Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. «Հնարավոր է մարդկանց փողոց հանել եւ խնդիր լուծել». «Իրատես de facto»

Հուլիս 22,2014 11:56

«Իրատես de facto»-ի զրուցակիցն է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը

– Հայաստանում հնարավո՞ր են արտահերթ ընտրական գործընթացներ:

– Հայաստանում ոչինչ բացառված չէ: Տարիների իմ քաղաքական փորձը ցույց է տալիս, որ արդարության որոնումներով հասարակությունը փողոց է դուրս գալիս նախագահական ընտրություններից հետո։ Հաջողության ինչո՞ւ չի հասել, յուրաքանչյուր թեկնածուի դեպքում պատասխանը տարբեր է, բայց ընդհանրությունը մեկն է՝ չի հասել, որովհետև ռազմավարական գործընկերը վճռել է փափուկ բարձ դնել երկու կողմի գլխի տակ էլ, որպեսզի իր շահերը առաջ տանի։ Հստակ թե իշխանությունը, թե ընդդիմությունը ռուսական դաշտում են եղել։ Իշխանափոխություն կարող է լինել Ղարաբաղի հարցի հետ կապված, ինչպես արդեն եղել է, կարող է լինել, եթե կրկնվի հոկտեմբերի 27-ի նման ոճրագործություն, Աստված հեռու պահի։ Այս տարբերակները հասարակության լայն զանգվածներ փողոց հանող տարբերակներ են։ Առաջիկա նախագահական ընտրությունները 2018-ին են, հասարակական լայն զանգվածներին ճիշտ կազմակերպելու, իրական ընդդիմադիր դաշտ ձևավորելու և ճիշտ լիդերի ընտրությամբ հնարավոր է մարդկանց փողոց հանել եւ խնդիր լուծել։ Չեն բացառվում և այլ տարբերակներն ու այլ իրավիճակները աշխարհաքաղաքական ենթատեքստում, որոնց արդյունքում թե տնտեսության այս վիճակում, թե անարդարությունից, թե կառավարության ու իշխանության ցինիկ պահվածքից, ցոփությունից հասարակությունն այնքան զզվի, որ արտագաղթելու փոխարեն ինքնուրույն փողոց դուրս գա ու պայքարի իր իրավունքների համար։

– 2017-2018 թթ. «Հանրապետությունը» քաղաքական գործընթացներին ի՞նչ մասնակցություն կունենա։

– Մենք ծրագրում ենք մեր գործունեությունը երկարատև ժամկետի համար։ Հավանաբար «Հանրապետության» ունեցած անհաջողությունների հիմնական պատճառը միշտ կարճաժամկետ ծրագրերի մեջ մտնելն է եղել, հիմա աչքի տակ ունենալով այսօրն ու վաղը, ծրագրում ենք առաջիկա գործընթացներին մեր մասնակցության ձևաչափը։ Խորհրդարանական ընտրություններին կմասնակցենք միանշանակ, միայնակ, թե համախոհների դաշինքով, կերևա այդ ժամանակ։ Կարծում եմ՝ առավել հավանական է դաշինքը։ Օրեցօր Հայաստանում շատանում են տնտեսական ու քաղաքական զարգացումը արևմտյան չափանիշներով պայմանավորող քաղաքական ուժերն ու անհատները։ Իշխանությունը այսօր 30-40 տոկոս է տալիս այդ ուղղությանը, բայց դա իրական թիվը չէ։ Կան ուժեր, որ քաղաքական գործընթացների վերաբերյալ քիչ են արտահայտվում կամ չեն արտահայտվում, բայց անհրաժեշտ պահին իրենց խոսքն ասելու են։ Ռուսաստանի հանդեպ վստահությունը բոլոր հարցերում հասարակության մեջ սրընթաց նվազում է ուկրաինական դեպքերի ազդեցությամբ, ՄՄ-ին ու ԵՏՄ-ին անդամակցության պատմության, ՌԴ իշխանությունների ու նրանց տարբեր ներկայացուցիչների կացնային պահվածքի հետևանքով։ 2017-ին ուժերի համախմբումով հնարավոր է նույնիսկ մեծամասնություն դառնալ խորհրդարանում, իսկ 2018-ի նախագահական ընտրություններին մասնակցությունը լուրջ որոշման խնդիր է, կգա ժամանակը, դաշտում ուժերի դասավորությունը կքննարկենք, հնարավորությունները կճշտենք հասկանալու՝ ո՞վ է այն թեկնածուն, որ կարող է հաղթել ու տեր կանգնել հաղթանակին։ Այս բոլոր գործոնների հաշվառումով էլ որոշում կկայացնենք, այսօր միանշանակ է, որ անպայման կմասնակցենք ընտրությանը, ձևաչափը պարզ կլինի 2017-2018-ին։

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031