«Էկոլոգիական դաշինքի» համակարգող, բնապահպան Սիլվա Ադամյանն այսօր «Արմատ» մամուլի ակումբում, անդրադառնալով Սեւանա լճից ջրի բացթողումների քանակի ավելացմանը, բերեց վերջին 4 տարիներին լճի ջրի որակի վերաբերյալ փորձագիտական տվյալներ, որոնց համաձայն՝ Սեւանա լիճը լուրջ վտանգի ներքո է:
Սիլվա Ադամյանը նշեց, որ փորձագետ Սեյրան Մինասյանը փորձագիտական եզրակացության է եկել, որ 4-5 տարվա ընթացքում Սեւանա լճում օրգանական նյութերի պարունակությունը նորմայից հասել է 3-4-րդ կարգի աղտոտվածության մակարդակի՝ լճի ամբողջ ծավալի մոտ 60 տոկոսով: Բնապահպանի համոզմամբ՝ այս տվյալները նշանակում են, որ լճի մոտ 60 տոկոսն արդեն պիտանի չէ ո՛չ օգտագործման, ո՛չ էկոհամակարգերի համար, ո՛չ էլ ձկների համար:
Սեւանա լիճը ազգային անվտանգության նշանակություն ունի Հայաստանի քաղաքացիների համար, վստահեցնում է տիկին Ադամյանը. «Մութ ու ցուրտ տարիներին, այդ լիճը մեզ կերակրել է, մեզ ջուր եւ էներգիա է տվել: Ոչ մեկն ապահովագրված չէ նոր պատերազմից: Ընկալելով իրավիճակի լրջությունը, որ այսօր լիճը արդեն կանգնած է ճահճացման առաջ, այսօր լճում չկա ձուկ, այս լճի հատակը աղտոտված է՝ նախկին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի սխալ գործելաոճի պատճառով, որը, ցավոք սրտի, անպատիժ մնաց»:
Տիկին Ադամյանի խոսքերով՝ նոր տեսակի կերերով լճում ձկների աճեցումը վերջնականապես կբերի լճի կործանմանը. «Ձկան պաշարները պետք է ուրիշ տեղից բերվեն, արդեն փոքր մանրաձուկը պիտի լցվի ջուրը, պիտի հետեւել, որ այդ ձկները մեծանան, սնվեն բուսականությամբ եւ մաքրեն Սեւանա լիճը»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Տիկին Ադամյանը վրդովված է, որ Սեւանա լճից ջրի բացթողումների քանակը ավելացվելու է եւ այդ որոշումը Ազգային ժողովը ընդունել է առանց հանրության կարծիքը հաշվի առնելու՝ բացթողումների քանակը տարեկան 240 մլն խորանարդ մետրից հասցնելով 270 մլն խորանարդ մետր:
Տիկին Ադամյանը ընթերցեց «Sos Sevan» նախաձեռնության նամակը, որտեղ կոչ են անում քաղաքացիներին ոտքի կանգնել եւ պայքարել դավադրության դեմ, որը կզրկի բոլորին ազգային անվտանգությունից եւ գոյատեւելու իրավունքից. «Ջրի մակարդակի իջեցումը կհանգեցնի լճի կործանմանը, կանհետանան ձկները: ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի հանցավոր վերաբերմունքի պատճառով չմաքրված լճի հատակը կհանգեցնի լճի ճահճացմանը: Բազմաթիվ ընտանիքներ կլքեն իրենց բնակավայրերը»:
Տիկին Ադամյանը նամակում նշել է, որ Սեւանա լճի ներկա իրավիճակի համար մեղավորների շարքում են Ազգային ժողովը, ջրային տնտեսությունը, Սեւանի ազգային պարկը, բնապահպանության նախարարությունը, Սեւանի պահպանման հանձնաժողովը. «Այս կառույցները Սեւանի կործանման համար պիտի պատասխան տան»:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ