Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմանդոսը շարունակում է պնդել, որ Լ. Հայրապետյանին ձերբակալել են Ադրբեջանի պատվերով

Հուլիս 22,2014 14:26

Ի պաշտպանություն արցախցի մեծահարուստ եւ բարերար Լեւոն Հայրապետյանի՝ այսօր ասուլիս էր հրավիրվել «Հայաստանի զրուցակից» թերթի խմբագրությունում:

ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, որը հայտնի է իր ռուսամետ կողմնորոշմամբ, համոզմունք հայտնեց, որ Լեւոն Հայրապետյանի ձերբակալությունը՝ Մոսկվայում, ընդամենը թյուրիմացության արդյունք է. «Ոչ մեկիս համար սպասելի չէր նման բան, մենք լավ գիտենք Լեւոնին, նրա գործը, Լեւոնն իր ամբողջ գործունեության ընթացքում ամրապնդել է Հայաստան- Ռուսաստան դաշինքը, նպաստել է Արցախի զարգացմանը: Համոզված եմ, որ թյուրիմացություն էր սա, ես ոչ մի քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում»:

Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը, կրկին վերահաստատեց իր կարծիքն այն մասին, որ այս գործում խառն է Ադրբեջանը. «Բոլոր իրադարձությունները, որ կատարվում են, նախապես պլանավորվում են, ունենում են հեղինակներ եւ կատարողներ: Կարծում եմ, որ հեղինակները ՌԴ ղեկավարների հետ կապ չունեն, այլ դա արել են Ադրբեջանի եւ ՌԴ ՖՍԲ-ի բարձրաստիճան պաշտոնյաները: Եվ դրա ապացույցները հենց ձերբակալման պահից են: Մենք միասին Լեռնային Ղարաբաղում էինք, հետո եկանք Երեւան, եւ նա Երեւանից մեկնեց Մոսկվա, այնտեղ նրան բռնեցին եւ ասացին, որ եկել է Մոնակոյից: Դա շատ կասկածելի է»:

Ըստ Կոմանդոսի՝ Ադրբեջանը տարիներ շարունակ Լ. Հայրապետյանի հետեւից ընկած էր, անընդհատ հայտարարում էին, որ Լ. Հայրապետյանը ԼՂ բանակն է ֆինանսավորում, ավելին, հայտարարում էին, որ ինքն իր համար բանակ է ստեղծում. «Կարծում եմ՝ խոսքը ռազմական ուսումնարանի մասին է, որը նա կառուցում է ԼՂ-ում, ես էլ այնտեղ որպես խորհրդական աշխատում եմ: Նա հրավիրում է աշխատելու կազակներին, որոնք Լեռնային Ղարաբաղի անկախության կողմնակիցներ են, եւ դա անտարբեր չի թողնում ադրբեջանցիներին: Նրանք Լ. Հայրապետյանից ազատվելու նպատակ դրեցին եւ այս պահին հասան իրենց ուզածին: Սա իմ կարծիքն է»:

Արկադի Տեր-Թադեւոսյանի հետ համամիտ էր նաեւ պաշտոնաթող գնդապետ Արթուր Ալեքսանյանը (Ամարասի Արթուրը): Նա էլ էր համարում, որ կատարվածը Ադրբեջանի ԱԱԾ-ի եւ ՌԴ կաշառված իրավապահների արարքն է. «Ուղղակի ինձ անհանգստացնում է, թե ինչպես նա կարող է այդ առողջական վիճակով դիմանալ, մենք բոլորս պետք է պայքարենք նրա համար: Ինչո՞ւ չեն ազատում նրան գրավի դիմաց: Մենք կարող ենք հավաքել քանի միլիոն պետք է, ինքն էլ ունի, բայց չեն վերցնում այդ փողը, չեն հանում գրավի դիմաց»:

Արթուր Ալեքսանյանի ունեցած տեղեկություններով՝ ԼՂ նախագահ Բակո Սահակյանը եւ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ ամենաբարձր մակարդակով զբաղված են այս գործով, բարձրակարգ իրավաբաններ են վարձել, ուղարկել Մոսկվա:

Ի դեպ, նկատենք, որ ինչպես Արկադի Տեր-Թադեւոսյանը իր խոսքում մի քանի անգամ, այնպես էլ՝ ամերիկահայ մեծահարուստ եւ բարերար Վահագն Հովնանյանը, որը նույնպես մասնակցում էր ասուլիսին, վրիպում էին, եւ խոսելով Լեւոն Հայրապետյանի ձերբակալության մասին, անընդհատ ասում էին՝ «Լեւոն Տեր-Պետրոսյանի ձերբակալությունը…»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031