«Էյ Էլ Ջի Թի» ՍՊ ընկերության տնօրեն Լիանա Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով մեղադրանքը պաշտպանող դատախազը՝ Արթուր Սեպոյանը հանդես եկավ ճառով: Նա հրաժարվեց մեղադրանքից: Մինչ այդ անդրադարձավ առաջադրված մեղադրանքին, իր՝ այս գործով ներգրավվելուն, նաեւ իր այն միջնորդությանը՝ դատահաշվապահական, որը նախորդի հետ համեմատելով հանգեց այն եզրակացությանը, որ պետք է հրաժարվել մեղադրանքից:
Դատախազը հաստատված համարեց այն, որ ՍՊ ընկերությունը գրանցված է եղել պետեկամուտների կոմիտեի Կենտրոնի հարկային տեսչությունում: Ընկերությունը զբաղվել է գովազդային ծառայությունների մատուցման վերավաճառքով, շահույթ հետապնդող ձեռնարկատիրական գործունեությամբ: Ըստ առաջադրված մեղադրանքի, ՍՊ ընկերության տնօրենն իբր ստեղծել էր կանխամտածված անվճարունակության հատկանիշներ, պետությանը պատճառել 4 մլն 616054 դրամի վնաս, ինչը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 193 հոդվածով: Ընկերության գործունեությունը խափանվել է, քանի որ «Երկիր մեդիա» եւ «Արմենիա TV» հեռուստաընկերություններից տնօրենը ձեռք է բերել ընդհանուր 4 մլն 200 հազար դրամ գումարի չափով գովազդի տեղադրման ժամանակահատվածներ, սակայն պատվիրատուները հրաժարվել են գովազդի տեղադրումից, ինչի պատճառով նշված գումարը վերադարձնել հնարավոր չի եղել: Լիանա Ղազարյանի պաշտպան, ճանաչված փաստաբան Հրանտ Գեւորգյանը հրաժարվեց պաշտպանական ճառից, միջնորդեց միայն, որպեսզի կարճվի սույն քրեական գործը եւ իր պաշտպանյալն արդարացվի:
Իսկ Լիանա Ղազարյանը բնականաբար, վերջին խոսք չէր կարող ասել:
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը հրապարակեց արդարացման դատավճռի եզրափակիչ մասը.անմեղ ճանաչվեց Լիանա Ղազարյանը, նրա նկատմամբ խափանման միջոց ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին վերացվեց, տեղեկացվեց արդարացվածի կրած հնարավոր վնասի հատուցման կարգի մասին:
Նշենք, որ այս տարի փաստաբան Հրանտ Գեւորգյանի պաշտպանյալների համար հինգերորդ արդարացման դատավճիռն էր:
Կարդացեք նաև
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Գովազդ՝ Առավոտի եթերու՞մ
«ճանաչված փաստաբան Հրանտ Գեւորգյան», -առաջին անգամ եմ լսում․․․
«Նշենք, որ այս տարի փաստաբան Հրանտ Գեւորգյանի պաշտպանյալների համար հինգերորդ արդարացման դատավճիռն էր:»- բոլորն են մեղադրող կողմի մեղադրանքից հրաժարվելու հիմքով արդարացվե՞լ: