Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ըստ ՊԵԿ-ի հրապարակած թվերի, ստվերային՝ ապրանքների չփաստաթղթավորված շրջանառությունը կրճատվել է մոտ 50 տոկոսով. «Հայկական ժամանակ»

Հուլիս 22,2014 11:04

Հուլիսի աոաջին տասնօրյակում Հայաստանում դուրս գրված հաշիվ-ապրանքագրերի քանակը կազմել է 400 հազար հատ՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի 260 հազարի դիմաց։ Իսկ այդ հաշիվ-ապրանքագրերում արտացոլված ընդհանուր գումարը կազմել է 89 միլիարդ դրամ՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի 60 միլիարդ դրամի դիմաց։ Փաստորեն, այս ցուցանիշը աճել է մոտ 50 տոկոսով։ Սա արդեն լուրջ թիվ է։
Պարզ ասած, ըստ ՊԵԿ-ի հրապարակած այս թվերի, անցած տարվա հուլիսի առաջին տասնօրյակի համեմատ, ստվերային՝ ապրանքների չփաստաթղթավորված շրջանառությունը կրճատվել է մոտ 50 տոկոսով։

Ի՞նչ են ցույց տալիս այս թվերը։ Եթե մի պահ պատկերացնենք, որ հուլիսի առաջին տասնօրյակում միայն այս փաստաթղթավորման արդյունքում ստվերից դուրս է եկել ապրանքաշրջանառության կեսը, ապա պետք է արձանագրենք, որ մինչ այդ Հայաստանում ստվերային տնտեսությունը եղել է ավելի քան 50 տոկոս, այնինչ, ամենակոշտ գնահատականներով, Հայաստանում ստվերային է տնտեսության 35-40 տոկոսը։ Այսինքն՝ եթե միայն մեկ տասնօրյակում հաշիվ-ապրանքագրերում արտացոլված ընդհանուր գումարը 60 միլիարդից հասնում է 89 միլիարդի, եւ համարում ենք, որ կեսն էլ դեռ մնացել է ստվերում, ապա ստվերը ամբողջությամբ վերացնելու դեպքում հաշիվ-ապրանքագրերում արտացոլված գումարը պետք է կազմեր մի 120 միլիարդ դրամ։

Սա, իհարկե, առաջին հայացքից պետք է համարել հարկային գերատեսչության մեծագույն հաղթանակ ստվերի դեմ պայքարում։ Բայց սա միայն առաջին հայացքից։ Իրականում սա բոլորովին այլ հետեւությունների հիմք է տալիս։ Երկրում, որտեղ տնտեսության 50 տոկոսը ստվերում է եղել եւ դա պաշտոնապես արձանագրվել է, ապա այդ երկրի հարկային մարմնի ղեկավարը պետք է հրաժարական տար։ Սա առաջին հետեւություն։
Երկրորդ հետեւությունն այն է, որ հրապարակված թվերի ու ցուցանիշների ետեւում բոլորովին այլ պատկեր է թաքնված։ Օրինակ՝ երեկ հրապարակած մեկ այլ տեղեկանքի համաձայն, «Ուրախ եւ տխուր» եւ «Բիո ունիվերսալ» ՍՊԸ-ներին առաջադրվել է 600 միլիոն դրամի չվճարված հարկ։ Եվ դա այն դեպքում, երբ այդ երկու ընկերություններն էլ չկան առաջին 1000 հարկատուների ցանկում։ Այդ ի՞նչ թաքնված խոշոր բիզնեսներ են դրանք, որոնք կարողացել են թաքուն գործել ու ավելի քան կես միլիարդ դրամի հարկերից խուսափել այսքան ժամանակ։ Եթե այսքան խոշոր գործարարները կարողացել են թաքուն բիզնես անել, ապա հարկայինի համապատասխան աշխատակիցները պետք է քրեական հետապնդման ենթարկվեն։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031