Արևիկի 4-ամյա բնակիչ Սուրեն Պողիկյանի` Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական մանկական հիվանդանոցում նշիկների վիրահատությունից 5 օր անց գրանցված մահը խուճապ է սկսել Շիրակի մարզում: Փոքրահասակ երեխաներ ունեցող ծնողները անչափ անհանգստացած են. ի՞նչ երաշխիք ունենան, որ նույնը իրենց երեխաների հետ չի պատահի: Aravot.am-ը Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանին խնդրեց մեկ անգամ ևս պարզաբանել տեղի ունեցածը և պատասխանել խուճապի մեջ հայտնված ծնողներին:
«Շատ ցավալի է, որ էդ դեպքը տեղի է ունեցել. դեպքը եղել է հետվիրահատական չնախատեսված բարդության պատճառով, արդեն իսկ դիահերձվել է, դատաբժշկական նախնական եզրակացությունը կա, որ արյունահոսություն է սկսվել, հազացել է երեխան, հանկարծակի արյունահոսություն է սկսվել, մինչև կհասնեին ռեանիմացիայի բաժանմունք, արյունը մեխանիկորեն լցվել է շնչափողը և խեղդվել է կարելի է ասել: Ասֆիքցիա է առաջացել, նախնական դատաբժշկական եզրակցությունը սա է:
Վիրահատության 5-դ օրն է եղել, նա նախորդ օրը հաց է կերել արդեն, հաջորդ օրը նախապատրաստել են, բերել են, որպեսզի երեխան սնվի, չի հասցրել սնվել, այլ հազացել է, հազալը առաջացրել է արյունահոսություն»:
Ըստ պաշտոնյայի, սա դեռ նախնականն է, դատաբժշկական վերջնական եզրակացությունը պատրաստ կլինի մոտ մեկ ամսից: Հովհաննես Հովհաննիսյանի ասելով, նմանատիպ վիրահատության դեպքում հիվանդին հենց նույն օրը կամ մեկ օր տուն են ուղարկում, սակայն այս դեպքում բժիշկը մտահոգություն է ունեցել և նրան պահել է հսկողության տակ` հիվանդանոցում, և բժշկին անուշադիր լինելու մեջ չի կարելի մեղադրել: «Իսկ եթե տեխնիկական ինչ-որ սխալ է եղել, այս առումով արդեն համապատասխան քննությունները գնում են, մասնագիտական եզրակացությունը կլինի, որից հետո կարող ենք անդրադառնալ այս խնդրին»,- ասաց մարզպետարանի պաշտոնյան: Հովհաննես Հովհաննիսյանը խուճապի մեջ հայտնված ծնողներին խորհուրդ է տալիս չվախենալ, որովհետև, ըստ նրա, այս եզակի դեպքով չի կարելի բնութագրել ոչ բժշկին, ոչ էլ հիվանդանոցը. այնտեղ հազարավոր նմանատիպ վիրահատություններ են կատարվել այստեղ:
Կարդացեք նաև
Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանն էլ մեզ փոխանցեց, որ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 130 հոդվածի հատկանիշներով: Կնշանակվի համապատասխան փորձաքննություն, եթե լինի բժշկական սխալ, կտրվի համապատասխան իրավական գնահատական: Նշենք, որ 130 հոդվածը` Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, նախատեսում է
1. Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով, եթե բուժվող հիվանդի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով:
2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Նշենք նաև, որ այս դեպքը հայտնվել է Մարդու իրավունքների պաշտպանի հսկողության տակ, ինչպես մեզ փոխանցեցին 4-ամյա Սուրենի հարազատները, իրենք երեկ ահազանգել են նաև ՄԻՊ-ի գրասենյակ, որը և պատշաճ ձևով արձագանքել է:
Մանրամասները` տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
այնտեղ հազարավոր նմանատիպ վիրահատություններ են կատարվել այստեղ: ??????????????