Լրահոս
Օրվա լրահոսը

Պետբյուջեից ներդրված 1 եվրոն վերադարձնում է 40-ը

Հուլիս 21,2014 14:01

Գրահրատարակչության մասնագետը ներկայացնում է Գերմանիայի փորձը

Բուլղարիայում շուրջ 5 տարի առաջ հիմնված «NEXT PAGE» կազմակերպության «Գրքի հարթակ» նախագիծը, որն իրականացվում է Հայաստանում, Վրաստանում եւ Ուկրաինայում, ուղղված է Եվրոպական արեւելյան գործընկերության շրջանակներում գրքի եւ ընթերցանության բնագավառում կառավարման ժամանակակից մոտեցումների կիրառմանն ու զարգացմանը: Այս նախագծի շրջանակներում վերջերս «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը (լուսանկարում) մեկնել էր Գերմանիա, իր խոսքերով՝ պարզելու, թե ինչի արդյունքում է այդ երկրում ընթերցանությունը գտնվում բարձր մակարդակի վրա, նպատակ ունենալով այն կիրառել նաեւ Հայաստանում:
Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ Գերմանիայում ժամանակին ընթերցանության մակարդակը բարձրացնելու նպատակով ներդրած յուրաքանչյուր 1 եվրոն հետագայում պետբյուջե է վերադարձնում 40 եվրո: Իսկապես, երբ քաղաքացին կիրթ է, ինքն է նախաձեռնում, գործունեություն ծավալում, ինչի արդյունքում բացվում են աշխատատեղեր, զարգանում են տնտեսությունն ու գիտությունը: Տգիտության պարագայում նա որպես ձրիակեր մնում է հասարակության վզին:

Այդ նպատակին ուղղված ծրագրերի թիվը անցնում է 100-ից, ընդ որում՝ շահառուների տարիքը սկսվում է 6 ամսականից: «Որպեսզի ոչ մի երեխա դուրս չմնա ծրագրից, մասնագետները Մանկաբույժների ասոցիացիայի հետ անցկացնում են միջոցառումներ, օրինակ, երեխային առաջին անգամ պատվաստելիս մանկաբույժը ծնողին ներկայացնում է, թե մանկան մտավոր ու հոգեւոր զարգացման համար ինչ կարեւոր է ընթերցանությունը: Մանկաբույժը ծնողին նվիրում է փաթեթ՝ 2 գրքույկով եւ բացատրական նյութերով՝ ինչպես անել, որ հենց այդ տարիքից երեխայի մոտ տեսողական ու լսողական հետաքրքրություն առաջանա դեպի գիրքը»,- ասաց պարոն Մարտիրոսյանը: Նա նշեց, որ ծրագիր կա նաեւ «դժվար» երեխաների համար, ովքեր հաճախակի են բացակայում կամ չեն հաճախում դպրոց, մշտապես իրավապահների ուշադրության կենտրոնում են եւ այլն: «Այդ երեխաներին էլ ներգրավում են ֆուտբոլի դասընթացներին. մեկ ժամ ֆուտբոլ են խաղում, հետո մեկ ժամ զբաղվում ընթերցանությամբ կամ երաժշտություն ունկնդրում եւ այլն: Ի դեպ, այս տարվա ֆուտբոլի աշխարհի առաջնության հաղթող Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը ժամանակին «դժվար» երեխա է եղել եւ գրքի ու ընթերցանության ոլորտում կիրառվող մեթոդների արդյունքում դարձել գրքամոլ: Իսկ այսօր ֆուտբոլիստը գրքի աշխարհում հայտնի մեկենասներից մեկն է»,- հայտնեց Ա. Մարտիրոսյանը:

«Առավոտի» զրուցակիցն ասաց նաեւ, որ ընթերցանության մակարդակի բարձրացման ծրագիրը գործում է գերմանական դպրոցներում դեռեւս 1959 թվականից եւ 6-րդ դասարանցիների միջեւ անցկացվում են ընթերցանության մրցույթներ:
Հիշեցնենք, որ «Անտարեսը» այդ փորձը տեղայնացրել է Հայաստանում եւ երկու տարի է՝ ՀՀ մշակույթի, գիտության եւ կրթության նախարարությունների ու dasaran.am կայքի հետ անցկացվում են նման մրցույթներ: Հարցին՝ չե՞ք կարծում, որ նման ծրագիրը պետք է խրախուսվի կամ անցկացվի պետական հովանավորությամբ, պարոն Մատիրոսյանը պատասխանեց. «Միանշանակ, Գերմանիայում այդ ծրագրերը ֆինանսավորվում են պետբյուջեից, քանի որ, կրկնում եմ՝ ներդրած 1 եվրոն հետագայում 40 եվրո է վերադարձնում պետբյուջե: Ցանկացած տնտեսագետ կամ գործարար կվկայի, թե սա ինչ արդյունավետ ներդրում է»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Մանե says:

    Իսկ ինչու դու ինքդ մի գիրք չես կարդում, Արմեն Մարտիրոսյան?

  2. Կարեն says:

    Ինքը ինչու կարդա, մեկ ա իր ուշքն ու միտքը բիզնեսն ա, ոչ թե գրականությունը կամ արվեստը: Իրեն կառավարում ա իր խմբագիրը:

  3. Կ. Հովասափյան says:

    Սրանց թարգմանական գրականությունն էլ չլինի, կորած են:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031