Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանաչողական այց Մայր բուհ

Հուլիս 21,2014 16:12

Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում Համազգային հայ կրթական և մշակութային միության նախաձեռնությամբ 20-րդ ուսանողական ֆորումի շրջանակներում ԱՄՆ-ի, Լիբանանի, Սիրիայի, Ֆրանսիայի, Ավստրալիայի, Կանադայի, Բրազիլիայի, Վրաստանի, Կիպրոսի տարբեր բուհեր ներկայացնող շուրջ 33 հայ երիտասարդներ հանդիպեցին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ:

Համազգային հայ կրթական և մշակութային միության հայաստանյան մասնաճյուղի նախագահ Լիլիթ Գալստյանը շնորհակալություն հայտնեց ԵՊՀ ռեկտորին հյուրընկալության համար և նշեց, որ Մայր բուհ այցելությունը ծրագրի ամենակարևոր բաղադրիչներից մեկն է: «Այս հայրենաճանաչ ծրագրի շրջանակներում ԵՊՀ այցելությունը մեծ առաքելություն ունի, քանի որ Մայր բուհն այն կրթօջախն է, որը Հայաստանի և Սփյուռքի համար կրթել է բավականին նշանավոր անհատներ, ովքեր լուրջ դերակատարություն են ունեցել ամենատարբեր բնագավառներում: Այսօր էլ Երևանի պետական համալսարանը ոչ միայն երկրի, այլև տարածաշրջանի առաջատար կրթական հաստատություններից է, որը շարունակում է կրթել սերունդներին: Եվ քանի որ ես նույնպես համալսարանական եմ, հպարտ եմ և ուրախ, որ հնարավորություն ունեմ սփյուռքահայ ուսանողներին ծանոթացնելու Մայր բուհին»,- ասաց Լիլիթ Գալստյանը:

Արամ Սիմոնյանը ողջունեց երիտասարդներին, ներկայացրեց ԵՊՀ պատմությունը, կրթական և գիտահետազոտական ծրագրերը, միջազգային համագործակցությունը, ուսանողական և մշակութային կյանքը, ինչպես նաև Մայր բուհում կրթությունը շարունակելու հնարավորություններն ու առավելությունը: «Մեր երիտասարդությունը շատ բանիմաց է և խելացի: Պետք է նշեմ, որ հրաշալի ուսանողներ ունենք, հատկապես բնագիտական թևի շրջանավարտները ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում լուրջ հաջողություններ են ունենում: Ցավով պետք է ասեմ նաև, որ այսօր սփյուռքահայ ուսանողների թիվը մեծ չէ, սակայն մենք ուրախ կլինենք ձեզնից յուրաքանչյուրին հյուրընկալելու մեր բուհում, քանի որ ԵՊՀ կրթական ծրագրերը համապատասխանում են եվրոպական չափանիշներին, իսկ այստեղ կուտակած կրեդիտները կարող եք օգտագործել եվրոպական ավելի քան 40 համալսարաններում»,- իր ելույթում նշեց ԵՊՀ ռեկտորը, այնուհետև պատասխանեց ծրագրի մասնակիցների հարցերին:

Համազգային հայ կրթական և մշակութային միության ուսանողական ֆորումն այս տարի մեկնարկել է հուլիսի 19-ին և տևելու է 17 օր՝ մինչև օգոստոսի 4-ը։ Ծրագիրն աշխարհի տարբեր երկրներում սովորող հայ երիտասարդներին համախմբելու, ինչպես նաև ազգային արմատներին ու մշակութային ժառանգությանը հաղորդակից դարձնելու նպատակ ունի։
Սփյուռքահայ ուսանողներն առիթ կունենան հանդիպելու հայաստանաբնակ մտավորականների, հասարակական-քաղաքական գործիչների հետ, լսելու պատմամշակութային թեմաներով դասախոսություններ, հայաստանցի իրենց հասակակիցների հետ քննարկելու ժամանակակից հայ երիտասարդներին հուզող տարաբնույթ խնդիրներ և այլն։

Ծրագրի շրջանակներում երիտասարդները հանդիպումներ կունենան նաև Հայաստանի ամերիկյան համալսարանում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որտեղ դասախոսություններ կլսեն «Ո՞վ է հայը. ինքնության խնդիրներ», «Հայ դատ, 100-ամյակ, հատուցում», «Հայոց գրերը, մշակույթն ու պատմությունը», «Հայկական ժառանգությունը Ջավախքի և արդի Վրաստանի մեջ», «Ազգային նվագարաններ» և այլ թեմաներով։

Ուսանողական ֆորումը, որին, ի դեպ, մասնակցում են նաև Հայաստանի և Արցախի երիտասարդները, քառօրյա ծրագրով կայցելի նաև Արցախ, ինչպես նաև կհյուրընկալվի Ազգային ժողովում և տարբեր զորամասերում։

Հավելենք, որ հանդիպման վերջում սփյուռքահայ ուսանողներն այցելեցին ԵՊՀ պատմության թանգարան, որտեղ մանրամասն ծանոթացան Մայր բուհի պատմությանը և զարգացման փուլերին:

«Ես առաջին անգամ եմ Հայաստանում և պետք է նշեմ, որ շատ ուրախ եմ, որ այսպիսի հնարավորություն է ընձեռվել: Իհարկե, դեռ ծնողներիս հետ չեմ խոսել, սակայն կուզենայի կրթությունս հայրենի երկրում շարունակել»,- ասում է Ֆրանսիայից ժամանած 18-ամյա Օտէմիս Մատլէնը:

ԵՊՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ (ԵՊՀ ) says:

    ԵՊՀ ռեկտորը թող մի քիչ էլ թալանված հնատիպ գրադարականությունից ու տասնյակ միլիոնների հասնող ուսանողական վարձերի յուրացումից խոսեր, ոևով զբաղվում են հատուկ քննչական ծառայությունները…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031