Լրահոս
Օրվա լրահոսը

«Տուրիստական կազմակերպությունները կեղծ գովազդի միջոցով հոգեբանական ճնշում են գործադրում հաճախորդների վրա». հոգեբան

Հուլիս 22,2014 12:34

Հոգեբան Սամվել Խուդոյանը այսօր «Արմատ» մամուլի ակումբում, ներկայացնելով տուրիստական գործակալությունների կողմից գովազդվող տեղեկատվությունը, նշեց, որ կան մի քանի գործակալություններ, որոնց գովազդներում տեղ գտած տեղեկատվությունը երբեմն չի համապատասխանում իրականությանը. «Դրանք խաբուսիկ գովազդներ են, սպառողները տեսնում են մեկ այլ, շատ հաճելի իրականություն եւ , դիմելով նրանց, բախվում են խնդիրների, երբ , օրինակ , գովազդում նշված գումարը ընդհանրապես չի համապատասխանում նրանց ներկայացրած գումարին։ Գրում են մի թիվ, ասում են կտեսնի այդ ցածր գինը, կգա այստեղ, նրանցից մի տոկոսից էլ քիչը կռիվ չի անի, մի տոկոսից քիչը չի համաձայնի, բայց ձայն էլ չի հանի»։

Պրն Խուդոյանը մեզ հետ զրույցում իր սեփական օրինակը բերեց, երբ նա տեսել էր Անթալիա մեկնելու հայտարարությունը, որտեղ գումարը կազմում էր 400 դոլար, սակայն դիմելով գործակալություն, հաշվարկներից հետո պարզ էր դարձել, որ ողջ գումարը անցնում է 1200 դոլարից։ Պրն Խուդոյանը չցանկացավ նշել գործակալության անունը։

«Կամ ասում են` 750 դոլարով Շրի Լանկա են տանում, ամեն ինչ ներառյալ է։ Նման բան չի կարող գոյություն ունենալ, գնում հասնում ես գործակալություն, գները մի քանի անգամ բարձր են ասում։ Կամ ասում են` վերջացել է ակցիան»։

Պրն Խուդոյանը համոզված է, որ կեղծ գովազդներն իրենց մեջ զուտ հոգեբանական միտումներ են պարունակում. «Կախարդական հաշվիչով հաշվում են եւ այդ 400 դոլարը դառնում է միանգամից 800 դոլար, դա հոգեբանական ճնշում է, որ գործադրվում է հաճախորդների նկատմամբ»։

Նա կարծում է, որ կան պետական կառույցներ, որոնք պետք է լուծեն նման խնդիրները՝ էկոնոմիկայի նախարարությունը, տնտեսական մրցակցության հանձնաժողովը։

Իրավաբան Նարինե Բաբայանն էլ մեր հարցին ի պատասխան, թե ո՞ր օրենքի համաձայն են պատասխանատվություն կրում կազմակերպությունները սպառողներին կեղծ տեղեկատվություն տրամադրելու համար, պատասխանեց, որ եթե համապատասխան ապացույցներ կան, ապա պատասխանատվություն կարող են կրել քրեական օրենսգրքով, որոշ դեպքերում նաեւ քաղաքացիական օրենսգրքով եւ գովազդի մասին օրենքով։

«Եթե համապատասխան ապացույցներ կան, ապա սպառողին մոլորեցնելու համար պատասխանատվություն է նախատեսվում տուգանքի տեսքով, կալանքի տեսքով, որոշ դեպքերում էլ ազատազրկում՝ մինչեւ երկու տարի։ Եթե արարքը որակվում է որպես կեղծ գովազդ, ապա գանձվում է նվազագույն աշխատավարձի երկու հարյուրապատիկից մինչեւ չորս հարյուրապատիկ տուգանք»։

Իրավաբանի խոսքով՝ գովազդատուները հրապարակային հայտարարության դեպքում պետք է նշեն գովազդվող ապրանքի էական պայմանները. «Պետք է լինեն հավաստի եւ երբ հետագայում ինչ-որ մեկն ընդունում է առաջարկը, իրավունք չունեն պայմանները փոխելու»։

Նյութական եւ բարոյական վնասի դեպքում վնասի հատուցումը ստանալու համար իրավաբանը առաջարկում է դիմել դատարան.«Հիմնականում մինչ դատարանը գործակալությունները համաձայնության չեն գնում հաճախորդների հետ եւ փոխհատուցումը ստանալու միակ ճանապարհը դառնում է դատարանը, որը նույնպես երկար գործընթաց է իրենից ներկայացնում»։

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031