ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքն այլեա քաղաքական դաշտ չի վերադառնալու, քանի որ քաղաքականությունն իր գործը չէ։
– Այնպիսի տպավորություն է, որ Դուք նեղացած եք ՀՀ իշխանություններից ու մեկուսացել եք։ Ինչո՞ւ։
– Մի հատ դեմքիս նայեք ու ազնվորեն ասեք, ես կարո՞ղ եմ մեկուսանալ, դուք պատկերացնո՞ւմ եք՝ ես մեկուսանամ։ Կամ ես աղջի՞կ եմ, ինչ եմ, որ նեղանամ։ Ես ընդհանրապես չեմ նեղանում։
– «Հարսնաքար»-ի հայտնի դեպքերից հետո Դուք քաղաքական դաշտում ու
ընդհանրապես ակտիվ գործունեություն չեք ծավալում։ Հենց այդ իրադարձություններից հետո, կարելի է ասել, «անհետացել» եք դաշտից ու գնացել Արցախ։
Կարդացեք նաև
– Արցախն իմ հայրենիքի մի մասնիկն է։ Հիմա տեղափոխվել եմ Արցախ, ոչ թե, ասենք, Մոնակո։ Իմ հայրենիքի մի մասում ամառանոց եմ կառուցել ինձ համար, ուզում եմ հաճելի կյանքով ապրել։ Դուք կարող եք գնալ Արցախում հետաքրքրվել, թե ես երբվանից եմ այնտեղ ու թե «Հարսնաքար»-ի չարաբաստիկ դեպքերը երբ են եղել:
– Իսկ վերադառնալո՞ւ եք քաղաքական դաշտ:
– Հազիվ պրծել եմ, ինչի՞ս է պետք։ Ես իմ սիրելի գործով եմ զբաղվում։ Քաղաքականությունն իմ գործը չէ, շատ վատ է, երբ մենք մտնում ենք էնտեղ, որը մերը չէ։ Մենք ունենք մեր գործն, ու ավելի լավ է դրանով զբաղվենեք, քան թե մտնում ենք քաղաքականություն ու չկարողանանք լիարժեք անել էն, ինչ ուզում ենք։ Ավելի լավ է մնաս այնտեղ, որտեղ դու կաս։
– Ըստ Ձեզ, այսօր քաղաքական դաշտում շա՞տ մարդիկ կան, ովքեր չպետք է լինեն քաղաքականությունում։
– Ես կարծում եմ՝ այո, շատ նախարարներ էլ կան։ Ու կարծում եմ՝ այդ նախարարները մի օր կհասկանան, որ իրենք երկրի համար խայտառակություն են։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում