«Էկոլոգիական դաշինքի» անդամ Արամ Գրիգորյանը, այսօր «Արմատ» մամուլի ակումբում անդրադառնալով Սեւանա լճի ջրի բացթողումների քանակի ավելացմանը, նշեց, որ Սեւանա լճի խնդիրը առաջացել է կառավարման ոչ արդյունավետ համակարգի պատճառով:
Ազգային ժողովը, որպես Հայաստանի Հանրապետության կառավարման համակարգերից մեկը, օրենք է ընդունում եւ այդ օրենքի մեջ մի քանի օր հետո անում է փոփոխություն. «Համաձայն այդ օրենքի՝ մի կերպ սահմանում են, որ տարեկան 240 մլն խորանարդ մետր պետք է ջուր բաց թողնեն լճից, եւ բառացիորեն մի քանի օր հետո գաղտնի կերպով ՝ այդ 240 թիվը դառնում է 270 մլն խորանարդ մետր: Սա կառավարման համակարգի թերություն է»:
Պրն Գրիգորյանը զարմանում է, թե ինչպե՞ս նման դեպքում բացարձակ հաշվի չի առնվում փորձագիտական եւ հանրային կարծիքը: Նրա խոսքով՝ չկա հիմնավորում, թե ինչպե՞ս 240 մլն խորանարդ մետրը դարձավ 270 մլն. «Հիմնավորման իմիտացիան միայն այն է, որ պատճառաբանում են, թե ջուրը պետք է հասնի Արարատյան դաշտավայր՝ գյուղացիներին»:
Բնապահպան Սիլվա Ադամյանն էլ ներկայացրեց, որ Արարատի մարզի գյուղերում սոցհարցում են անցկացրել եւ պարզվել է, որ ջրի մատակարարման որակը բացարձակապես չի փոխվել եւ գյուղացիները ինչպես հորերից ջուրը վերցնում էին, այդպես էլ շարունակում են վերցնել: Արամ Հարությունյանի խոսքով էլ, որեւէ մեկը չի հիմնավորում, թե ինչպես է Սեւանա լճից ջուրը գնում եւ հասնում Արարատյան դաշտավայրի գյուղերը:
«Սեւանը տակառ չէ, Սեւանը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող համակարգ է»,- վստահեցնում է պրն Գրիգորյանը:
Կարդացեք նաև
Բնապահպանի խոսքով՝ երբեք որեւէ կառավարման համակարգի օղակ այդպես էլ չի ասում, թե Սեւանի բաց թողած ջուրը ինչպիսի՞ օգտակար նշանակություն է ունենում. «Սեւան-Հրազդան կասկադ կա, որը ջրի միջոցով էլեկտրականություն է արտադրում: Երբեք չասացին, որ պետք է ջուրը շատացնել, որպեսզի էլեկտրականության քանակը շատանա եւ սպառողների վրա Էլեկտրաէներգիայի գնի թեթեւություն լինի»:
Պրն Գրիգորյանը հետաքրքրվում է, ինչո՞ւ գյուղացիներին ոռոգման ջուր մատակարարելու համար Սեւանի փոխարեն չեն օգտագործում Եղվարդի ջրամբարը, որը ժամանակին առանց Սեւանի ոռոգել է ողջ Արարատյան դաշտը, կամ ինչո՞ւ ծրագրեր չեն իրականացվում Ապարանի ջրամբարը շահագործելու համար:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ