Այսօր Նոր Նորքի եւ Մալաթիա Սեբաստիա համայնքի մի շարք ուղեւորներ ստիպված են եղել մեկ ժամից ավելի սպասել թիվ 59 միկրոավտոբուսին: Նյարդայնացած ուղեւորների դժգոհություններին ի պատասխան, գծում եղած մի քանի միկրոավտոբուսի վարորդներն ասել են`գծում մեքենաներ չկան, բացի այդ, նրանք նշել են, որ վարորդներ էլ չունեն: Այս երթուղին, որը նախկինում սպասարկել է թիվ 90 միկրոավտոբուսը, սպասարկում է Նոր Նորքից Հարավ արեւմտյան թաղամասը: Երթուղին անցնում է այնպիսի բանուկ փողոցներով որոնք են` Բաղյան-Ռուբինյանց – Պ.Սեւակի-Ազատության -Կոմիտասի պողոտաները, Կասյան-Կիեւյան -Լենինգրադյան փողոցները, Ծիծեռնակաբերդի խճուղին Աթենքի, Ծովակալ Իսակովի պողոտան,Սեբաստիայի փողոցը եւ այլն:
Չնայած նրան, որ մայրաքաղաքի ներքաղաքային կանոնավոր ուղեւորափոխադրումների երթուղային ցանցը 1-2 տարի առաջ փոփոխվեց, եւ նորացվեց, այդուհանդերձ, ամռան ամիսներին, որոշ երթուղագծերում, միկրոավտոբուսների պակասի խնդիրը կա: Բացի այն, որ մի շարք երթուղագծեր չունեն համապատասխան քանակի մեքենաներ, ինչը որ ցույց են տվել մրցույթի ժամանակ եւ գիծը շահագործելու մրցույթը շահել, դեռ մի բան էլ ամռանը, վարորդները գերադասում են, գծից դուրս, այսպես ասած «գրդոն անել» : Քաղաքից դուրս երթերով նրանք վաստակում են իրենց մի քանի օրվա աշխատանքի գումարը, ինչը որ չեն ստանում գծում ծառայություն մատուցելով:
«Aravot.am»-ի հետ զրույցում Երեւանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը հաստատեց, որ այսօր թիվ 59 երթուղագծում, իսկապես, որոշ խնդիրներ եղել են, սակայն պարոն Նավասարդյանը վստահեցրեց, որ ուղեւորները ոչ թե մեկ ժամից ավելի են սպասել, այլ` 20-25 րոպե: Նշենք, որ ըստ չվացուցակի, այս համարի միկրոավտոբուսը պետք է գիծը սպասարկի 6 րոպեն մեկ, իսկ համաձայն երթուղային ցանցի պայմանների, գծում պետք է աշխատի 20 մեքենա: Մինչդեռ այսօր «Aravot.am»-ին ահազանգած ուղեւորները վկայեցին, որ մնացած օրերին էլ 10-12 րոպեից շուտ այս միկրոավտոբուսները չեն գալիս:
Հենրիկ Նավասարդյանի խոսքերով, այսօր խնդիրն այն է եղել, որ պետավտոտեսչության կատարած ստուգումների արդյունքում, գծից մեքենա է տարվել տուգանային հրապարակ: Մյուս վարորդներն էլ, ժամանակավոր` 20-25 րոպե ուշացրել են գիծը սպասարկելը, քանի որ կատարված դեպքի առիթով հավաքվել են` դեպքը քննարկել:
Կարդացեք նաև
Վարչության պետի տվյալներով, այսօր առավոտյան գիծ են դուրս եկել 18 միկրոավտոբուս եւ քանի որ մեկ մեքենա տարվել է տուգանային հրապարակ, մյուսների սպասարկելու միջակայքը նախատեսվածից երկարել է: Մեր հարցին, թե երթուղային ցանցով սահմանված է օրեկան 20 միկրոավտոբուս, պարոն Նավասարդյանն ասաց, որ ամռանն էլ, շոգ եղանակով պայմանավորված, մեքենաները, երբեմն, տեխնիկական խնդիրներ են ունենում:
Թիվ 59 երթուղին սպասարկում է «Տիգրան» ՍՊԸ-ն:
Մանրամասները` տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ