Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրապետությունում էնտերովիրուսային համաճարակների աշխուժացում է նկատվում». մասնագետ

Հուլիս 21,2014 13:10

Աղիքային հիվանդություններն իրենց գագաթնակետին են հասնում հատկապես ամռանը, քանի որ ամռանը դրա համար բոլոր նախապայմանները կան ։ Այս մասին այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում հայտնեց Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի օդակաթիլային վարակների եւ հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը։

Բաժնի պետը ներկայացրեց, որ վերջերս մեծ տարածում են ստացել էնտերովիրուսները՝ հատկապես մանկահասակ երեխաների մոտ։ Անդրադառնալով հանրապետությունում համաճարակային դրությանը՝ նա տեղեկացրեց, որ հանրապետությունում իրավիճակը հանգիստ է, եւ միայն էնտերովիրուսային համաճարակների աշխուժացում է նկատվում. «Նման վարակի 50 դեպք է գրանցվել հանրապետությունում։ Էնտերովիրուսային հիվանդությունների հիմնական ախտանշաններն են թուլությունը, գլխացավը, ջերմությունը: Նմանատիպ վիրուսներ հիմնականում նկատվում են մինչեւ ութ տարեկան երեխաների մոտ»։

Բանախոսը տարատեսակ վիրուսներով ամռանը չվարակվելու համար, առաջին հերթին խորհուրդ է տալիս պահպանել անձնական հիգիենան. « Ձեռքերը պետք է կանոնավոր կերպով լվանալ, քանի որ յուրաքանչյուր վարակիչ հիվանդության եւ, հատկապես, աղիքային հիվանդությունների տարածման հիմքում ընկած է անհատական հիգիենան»։ Տիկին Թորոսյանը վիրուսներից խուսափելու համար խորհուրդ է տալիս բանջարեղենը եւ մրգեղենը լվանալ մանրակրկիտորեն։

Բանախոսը նաեւ խորհուրդ տվեց ամռանը չօգտագործել շուտ փչացող սննդամթերք՝ եւ հատկապես կրեմային սննդամթերք.«Ոչ պատշաճ սառնարանային պայմաններում պահպանված սննդամթերքը կարող է տարբեր սննդային գործոններով պայմանավորված հիվանդությունների պատճառ հանդիսանալ։ Իսկ կրեմային հրուշակեղենի մեջ բոլոր նախապայմանները կան եւ , նույնիսկ, երկու ժամ առանց սառնարանային պայմանների մնալու սննդամթերքի մեջ աղիքային հիվանդությունների հարուցիչներ կարող են զարգանալ»։

Լիանա Թորոսյանի խոսքով՝ ջուրը նույնպես կարող է համաճարակային հիվանդության հարուցիչ լինել։ Ծնողներին խորհուրդ է տալիս իրենց երեխաներին թույլ չտալ լողանալ դրսի լողավազաններում. « Շատ թափառող կենդանիներ կան փողոցներում, որոնք նույնպես այդ լողավազաններում հովանալ են ցանկանում, որոնց պատճառով էլ աղտոտվում է այդ ջուրը»։ Իսկ խմելու ջուրը հորդորում է օգտագործել միայն շշալցված կամ ծորակից հոսող վիճակում։ Տիկին Թորոսյանը նաեւ ասում է, որ պետք չէ օգտագործել թարմ կաթ, որը կարող է բրուցելոզ հիվանդության պատճառ հանդիսանալ։
Անտառային հանգստի դեպքում էլ խորհուրդ է տալիս կրծողների եւ միջատների խայթոցներից եւ հետեւանքային հիվանդություններից խուսափելու համար անտառ գնալիս հագնել երկար տաբատներ, երկարաճիտ կոշիկներ, բաց գույնի, բամբակյա վերնաշապիկներ։

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031