Aravot.am-ը ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանից հետաքրքրվեց, թե որո՞նք են փոխհատուցման համար դատարան դիմելու պատճառները, սակայն վերջինս պատասխանեց, որ տեղյակ չէ հայցից եւ խնդրեց այդ մասին զրուցել իր փաստաբան Լեւոն Բաղդասարյանի հետ:
Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձ կատարվելուց հետո նրա առողջության վերականգնումը եվրոպական առաջատար կլինիկաներում արդյունավետ դարձնելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը հատկացրել էր 20.500 հազար դրամ:
Պարոն Հայրիկյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք կառավարության հատկացրած գումարը չի՞ բավարարել եւ դա է հայցի պատճառ հանդիսանում, սակայն նա պատասխանեց, որ շատ կուզենար, ինչպես աշխարհում ընդունված է, վնաս պատճառողի հաշվին բուժվեր.
«Հանցագործը պետք է իր պատճառած վնասը փոխհատուցի, այլ ոչ թե պետությունը, որին ես շատ սիրում եմ»:
Փաստաբան Լեւոն Բաղդասարյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ այսօր` հուլիսի 21-ին, հերթական դատական նիստն էր քննվում Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում. «Փոխհատուցման խնդիրն այն ժամանակից էր դրված, երբ նա ճանաչվեց տուժող եւ առկա էին հանգամանքները, որ քրեական հանցագործության հետեւանքով վերջինս վնասներ է կրել»:
Իսկ կառավարության` բուժման հատկացված գումարը, ըստ նրա, վնասի հետ բացարձակ աղերս չունի: Փաստաբանը նշեց, որ 40 միլիոն դրամ փոխհատուցում են պահանջում Պարույր Հայրիկյանի մահափորձ իրականացնելու մեղադրանքով դատապարտված Վարդան Սեդրակյանից, Սամվել Հարությունյանից եւ Խաչատուր Պողոսյանից.
«Այդ գումարի մեջ մտնում են բոլոր գումարները, ինչքան որ Պարույր Հայրիկյանը վնաս է կրել»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ