Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ կապ ունի ՀՀ միջուկային անվտանգության կոմիտեն Fashion channel-ի, НТВ+футбол-ի հետ

Հուլիս 21,2014 17:25

Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն Ucom ընկերությունից թվային հեռուստատեսության ծառայություն է գնել. պայմանագրի արժեքը 132 հազար 480 դրամ է: Ուշագրավն այն է, որ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի Ucom-ի մատուցող հեռուստաալիքներում գերակշռում են սպորտային հեռուստաալիքները: Օրինակ` НТВ+футбол, НТВ+спорт плюс, НТВ+спорт online, НТВ+Наш футбол, Россия 2 футбол, Eurosport, Eurosport 2:

Բացի սպորտից, կոմիտեն Ucom-ից ստանում է նաեւ նորաձեւության լուրեր հեռարձակող World fashion channel հեռուստաալիքն ու տեղական Դար 21-ը: Բացի այս ալիքներից, կոմիտեն նույն պայմանագրով օգտվում է նաեւ տեղական եւ միջազգային այլ ալիքներից:
Թե ի՞նչ կապ ունեն նորաձեւությունն ու սպորտային ալիքները միջուկային անվտանգության հարցերով զբաղվող պետական կառույցի հետ, փորձեցինք պարզել կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանից:

«Այդ ալիքներից դուրս մենք լրացուցիչ նաեւ նորությունների ալիքներ ենք վերցրել: Դա փաթեթ է, եւ ես չէի կարող հանել տալ այդ ալիքները (նկատի ունի սպորտայինն ու նորաձեւության ալիքները Ն. Բ.): Համարյա չենք նայում, երբ դեպք է լինում էներգետիկայի հետ, ինտերներտն ավելի ուշ է մատուցում նորությունը, քան ասենք BBC-ն, CCN-ը, դրա համար էլ վերցրել ենք Ucom-ի ծառայությունը: Հիմա ընդհանրապես անջատված է հեռուստացույցն էլ, մոդեմն էլ, կարող եք գալ ստուգել, որ անջատած է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց պարոն Մարտիրոսյանը:

Մեր այն հարցին էլ, եթե հաճախ կարիքը չեք ունենում այդ փաթեթի հեռուստաալիքները դիտելու, այդ դեպքում ինչո՞ւ եք գնել այդ ծառայությունը, պարոն Մարտիրոսյանն ասաց. «Դե կարիք չկա, քանի դեռ թու-թու-թու մի դեպք չի պատահում, օրինակ Ֆուկոսիման (Ճապոնական Ֆուկոսիմա ատոմակայանի վթարը Ն.Բ»), որ եղավ, էն ժամանակ անընդհատ միացված էր հեռուստացույցը»:

Aravot.am-ի հարցին էլ, որ այդքան շատ սպորտային ալիքներ ունեք, գոնե ֆուտբոլի աշխարհի առաջնությունն այդ ալիքներից մեկով դիտե՞լ եք, կոմիտեի նախագահը վստահեցրեց, որ անգամ աշխարհի խաղերը սպորտային միջազգային ալիքներով չի դիտել. «Հեռուստացույցն ընդհանրապես միացված չի եղել»: Ըստ պայմանագրի, ծառայությունը պետք է մատուցվի 2 հեռուստացույցի համար, թե որ սենյակների հեռուստացույցերի համար է, մեր այս հարցին էլ, պարոն Մարտիրոսյանն ասաց. «Մեկն իմ սենյակում է, բայց էլի անջատված է, ռազետկայից անջատել եմ, մյուսն էլ` խորհրդակցությունների սենյակում է, որն էլի անջատած է, մեկ-մեկ ենք միացնում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031