Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Էրեգ լավ էր քանց վուր էսօր»

Հուլիս 22,2014 10:03

Դեպրեսիայի մեջ ընկնելու ամենակարճ ճանապարհը անցյալի իդեալականացումն է: Հենց որ մենք սկսում ենք ինքներս մեզ եւ ուրիշներին ներկայացնել մեր մանկությունը, պատանեկությունը կամ երիտասարդությունը՝ որպես չընդհատվող հաճույքների եւ վայելքների շղթա, որից, ավաղ, այս հասուն տարիքում ստիպված ես հրաժարվել` այդ պահին «դարդոտվելը» մեկից մեկ է: «Առաջ ես ուժեղ էի, հարուստ էի, առողջ էի, անհոգ էի, առաջ կանայք (տղամարդիկ) ինձ ավելի շատ էին սիրում» եւ այլն: Այստեղից ուղիղ ճանապարհ է դեպի հետեւյալ հոգոցները. «Ախ, ինչի՜ մասին էի ես երազում 20 (30, 40) տարի առաջ, եւ, ախ, ինչպե՜ս են իմ այդ երազանքները փշրվել»:

Հավանաբար, յուրաքանչյուր մարդու մոտ կյանքի որոշակի հատվածում լինում են պահեր, երբ նա նման դեպրեսիվ մտորումների մեջ է ընկնում: Հայերիս մոտ կարծես թե դա ավելի շատ է ընդունված, քան այլ ժողովուրդների մոտ: Ընդ որում, ոչ միայն հիմա, ոչ միայն վերջին 25 տարում, այլեւ միշտ` որքան ես ինձ հիշում եմ: 1980 թվականին նույնպես 50-60 տարեկաններն ասում էին, որ «իրենց վախտերով» կյանքն ավելի հարուստ էր, ապրանքներն ավելի էժան էին, մարդիկ ավելի ուրախ էին ու բարի:

Մարդկային այդ, ես կասեի, թուլությունը շահագործում են քաղաքական գործիչները: 25 տարվա ընթացքում դաշտում եղած քաղաքական գործիչների մեծ մասը արդեն հասցրել է լինել եւ ընդդիմություն, եւ իշխանություն: Նախկին իշխանավորների գլխավոր թեման է` «ախ, ինչ լավ էր մեր վախտերով»: Եվ մարդիկ, տրամաբանությանը հակառակ, մտածում են, որ ինչ-որ կախարդական էլեքսիր են խմելու եւ ստանալու են այն լավ զգացողությունները, որոնք ունեցել են (կամ կարծում են, թե ունեցել են) 10, 20 կամ 30 տարի առաջ:

70-ն անց մարդկանց մի մասը հույս ունի, որ եթե Հայաստանում իշխանության գան կոմունիստները կամ/եւ վերականգնվի Խորհրդային Միությունը (երկու ենթադրություններն էլ ֆանտաստիկայի ժանրից են), ապա Լենինականի երշիկը կդառնա 4 ռուբլի 50 կոպեկ, իսկ նվազագույն աշխատավարձը կդառնա 120 ռուբլի: Իսկ ամենակարեւորը` նրանք կդառնան 30-40 տարեկան` այդ տարիքին հատուկ առողջությամբ եւ կայտառությամբ:
Նրանք, ովքեր հարստացել են Ռոբերտ Քոչարյանի օրոք, պնդում են, որ «այն ժամանակ երկիրը զարգանում էր»: Հավանաբար, նվազագույն աշխատավարձը 1000 դոլար էր կամ հացի գինն էր 10 դրամ: Կամ` արտագաղթ չկար: Կամ էլ` ժողովրդավարությունն էր ծաղկում: Եվ հիմա, եթե նորից Քոչարյանը գա, նրանք 10 տարով կերիտասարդանան եւ նոր թափով կհարստանան: Ճիշտ է, ինքը` երկրորդ նախագահն այդ պատրանքները, հավանաբար, չի կիսում` նրա թոռնիկը ծնվել է Միացյալ Նահանգներում եւ, հետեւաբար, մեխանիկորեն դարձել է ԱՄՆ քաղաքացի: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Քոչարյանը Հայաստանի հետ իր ապագան չի կապում:

Այդ ամենն, իհարկե, չի նշանակում, որ կոմունիստների կամ անկախ Հայաստանի երեք նախագահների օրոք լավ բաներ չեն եղել կամ չկան: Պարզապես պետք չէ անցյալն իդեալականացնել` անցյալում կարելի է գտնել թե դրական եւ թե բացասական երեւույթներ: Հակառակը մտածելը դեպրեսիայի բուն է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Մարդ says:

    Եթե մեկի մատը փուշ է մտնում եվ ցավազրկելու միջոց չկա , ցավը չզգալու միջոցներից է պատկերացնել թե ոչ մի փուշ էլ չի մտել հետեվաբար հիշել թե ինչպիսին էր մատը նախկան փուշ մտնելը.

  2. Մարդ says:

    Հիմնական դեպրեսիաի պատճառը փուշն է ոչ թե հինը հիշելը

  3. Մարդ says:

    Որպես դրսից նկատող մարդ, երբ 2000 թվին բարեկամ ծանոթին 50 դոլար էիր ուղարկում , մարդիք չեին իմանում ինչպես շնորհակալություն հայտնեն. Իսկ 2006 թվին 100 -150 դոլլար ուղարկելուց դեռ մի բան ել պարտք ես մնում. Եթե դա տնտեսական աճ եվ կենսամակարդակի բարցրացում չի , բա ինչ ա ?

  4. alfred says:

    Հիշողությունը աստծո տված պատիժն է մարդուն:Հիշողությունը երբեք քաղցր չի լինում,դա գրողների հորինածն է, լավ բան հիշելուց վերջում ախ էս քաշում, վատը հիշելուց էլ կատաղում:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031