Հուլիսի 21-ին Տավուշի մարզպետարանի դահլիճում կայացավ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին նվիրված խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզի համայնքների ղեկավարներ, հանրակրթական դպրոցների տնօրեններ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ:
Այն վարում էր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: ՀՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գեւորգ Դանիելյանը եւ նույն հանձնաժողովի անդամ, ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Գրիգոր Մուրադյանը ներկայացրին սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը, երկրի հիմնական օրենքում առաջարկվող փոփոխությունները: Բանախոսներին մենք հարց տվեցինք, թե սահմանադրության եւ դրա բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ բնակչության քիչ իրազեկվածությունը կարո՞ ղ է պատճառ դառնալ, որ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն քաղաքական ուժերի մասնակցությամբ վերածվի իշխանության նկատմամբ վստահության հանրաքվեի: Գրիգոր Մուրադյանն ասաց.
«… Ցանկացած սահմանադրական բարեփոխումների հանրաքվե, իհարկե, վստահություն է իշխանությունների հանդեպ, չկա՞ վստահություն, այդ հանրաքվեն կձախողի: Դա շատ բնական է, եւ ինչու չէ՝ վստահություն է նաեւ բովանդակային ծրագրերի մասով, թե ինչպես է այդ իշխանությունը ներկայացնում ժողովրդին սահմանադրական բարեփոխումների իր տեսլականում: Այսինքն՝ եթե դա եղավ համոզիչ ժողովրդի համար՝ բնականաբար դա կլինի վստահություն իշխանության հանդեպ: Մասամբ հիմա մենք դրանով ենք այստեղ զբաղված, մենք եկել ենք այստեղ, որ ձեզ ներկայացնեք, ձեր ընտրությանը ներկայացնենք սահմանադրական բարեփոխումների հիմնական էությունը: Դա, իհարկե, մասնագիտական էական կարողություններ է պահանջում ընկալելու այդ փաստաթղթի ամբողջ բովանդակությունը, տրամաբանությունը : Այնուհանդերձ, մենք դեռ ամիսներ շարունակ,երբ մշակելու ենք սահմանադրական բարեփոխումների տեքստը, այդ հնարավորությունը ունենալու ենք: Շատ ենք կարեւորում քաղաքական ուժերի ներգրավումը այդ գործընթացին: Եվ անկեղծ ասած,անհասկանալի է այն մոտեցումը, որ եկեք լուծենք տնտեսական խնդիրները կամ սոցիալական խնդիրները, նոր անցնենք սահմանադրական բարեփոխումներին: Շատ քաղաքական ուժեր բարձրաձայնել են այս հիմնահարցերը ,որոնք իրենց որոշակի լուծումներով (լավ թե վատ՝ դա արդեն գնահատում է հանրությունը ) արտացոլված են: Օրինակ՝ անցում խորհրդարանական կառավարմանը,անցում համամասնական ընտրակարգին՝ որոշակի առանձնահատկություններով հանդերձ: Մենք ունենք մեր պետության իրավական անվտանգությանը սպառնացող լուրջ վտանգ, որովհետեւ մեր ժողովուրդը պետք է այն արժեքները, որոնք ամրագրված են սահմանադրության մեջ, դրանք չպետք է ընկալի որպես օտարածին արժեքներ: Այսօր կան տեսակետներ, որ դրանք օտարածին, մեր վզին փաթաթված արժեքներ են Դա բնավ այդպես չէ: Եթե մեր ընդդիմախոսները ուշադիր լինեն՝ մեր ամբողջ պատմությունը Մխիթար Գոշի «Դատաստանագրքից» սկսած» եւ «Որոգայթ փառացը» փաստում են, որ մարդու ազատության գաղափարը բացարձակ օտարածին արժեք չէ մեզ համար»:
Գրիգոր Մուրադյանն ասաց, որ սահմանադրական բարեփոխումների արդյունքում մեր ժողովուրդն առաջին անգամ ընտրելու է իր կառավարման մոդելը:
Կարդացեք նաև
Գեւորգ Դանիելյանը համաձայն չէ այն կարծիքին, թե ցանկացած հանրաքվե կարելի է համարել իշխանության հանդեպ վստահության հանրաքվե: Նրա խոսքերով՝ եթե հանրաքվեով առաջարկվում է իշխանությունն ավելի կենտրոնացված դարձնել կամ երկրի նախագահին լրացուցիչ լիազորություններ տալ , ապա դա կարելի է համարել իշխանության նկատմամբ վստահության հանրաքվե: Ըստ Գ. Դանիելյանի՝ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգով, ընդհակառակը՝ կառավարման ձեւն ավելի ժողովրդավարական է դառնում, Արդարադատության խորհրդի անդամների լիազորությունները վերանայվում են, որպեսզի նրանց անկախությունն ապահովվի:
Գրիգոր Մուրադյանը եւ Գեւորգ Դանիելյանը կարեւորեցին սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ բնակչության իրազեկության բարձրացումը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ