներ դնել»:

Պարոն Սանասարյանը կոնկրետացրեց` նոր բողոքի ակցիա է լինելու, պարտադրելու են տրանսպորտի բարելավում, այնպես, ինչպես պարտադրվեց 100 դրամի պայքարի դեպքում:

 

Aravot.am-ի այն հարցին, որ «ԴԵՄ ԵՄ»-ի, «Աֆրիկյանների տան» պայքարի դեպքում էլ պարտադրում էր հանրությունը, բայց արդյունք չեղավ, այս դեպքում ինչպես են արդյունքի հասնելու, պարոն Սանասարյանը չմանրամասնեց, նշեց, որ կազմակերպչական աշխատանքներ են տանում, քաղաքացիական նախաձեռնությունն էլ իր հերթին է աշխատում, ուստի առաջիկայում պարզ կլինի, թե ինչ են նախատեսում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031