Այսօր Կապանի քաղաքապետարանում կայացավ Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերի եւ «Կայուն զարգացում» հ/կ-ի համատեղ իրականացրած «Արևային ջրատաքացուցիչ համակարգի կառուցում Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում» ծրագրի շնորհանդեսը:
Ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում կառուցվել և շահագործման է հանձնվել արևային ջրատաքացուցիչ համակարգ, ինչպես նաև իրականացվել են շենքի էներգաարդյունավետության բարձրացման մի շարք միջոցառումներ: Տեղադրվել են արեւային մարտկոցներ, փոխվել են արտաքին դռները, շիկացող լամպերը փոխարինվել են էկոնոմ լամպերով եւ այլն: Ծրագրի պատասխանատուների խոսքով` համակարգի կիրառման արդյունքում դիսպանսերը 1 տարվա ընթացքում կխնայի ավելի քան 2 մլն դրամ գումար:
«Տարվա կտրվածքով դիսպանսերը ծախսում է 6 հազար 285 խ.մ գազ, 21 հազար 698 կիլովատ էլեկտրաէներգիա, իսկ արեւային ջրատաքացուցիչ համակարգի տեղադրման արդյունքում բավականին խնայողություն կանի դիսպանսերը: Համակարգը տեղադրելուց հետո հոգեբուժարանում ջուրը չի տաքացվի գազի եւ էլեկտրականության միջոցով, եւ հետեւաբար, տարվա կտրվածքով օդային ավազան չեն արտանետվի նաեւ մոտ 12 տոննա ջերմոցային գազեր եւ այլն: Ծրագրի շրջանակներում ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղում եւս կառուցվել է արեւային ջրատաքացուցիչ համակարգ: Ծրագիրը նպատակ է հետապնդում, որպեսզի հանրության լայն շրջանակներին տեղեկացնենք արեւային ջրատաքացուցիչ համակարգերի կամ արեւային էլեկտրական մարտկոցների օգտագործման արդյունավետության մասին», – ասաց «Կայուն զարգացում» հ/կ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը եւ չբացառեց, որ ծրագրի իրականացումից հետո տարբեր ուսումնական, բժշկական եւ այլ հաստատությունների շրջանում եւս համակարգի կիրառման պահանջարկ առաջանա եւ այս ոլորտը զարգանա մարզում: Նա նաեւ ընդգծեց, որ արդյունավետության տեսակետից համակարգի կիրառումն հատկապես նպաստավոր է ծովի մակարդակից բարձր գտնվող մարզի Սիսիան եւ Քաջարան քաղաքների համար:
«Եթե Հայաստանը համեմատենք Եվրոպայի երկրների հետ, ապա մեր երկրում արեւային էներգիայի ոլորտի զարգացման համար կրկնակի նպաստավոր են բնակլիմայական պայմանները: Եվրոպայում 1 ք.մ մակերեսի վրա տարեկան կտրվածքով էներգիայի քանակը կազմում է 800-1200 կվ/ժամ, իսկ Հայաստանում` 1700-2400 կվ/ժամ էներգիա: Սակայն Հայաստանում չկա պետական մոտեցում վերականգնվող էներգիայի ոլորտի զարգացման ուղղությամբ, բացառությամբ ՀէԿ-երի կառուցման եւ տվյալ ճյուղի զարգացման առումով», -հավելեց Արմեն Փարսադանյանը:
Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերի տնօրենը ընդգծեց, որ արեւային ջրատաքացուցիչ համակարգի տեղադրման արդյունքում ոչ միան ծախսերն են նվազել, այլեւ լիովին փոխվել է դիսպանսերի մթնոլորտը:
Կարդացեք նաև
«Համակարգի տեղադրումից հետո ամբողջ դիսպանսերը` բաժանմունքները, հիվանդասենյակները, հագուստները մշակվում են տաք ջրով: Եթե նախկինում մեզ մոտ ապակիներն ու հատակը լվանում էին սառը ջրով, ապա այսօր հնարավորություն կա տաք ջրով բոլոր մաքրման աշխատանքներն իրականացնել, սառի ջրի փոխարեն ճաշն էլ են տաք ջրով եփում եւ ցանկացած պահի հոսանքն ու գազը խնայում ենք: Դիսպանսերի մթնոլորտը լիովին փոխվել է: Հիվանդներն ամռանն ամեն օր լողանում են, մաքուր են, հոգեկան հիվանդ սպասարկող աշխատակիցն էլ կարող է հերթափոխն հանձնելուց հետո ցնցուղ ընդունել, դիսպանսերում առկա սպեցիֆիկ հոտն էլ է վերացել: Ամեն օր մեզ մոտ 1 տոննա 200 լիտր ջուր հնարավոր է տաքացնել` 50-ից մինչեւ 90 աստիճան, կախված արեւափայլից: Ձմռանը մենք ոչ թե +4 աստիճանի ջուրը կտաքացնենք մինչեւ +42 աստիճան, այլ +25-30 աստիճանի ջուրը», – տեղեկացրեց Արարատ Վարդանյանը:
Տարվա ընթացքում օրական միջինը 55 հիվանդ սպասարկող Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում խնդիրները շատ են, իսկ պետության հնարավորությունները` սուղ, ուստի դիսպանսերի ղեկավարությունը փորձում է հովանավորների ֆինանսական աջակցությամբ ծրագրեր իրականացնել եւ հոգալ մյուս կարիքները:
«Արեւային ջրատաքացուցիչ համակարգը տեղադրվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գլոբալ էկոլոգիական հիմնադրամի փոքր դրամաշնորհների ծրագրի ֆինանսավորմամբ եւ Սյունիքի մարզում ԵԱՀԿ ծրագրերի իրականացման գրասենյակի աջակցությամբ:
Բացի այս ծրագիրը, տարբեր հովանավորների մատուցած հնարավորությունների շնորհիվ` այսօր հոգեբուժարանում կահույքագործության, մեղվաբուծության, փոքր գյուղատնտեսության ճյուղերն ենք զարգացնում, սպորտային-երաժշտական թերապիաներ ենք իրականացնում եւ այլն», -ավելացրեց Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերի տնօրեն Արարատ Վարդանյանը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ