Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Բադալյան. «Ոսկե ձեռնոցներ» մրցաշարը գրեթե աշխարհի փոքր առաջնություն էր»

Հուլիս 21,2014 13:00

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ինը երիտասարդ բռնցքամարտիկներից վեցը Սերբիայում անցկացված ,«Ոսկե ձեռնոցներ» միջազգային մրցաշարից տուն են վերադարձել վեց մեդալով:

«Առավոտի» հետ զրույցում հավաքականի ավագ մարզիչ Վազգեն Բադալյանը, որը երկար դադարից հետո վերջերս է սկսել գլխավորել այս տարիքային խմբի ընտրանին, ասաց. «Մրցաշարը նման էր աշխարհի փոքր առաջնության: Մասնակցում էին 27 երկրների շուրջ 170 բռնցքամարտիկներ, որոնց մի զգալի մասը մասնակցելու է Չինաստանի Նանջինգ քաղաքում եկող ամիս կայանալիք պատանիների օլիմպիական խաղերին:
Ռինգերում իսկապես թեժ մրցակցություն էր ընթանում. բոլորի համար էլ այս մրցաշարը ուժերի վերջին ու գլխավոր ստուգատեսն էր օլիմպիադայից առաջ: Եվ ես գոհ եմ, որ մեր բոլոր մարզիկներն էլ լավ հանդես եկան, ինչի արդյունքում մեր հավաքականը թիմային պայքարում տեղ զբաղեցրեց առաջին հնգյակում: Ավելին ասեմ. երիտասարդների աշխարհի չեմպիոն, 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, որն այս անգամ էլ հավասարը չունեցավ Սերբիայում, ճանաչվեց աղջիկների մեջ լավագույն բռնցքամարտիկ, իսկ 81 կգ քաշում, չնայած եզրափակչում կրած պարտությանը, Նարեկ Մանասյանին հատուկ մրցանակ շնորհվեց լավագույն մենամարտ անցկացնելու համար:

Մեր մյուս բռնցքամարտիկներից էլ գոհ եմ, անկախ այն բանից, նրանք մրցանակային տեղ զբաղեցրի՞ն, թե՞ ոչ: Բայց պիտի ասեմ, որ պարտվածներն իրականում հաղթել էին այդ մարտերում: Կողային մրցավարները հիմնականում նախապատվությունը տվել էին հայ բռնցքամարտիկներին, սակայն ի նշան հաղթանակի, բարձրացրին մրցակիցների ձեռքը: Եվ երբ ես բողոքարկեցի, մրցավարական հանձնաժողովում բացատրեցին, թե համակարգիչն է նրանց միավորներն այդպես հաշվարկել ու ոչինչ անել հնարավոր չէ: Չէ, հայկական սովորության համաձայն կողմնակալ մրցավարությունից չեմ բողոքում: Գուցե լինում է, որ համակարգչային ծրագիրն իր ձեւով է աշխատում: Պարզապես, ուզում եմ ասել, որ հայկական բռնցքամարտն աստիճանաբար շտկում է մեջքը, վերադարձնում երբեմնի ճանաչումն աշխարհում, որ ուներ ժամանակին:

Ինձ ուրախացնում է նաեւ այն, որ բռնցքամարտն արթնանում է հանրապետության մարզերում ու արդեն սկսում է արդյունքներ տալ: Սերբիայում մեր թիմի կազմում հանդես էին գալիս բռնցքամարտիկներ Երեւանից, Գյումրիից, Վանաձորից, Աբովյանից, Էջմիածնից: Սա չուրախացնել չի կարող: Առավել եւս, որ բոլորն էլ իրենց լավ դրսեւորեցին»:
Հարցին, թե Նանջինգում Հայաստանն ովքե՞ր են ներկայացնելու եւ նրանց ի՞նչ տվեց այս մրցաշարը, մարզիչը պատասխանեց. «Նախ, պետք է, որպեսզի բոլորն էլ հնարավորին չափ շատ մրցաշարերի մասնակցեն մինչեւ հոկտեմբերին Խորվաթիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունը, իսկ Անուշ Գրիգորյանն ու Նարեկ Մանասյանը գործնականում ծանոթացան Նանջինգում իրենց ապագա հավանական մրցակիցների հետ»:

Վազգեն Բադալյանը տեղեկացրեց նաեւ, որ մոտ օրերս Անուշն ու Նարեկը մեծահասակների հետ ուսումնամարզական հավաքի կմեկնեն Ծաղկաձոր, իսկ մյուսները օգոստոս ամսից կսկսեն նախապատրաստվել իրենց տարիքային խմբի Եվրոպայի առաջնությանը:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031