Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ խմբակցության ղեկավար. ՕԵԿ-ը փորձում է տեղ գտնել ընդդիմադիր դաշտում

Հուլիս 21,2014 17:19

«Կոալիցիայում իր տեղը չգտած քաղաքական ուժը, եթե գնում է ընդդիմություն, պետք է բողոքարկի այսօրվա սոցիալական իրավիճակը կամ ներքաղաքական կայունությունը: Այսինքն, որեւէ քաղաքական ուժ, եթե փորձ է կատարում տեղ գտնել, պետք է արդարացի, թե ոչ արդարացի՝ քննադատություններ հնչեցնի, որպեսզի արդարացնի նաեւ կոալիցիայից իր դուրս գալը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ անդրադառնալով նախկին կոալիցիոն գործընկեր ՕԵԿ նախագահի հնչեցրած քննադատություններին:

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին տեղի ունեցած հանրահավաքում ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, մասնավորաբար, ասել էր. «…քաղաքական իրավիճակը Հայաստանում իսկապես ծայր աստիճան մտահոգիչ է: Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր քաղաքական իշխանություն ամուր է, եթե այն բազմաբևեռ է, կոալիցիոն, ավելի շատ քաղաքական ուժեր ներառող , ինչը նշանակում է ավելի ուժեղ, ավելի բալանսավորված և ի վերջո ավելի մեծ հանրային և քաղաքական վստահություն ունեցող իշխանություն:Այսօրվա քաղաքական իշխանությունը Հայաստանում միահեծան է, միակուսակցական: Կոալիցիայից հերթով հեռացան Դաշնակցությունը, «Բարգավաճ Հայաստանը» և ամիսներ առաջ ՕԵԿ-ը: Սա նշանակում է, որ քաղաքական իշխանությունը թուլացավ, քաղաքական ու հանրային վստահության կշիռը պակասեց, ընդունվող օրենքների և որոշումների քաղաքական ու հանրային լեգիտիմության մակարդակը նվազեց: Ինչպես ցանկացած բազմակուսակցական երկրում, այնպես էլ Հայաստանում միահեծան քաղաքական իշխանությունը օրեցօր նվազեցնում է հեղինակությունը, խորանում է քաղաքական առճակատումը և ի հայտ են գալիս միակուսակցական համակարգի մյուս խոցելի կողմերը»:

Արթուր Բաղդասարյանը նաեւ սոցիալական եւ տնտեսական ծանր իրավիճակին առնչվող քննադատություն էր հնչեցրել:

Արթուր Բաղդասարյանի քննադատություններին ՀՀԿ խմբակցության ղեկավարն այսպես է արձագանքում. «Ընդդիմադիր դաշտում մրցավազք է՝ թե ո՞վ է այսօր ընդդիմությունը: Ընտրություններից դեռ երեք տարի առաջ արդեն այդ մրցավազքը սկսվել է»:

Չհամաձայնելով ՕԵԿ ղեկավարի հնչեցրած քննադատությունների հետ, Վահրամ Բաղդասարյանը գտնում է, որ. «Մարդիկ կրկին ուզում են, կրկին իրենց խնդիրները լուծել ընդդիմադիր դաշտում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031