Ժամանակակից աշխարհում «Հանրային կապեր» (PR) հասկացությունը վերջին տասնամյակում ամենանորաձև, տարածված և կիրառվող հասկացություններից է:
Հուլիսի 21-ից 27-ը «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպությունը Եվրամիության «Youth in Action» ծրագրի շրջանակում Հայաստանում կիրականացնի «PR cocktail for Youth worker» միջազգային ուսուցողական դասընթացը, որի նպատակն է բարձրացնել երիտասարդական աշխատանքի տեսանելիությունը, բարելավել երիտասարդական ծրագրերի որակը, ապահովել հրապարակայնություն, օգնել Եվրոպայի տարբեր անկյուններից հրավիրված երիտասարդ առաջնորդներին`օգտագործելով PR գործիքներ և տեխնոլոգիաներ ներկայանալի դառնալ հանրույթին:
Ծրագրին կմասնակցեն Իսպանիայից, Հունգարիայից, Ռումինիայից, Մոլդովայից, Ուկրաինայից, Էստոնիայից, Լիտվայից, Բուլղարիայից, Բելառուսից, Թուրքիայից, Վրաստանից և Հայաստանից ավելի քան 40 երիտասարդ առաջնորդներ և հանրային կապերի մասնագետներ:
«PR cocktail for Youth worker» միջազգային ուսուցողական դասընթացի ընթացքում մասնակիցները կուսումնասիրեն հանրային կապերի էությունը, նպատակն ու խնդիրները, կծանոթանան ժուռնալիստական հմտություններին, PR ռազմավարության տեխնոլոգիաներին, կիրառական գործիքներին և հաղորդակցության առանձնահատկություններին, կքննարկեն առցանց երիտասարդական աշխատանքն ու սոցիալական ցանցերի կարևորությունը քաղաքացիական մասնակցությունը խթանելու գործում:
Կարդացեք նաև
«Ծրագրին հրավիրված են ինչպես հայաստանյան առաջնակարգ մասնագետներ, այնպես էլ եվրոպացի փորձագետներ, որոնք տեսական և գործնական գիտելիքներով կզինեն 12 երկրից ժամանած երիտասարդներին: Վերջիններս կծանոթանան մասնագիտական գաղտնիքներին, հանրային կապեր և ԶԼՄ-ներ փոխհարաբերությանը, հանրային կարծիքի ձևավորման առանձնահատկություններին, գույնի հոգեբանությանը, բրենդ ստեղծելու ստեղծագործական մոտեցմանը: Ծրագիրը հագեցած և հետաքրքիր հանդիպումներով կհամեմվի»,- մանրամասնում է «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ, ԵՊՀ ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանը:
Մասնակիցները կայցելեն Երևանի քաղաքապետարան, Երևանի պատմության թանգարան, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, իսկ ծրագրի վերջին օրը կմասնակցեն Երիտասարդական ակումբների դաշնության կողմից Գեղարդում և Գառնիում իրականացվող «Վարդավառ» միջազգային երիտասարդական փառատոնին:
«Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ
Հանրային կապերի հանձնախումբ