Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրական համակարգում առաջարկվում է փոփոխություններ մտցնել

Հուլիս 21,2014 15:25

Համայնքների միության նախագահ Էմին Երիցյանն այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողներին ներկայացրեց Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրական համակարգում մի շարք փոփոխություններ իրականացնելու առաջարկությունները: Նրա խոսքով՝ փոփոխությունները հնարավորություն կտան համայնքներում ուժեղացնել ավագանիների դերը, քաղաքացիների մասնակցությունը, կուսակցությունների դերը տեղական ինքնակառավարման ոլորտում եւ ամրապնդել տեղական իշխանությունների ինքնուրույնությունը:

Պրն Երիցյանի խոսքով՝ 2008 թվականից սկսած՝ ապակենտրոնացման ոլորտում կառուցողական քայլեր չեն կատարվել, քանի որ ապակենտրոնացումը մնում է տեղական ինքնակառավարման եւ ժողովրդավարության զարգացման ամենաառանցքային հարցերից մեկը: «2016 թվականին սպասվում են Տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները եւ մեկուկես տարվա ընթացքում անհրաժեշտ է ապակենտրոնացման առումով նոր առաջընթաց ունենալ»:

Էմին Երիցյանը լրագրողներին ներկայացրեց Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրական համակարգում փոփոխություններ կատարելու մի քանի առաջարկություններ, որոնք հունիս ամսին արդեն ներկայացվել են տարածքային կառավարման նախարարությանը եւ նամակով ներկայացվել են Ազգային ժողովին.
Առաջին առաջարկությունն է՝ համայնքի ղեկավարի, ավագանու անդամի, Երեւանի քաղաքապետի եւ Երեւանի ավագանու անդամ ընտրվելու համար սահմանել միատեսակ նվազագույն տարիքային շեմ: Պրն Երիցյանի խոսքով՝ այս դեպքում կլինի հավասարություն, քանի որ ՀՀ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ համայնքի ղեկավար ընտրվելու տարիքային շեմն է 25 տարեկանը, իսկ քաղաքապետ ընտրվելու տարիքային շեմը 30 տարեկանն է:
Հաջորդ առաջարկությունը իր մեջ ներառում է Տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրելու իրավունքի նվազագույն տարիքային շեմը 16 տարեկանը դարձնելու գաղափարը: Բանախոսը պնդում է, որ այս կերպ երիտասարդների շրջանում հնարավոր կլինի ձեւավորել ակտիվ քաղաքացիական հասարակություն եւ հնարավոր կլինի ունենալ 150 հազար լրացուցիչ ընտրողներ:

Մյուս կետով առաջարկվում է հանել այն դրույթը, որտեղ ասվում է, որ ընտրություններում թեկնածուների թիվը չպետք է պակաս լինի երկուսից: Պրն Երիցյանի համոզմամբ, այս դրույթը ձեւական բնույթ է կրում: Օրինակ է բերում, որ համայնքներում լինում են թեկնածուներ, որոնք, միեւնույն է, ընտրվելու են, սակայն որպես երկրորդ թեկնածու առաջադրում են իրենց բարեկամին, որը կրում է ձեւական բնույթ:

Օրենքում նաեւ առաջարկվում է Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները անցկացնել մեկ միասնական օրում. «Ներկայումս ՏԻՄ ընտրությունները տեղի են ունենում «փնջերով», սակայն ամբողջ Հայաստանի համար պետք է սահմանվի մեկ միասնական ընտրության օր»: Նաեւ առաջարկվում է տասը հազար եւ ավելի բնակչություն ունեցող համայնքներում ավագանու ընտրություններն անցկացնել համամասնական կարգով: Մեկ այլ առաջարկության համաձայն էլ՝ համայնքի ղեկավարի տեղակալի թեկնածությունը պետք է համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատի համայնքի ավագանին, քանի որ մինչ այս, համայնքի ղեկավարի տեղակալը համայնքի ղեկավարի բացակայության ժամանակ կատարում էր նրա պարտականությունները՝ չունենալով ընտրական մանդատ: Մյուս փոփոխության համաձայն էլ, առաջարկվում է 15 հազար եւ ավելի բնակչություն ունեցող համայնքներում ունենալ համայնքի ղեկավարի երկու տեղակալ:

Պրն Երիցյանից հետաքրքրվեցինք, ի՞նչ ազդեցություն կունենան այս փոփոխությունները համայնքների խոշորացման ծրագրի առկայության դեպքում, ինչին նա պատասխանեց, որ ինքնին ծրագիրը՝ խոշորացումը, գործիք է հանդիսանում. «Խոշորացումը դարձնել նպատակ, եթե այն ամբողջ երկրի վարչատարածքային տարածությունը չի փոխում, եթե չի բերում նոր ապակենտրոնացման քաղաքականության, չի կարելի: Դրանով մենք ուղղակի ժամանակ ենք ծախսում: Երկու տարուց ՏԻՄ ընտրություններ են, եւ արդյունքում պարզ կդառնա, որ տասը տարվա ընթացքում մենք ապակենտրոնացման ուղղությամբ ոչ մի աշխատանքներ չենք տարել՝ զբաղվելով խոշորացման խնդրով եւ այն շատ ավելի ուռճացնելով: Դա գործիք է, որով կարելի է զբաղվել, բայց դա թիվ մեկ օրակարգային խնդիր չէ»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ceyran says:

    Տեղական ինքնակառավարման մարմինները պետք է ավելի ընդարձակ լիազորություններ ունենան,քան այժմ է:Համայնքային իշխանությունները պետք է պատասխանատու լինեն հասարակական կարգի պահպանման համար՝աշխատակազմում ունենալով մի քանի ոստիկաններ՝մունիցիպալ ոստիկանության ձևով:Երկրորդ՝համայնքին պետք է անցնի նաև սոցիալական ծառայությունը,գործազուրկների հաշվառման և նպաստների բաշխման պարտականությունները և այլն:1995 թ. ՀԲ-ից 20 մլն. դոլլ.վարկ վերցրվեց ՀՀ-ում տեղական ինքնակառավարման համակարգը Ֆրանսիականին նմանեցնելու նպատակով:Ես գործի բերումով կարդացել եմ ՏԻ նախագիծը,որը ոչ մի աղերս չունի ներկայիս գործող օրենքի հետ:Ֆրանսիայից խորհրդատուներ հրավերվեցին,սեմինարներ կազմակերպեցին,վարկը ծախսեցին,իսկ խորհրդարանին ներկայացրին սկզբնական նախագծի հետ կապ չունեցող նախագիծ:Փաստորեն,տեղական ինքնակառավարման մարմինները դարձրեցին բարձրագույն իշխանությունների ընտրություններին ,,աջակցող,, մարմիններ,այլ ոչ թե համայնքային լիիրավ իշխանություններ:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031