Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման ծրագրի ընթացքին

Հուլիս 22,2014 15:31

Մայրաքաղաքի 2014 թվականի զարգացման ծրագրով վարչական շրջաններում իրականացվող աշխատանքներին տեղում հետևելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Քաղաքապետը վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի ուղեկցությամբ այցելել է Ախպարաշեն թաղամաս, որտեղ ծանոթացել է Ֆրանսիայի կառավարության կողմից տրամադրված վարկային միջոցներով իրականցվող «Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման ծրագրի» շրջանակում ընթացող ջրամատակարարման համակարգի անցկացման աշխատանքներին: Նախագծի վրա քաղաքապետին ներկայացնելով ծրագրի առաջին փուլով նախատեսված աշխատանքների ծավալները՝ Համայնքային զարգացման ծրագրերի գրասենյակի տնօրեն Գառնիկ Ալեքսանյանը նշել է, որ համակարգի անցկացման արդյունքում կբարելավվի խիստ վթարված և քայքայված բաշխիչ ցանցը, կվերակառուցվեն վթարային կոյուղագծերը: Առաջնահերթ կարևորելով պատշաճ և որակյալ աշխատանքը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է մշտական հսկողություն իրականացնել շինարարության ընթացքի նկատմամբ և խստորեն հետևել սահմանված ժամկետների պահպանմանը:

Կարևորելով մայրաքաղաքի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի բարելավումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ ցանցերը, ըստ էության, հիմնականում խիստ մաշված են, ինչն իր հերթին նպաստում է ցանցերում արձանագրվող հաճախակի վթարներին՝ բոլոր հետևանքներով: Եվ այդ տեսանկյունից Երևանի քաղաքապետը հատկանշել է, որ քաղաքապետարանն անում է հնարավորը՝ առկա խնդիրը հետզհետե կարգավորելու ուղղությամբ՝ սերտորեն համագործակցելով ինչպես տեղական, այնպես էլ միջազգային տարբեր կառույցների հետ:

Նշվել է նաև, որ ջրամատակարարման բարելավման աշխատանքներ կիրականացվեն Շենգավիթ, Դավթաշեն, Կենտրոն, Քանաքեռ-Զեյթուն, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում: Այդ նպատակով կկառուցվեն մոտ 94 կմ երկարությամբ տարբեր ջրատարներ, իսկ առանձնատների հատվածներում էլ շուրջ 6000 միացումներ կփոխարինվեն նորերով: Բացի այդ, Կենտրոն, Էրեբունի, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր վարչական շրջանների ավելի քան 23 փողոցներում կվերականգնվեն 5,2 կմ երկարությամբ կոյուղագծեր, այդ թվում կվերականգնվեն նաև հիմնական կոլեկտորները:

Նախագիծն իրականացվում է ֆրանսիական «Սադե» ընկերության կողմից: Ընկերության հայաստանյան մասնաճյուղի ինժեներ, կառավարիչ Էրիկ Լիոտը տեղեկացրել է, որ բոլոր աշխատանքներն իրականացվում են Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ և սերտ համագործակցության արդյունքում շատ հարցեր հենց տեղում են լուծում ստանում: Անդրադառնալով աշխատանքների որակին՝ Էրիկ Լիոտը վստահեցրել է, որ խստորեն վերահսկվում է որակի ապահովումը և խողովակները կծառայեն ավելի քան 50 տարի:
Ծրագրի առաջին փուլի աշխատանքները նախատեսվում է ավարտել 2016թ.-ին, որի արդյունքում մոտ 6.000 բաժանորդ ապահովված կլինի պահանջվող որակի և ճնշմամբ խմելու ջրով և կենցաղային կեղտաջրերի հեռացման համակարգերով: Ծրագրի երկրորդ փուլով, կիրականացվի Աերացիայի կեղտաջրերի մաքրման կայանի վերականգնումը, որի ուղղությամբ աշխատանքները նախատեսվում է իրականացնել 2015-2016 թվականներին:
Ֆրանսիայի կառավարության տրամադրած վարկային միջոցներով Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման ծրագրի երրորդ փուլով նախատեսվում է ներդնել օրվա կարգավորիչ ջրամբարների հեռակառավարում (SCADA) ծրագիրը, որի արդյունքում ջրամատակարարման ցանցի՝ մասնավորապես Ապարանի և Կաթնաղբյուրի հորատանցքերի կառավարումը կիրականացվի հենց այդ եղանակով: Այս աշխատանքները ևս նախատեսվում է իրականացնել 2015-2016 թվականների ընթացքում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031