Ինչպես տեղեկացրել ենք, հայ գործարար Լեւոն Հայրապետյանի մամլո ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ հորդորելով չքաղաքականացնել նրա հետ տեղի ունեցածը: Հաղորդագրության մեջ ասվում է, որ Լեւոն Հայրապետյանը ձերբակալվել է շինծու մեղադրանքների հիման վրա, որոնք իրականության հետ ոչ մի աղերս չունեն: Մոսկվայում Հայրապետյանի փաստաբանները խնդրել են Լեւոն Հայրապետյանի ձերբակալությունը չդարձնել Հայաստանի եւ Ռուսաստանի բարեկամության վրա ստվեր գցող երեւույթ, նրա վրա շինծու գործ կարողներին չնույնականացնել ՌԴ բարձրագույն իշխանության եւ ռուս ժողովրդի հետ եւ չքաղաքականացնել տեղի ունեցածը:
Լեւոն Հայրապետյանի ձերբակալությունը քաղաքական դրդապատճառների հետ էր կապել «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Հուլիսի 21-ին Aravot.am-ի հետ զրույցում Արմեն Մարտիրոսյանը վստահեցրեց, որ կհարգի փաստաբանների այդ խնդրանքը:
Մեր հարցին՝ նման կարծիքները ինչքանո՞վ կարող են վնասել գործին՝ պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ դրանք կվնասեն, եթե պատճառը քաղաքական չէ, արդար քննություն է ընթանում: Եթե քաղաքական պատճառ կա, հնարավոր է, որ վնասեն: Հակառակը չեմ ուզում պնդել, փաստաբաններն ավելի շատ ինֆորմացիա կունենան»:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Լեւոն Հայրապետյանի ձերբակալությանն անդրադարձել էր միայն իրավական տեսանկյունից եւ հայտարարել, որ «շատ շնորհակալ ենք բարերարներից, բայց եթե մարդիկ օրենք են խախտում, գնանք ասենք՝ մեր բարերա՞րն է»:
Կարդացեք նաև
Հարցին՝ այս «ոչ քաղաքական» կարծիքը կարո՞ղ է ազդեցություն ունենալ գործի ընթացքի վրա՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Ես այլեւս չեմ ցանկանա շատ ծավալվել, եթե փաստաբանները նման հայտարարություն են տարածել, բայց խիստ կասկածելի է, որ նման բարեգործություն արած անձնավորությանը վարչապետը ոչ թե ասում է՝ մենք հնարավորինս հետամուտ կլինենք, որ արդար հետաքննություն լինի եւ այլն, այլ ասում է՝ դե որ օրենք է խախտել, ո՞նց չբռնեն: Դա խիստ կասկածելի է արդեն: Առավել եւս, որ վարչապետի ասածը անմեղության կանխավարկածն է խախտում»:
Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ Լեւոն Հայրապետյանն այն հասարակական գործիչներից է, որ իսկապես մեծ ծավալի աշխատանք է կատարել հայության համար, եւ հայությունը եւս պետք է բավականին աչալուրջ հետեւի այդ ամենին, նաեւ իշխանությունները:
Մեր հարցին՝ ասում են, որ Ռոբերտ Քոչարյանը եւ Լեւոն Հայրապետյանը մտերիմ ընկերներ են եղել, այս լռությունը Ռոբերտ Քոչարյանի կողմից ինչպե՞ս կմեկնաբանեք, նաեւ հաշվի առնենք, որ Գագիկ Ծառուկյանն էլ իր մամուլի ծառայության միջոցով իրավական օգնություն էր ուղղակի առաջարկել՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Մամուլի քարտուղարի կողմից հայտարարություն տարածելն էլ է պաշտոնական պատասխան: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, ես չգիտեմ, թե նրանք ինչ հարաբերությունների մեջ են, ես անձնապես Լեւոն Հայրապետյանին չեմ ճանաչում, բայց արձագանք հատկապես Արցախից բուռն եղավ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ