Ինչպես տեղեկացրել ենք,երեկ Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական մանկական հիվանդանոցում նշիկների վիրահատությունից 5 օր անց մահացել էր Արևիկ գյուղի բնակիչ, 2010 թվականին ծնված Սուրեն Պողիկյանը:
Այսօր մենք այցելեցինք գյուղ, որտեղ և երեխայի հարազատները`քեռիները, հոր հորեղբայրը և այլք, վրդովված պատմում էին կատարվածը: Հարազատները պատմեցին, որ երեխայի նշիկները վիրահատելու համար 4-5 ամիս առաջ հերթագրվել են հիվանդանոցում, ու երբ հերթը հասել է, իրենց իսկ բառերով ասած՝ 100 տոկոսանոց առողջ երեխային տանելով վիրահատության` դիակն են բերել:
«Մյուսների վիրահատությունը 15 րոպե տևեց, բայց երբ հերթը հասավ մեր երեխային, տևեց ուղիղ 3 ժամ, երբ բժշկուհի Սահակյանին հարցրեցինք` ի՞նչ է եղել, նա ասաց, որ բարդ վիրահատություն էր, էսպիսի վիրահատություն դեռ հեչ չէր արել: Բայց Սուրենը 5 օրվա ընթացքում գնալով վատանում էր, վերջը կիրակի օր, երբ բժշկուհու ազատ օրն էր, առավոտյան ժամը 8.15 րոպեին Սուրենը արյունահոսեց ու մեռավ», -պատմում էր երեխայի քեռին:
Բարեկամուհիներից մեկն էլ` Հեղինե Սուքիասյանն ասաց, որ հետվիրահատական շրջանում երեխան քանի գնացել, վատացել է, սակայն այդ ընթացքում նույնիսկ չեն առաջարկել Երևան տեղափոխել:
Երեխայի քեռիներից մեկի ասելով էլ, իրենք թեև բժշկությունից շատ հեռու են, բայց իմացել են, որ վիրահատելիս երեխայի երակն են կտրել- կարել, որից հետո ծակ է մնացել, արյունը ներս է գնացել դեպի թոքերը:
«3-4 օրը երեխան կրծքի ցավեր ուներ, բայց բժշկուհին եկել, ասել է նորմալ է,երեխան հազում էր, բժշկուհին ասում էր` դա էլ նորմալ է, թե ո՞րն է դրա նորմալը…Դեպքից հետո ոչ մի պատասխանատու չկար, որ հետը խոսեիր, էնտեղ սպարտիվկով մի ջահել տղա էր կանգնած միայն, քննիչներին համոզում էր, թե իրենք ուշադիր են եղել երեխային»,- ասաց քեռին:
Հարազատները անչափ վրդովված էին, որ հիվանդանոցից որևէ մեկը դեռ իրենց չի մոտեցել, գոնե խոսքերով չի մխիթարել, այլ ընդհակառակը դեպքից հետո բոլորը թաքնվել են: Իսկ նրանք ականատես են եղել դաժան տեսարանի, լսելով երեխայի մահվան մասին, շտապել են հիվանդանոց. սենյակը ծայրից ծայր հեղեղված է եղել արյունով:
Ի դեպ, մայրը մեծ ցանկություն ուներ խոսելու, սակայն սպասում էր Յակուտիայում գտնվող հոր վերադարձին, որը երեկոյան կլինի Արևիկում:
Մեզ այսօր չհաջողվեց պարզաբանումներ ստանալ հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանից, ինչպես նաև վիրահատող բժշկուհի Սահակյանից. վերջինս մեր հեռախոսազանգերին չի պատասխանում, իսկ տնօրենը մեկնել էր Երևան:
Այս թեմայի շուրջ Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանի ու Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի պարզաբանումները՝ քիչ անց:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Վերջն ինչքան կարելի է սպանել կամ հաշմանդամ դարձնել? Բժիշկները դարձել են ղասաբներ: Ցավն այն է, որ նման ողբերգությունները շատ հանգիստ են տանում առողջապահության ոլորտի պատասխանատուները` փորձելով համոզել, որ բժիշկը մեղք չունի: Շիրակի մարզի առողջապահության վարչության պետը աամեն մի ողբերգության ժամանակ չգիտես ինչ է բարբաջում առանց հասկանալու ու հաշիվ տալու իր անիմաստ բացատրությունները: Վերջը մարդկային կյանք է ընդհատվել ողբերգական ձևով այն էլ երեխայի, ով է պատասխան տալու? Երեխան խեղդվել է, ասում է ամենաիմացը: Ասաց ու վերջակետ դրեց, էստեղ են ասել փառք քո չեղած խելքին: երես դնելով անամոթաբար կոծկում ես ողբերգության մեղավորներին: Դեռ փորձաքննություն չեղած մեղադրում է խեղճ երեխային, որ մահացել է խեղդվելու պատճառով: Ամեն անգամ էլ նման ողբերգություններից խոսելիս այնպիսի միապաղաղ, անտարբեր ձայնով է խոսում, կարծես ճիճուների մասին է խոսում: Դու ու քքեզ նմանները ոնց են հանգիստ խղճով ապրում այս աշխարհում: