«Կառավարությունը ընդունում է որոշումներ, որոնք հետապնդում են ոչ թե պետական շահերը, այլ զուտ մի խումբ անձանց շահեր»,-այսօր` հուլիսի 21-ին, «Զարկերակ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զառաֆյանը:
Նրա խոսքերով` կառավարության որոշումներն իրար հակասող են, օրինակ` Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարությունը որոշում է ընդունել փակել անօրինական եւ ոչ պիտանի հորատանցքները, իսկ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը որոշում է ընդունել վերականգնել մոտ 112 հորատանցք: Տիկին Զառաֆյանը համարում է, որ պետք է փորձագետներ հրավիրեին, որոնք ստույգ գնահատական կտային. «Արդեն մի քանի տարի է՝ մենք լսում ենք տարբեր պատճառաբանություններ տարբեր ձեւերով` կլիմայի փոփոխություն, երաշտ, եւ միառժամանակ մենք տեսնում ենք, որ մեր տարիները շատ տարբերվում են` ո’չ երաշտ կա, ո’չ կլիմայի փոփոխություն կա: Ի դեպ, կլիմայի փոփոխությունը ոչ միայն ազդում է Արարատյան դաշտի կամ գյուղացիների վրա, Սեւանի վրա էլ է ազդում. Սեւանը կարող ենք կորցնել այդ կլիմայի փոփոխության հետեւանքով»:
Ինգա Զառաֆյանը հայտարարեց, որ բացասական բալանս արդեն կա եւ մոտ 9-10 սմ Սեւանի մակարդակն իջել է, եւ նրա կանխատեսմամբ` ավելի շատ կիջնի եւ կառավարության նոր որոշումն էլ ահավոր հետեւանքներ կունենա, քանի որ մասնագետների գնահատմամբ՝ Սեւանի ջրի 60 տոկոսը պիտանի չէ իշխան ձկան համար.
«Չի լինի Սեւանի ջուրը պիտանի իշխանի համար: Մենք լրիվ կկորցնենք, որովհետեւ վատ ջրի ծավալը պետք է անպայման մեծանա»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ