Հատված Ռաֆիկ Պետրոսյանի (վաստակավոր իրավաբան, ՀՀԿ խորհրդի անդամ) հարցազրույցից:
– Ըստ Տեր-Պետրոսյանի, սահմանադրական փոփոխությունների միջոցով Սերժ Սարգսյանը ցանկանում է իր իշխանությունը «հավերժացնել»։ Այս փոփոխություններով կառավարման մոդելի հարցը ևս քննարկման ծիրում է։ Դա հնարավորություն ստեղծո՞ւմ է գործող նախագահի համար «հավերժ» իշխանությունում մնալու։
– Ես նման բան չեմ տեսնում, ինչի մասին ակնարկում է Լևոն Տեր-Պետրոսյանը։ Եթե կիսանախագահականից անցում կատարենք խորհրդարանական կառավարման ձևին, Սերժ Սարգսյանը հնարավորություն կունենա ընտրվելու ԱԺ նախագահ։ Սա այն դեպքում, եթե ՀՀԿ-ն շարունակի մեծամասնություն մնալ, որովհետև այդ պարագայում նախագահին ընտրում է ԱԺ-ն։ Ես չգիտեմ՝ նախագահն այդ նպատակն իրականում ունի՞, թե՞ ոչ։
– Այսօր բավականին մեծամասշտաբ քննարկումներ են ծավալվում։ Որպես մասնագետ, ի՞նչ եք կարծում, Սահմանադրության առնչությամբ հանրային գիտակցումը մեզանում ի՞նչ մակարդակի վրա է։
Կարդացեք նաև
– Հիմնականում մտավորականությունը և մասնագետները կարող են դրան մասնակից լինել, առաջարկություններ անել, որոնք հանձնաժողովը պետք է ամփոփի։ Հասարակ մարդը, չոբանը, որ իր համար անասուն է արածեցնում, չի կարող սահմանադրական փոփոխություն առաջարկել։
– Մասնագիտական հանձնաժողովը «լավ» Սահմանադրություն մշակելու հույս ներշնչո՞ւմ է Ձեզ։
– Դժվար է ասել։ Մասնագիտական հանձնաժողովը, եթե ուզում է ճիշտ տեղից սկսել, պետք է նախ և առաջ դատարանները անկախ դարձնի, որովհետև հասարակության դժգոհության առյուծի բաժինը հենց նրանց գործունեությունից է։ Պետք է արդարադատության խորհուրդը դառնա անկախ մարմին, որովհետև դատավորները միշտ կախված են նրանից ու չեն կարող արդար որոշումներ կայացնել: Պետք է ձերբազատվել «հեռախոսազանգային» արդարադատությունից:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում