Լրահոս
Օրվա լրահոսը

Առավոտցիներ. «Առավոտը» ազատ խոսքի դպրոց է, ճիշտ լրագրության դասագիրք»

Հուլիս 21,2014 14:10

Շուրջ երկու տասնամյակ «Առավոտում» աշխատելու մասին է պատմում
«Առավոտցիներ» շարքի հերթական հյուրը՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը:

Մարգարիտ Եսայան անունը անկախ Հայաստանի լրագրողական եւ քաղաքական աշխարհին հայտնի դարձավ անցած դարի իննսունականներից, երբ աշխատանքի անցավ «Առավոտ» օրաթերթում: Մինչ այդ, շուրջ տասը տարի Մարգարիտ Եսայանն աշխատել էր խորհրդային տարիներին հայտնի «Պիոներ կանչ», ՀՀ անկախացումից հետո՝ «Կանչ» թերթում:

«Առավոտը» շատ արագ հասցրեց դառնալ այդ օրերի ամենապահանջված թերթը, նաեւ սա էր պատճառը, որ խորհրդային լրագրության կաղապարված դպրոցն անցած, բայց իրականության մեջ ազատական հայացքների կրող եւ ազատ մտածող լրագրողը մղվեց դեպի «Առավոտ»: Այդ օրերի մասին Մարգարիտ Եսայանը շատ հուշեր ունի. «Առավոտում» աշխատելու մոտ քսան տարիները, ամիսների տարբերությամբ՝ տասնինը, ես համարում եմ իմ կյանքի ամենաերջանիկ տարիները, կարծում եմ, սա մի դպրոց է, որի փորձն այսօրվա լրագրությանը շատ է պակասում, այսօր շատերը պետք է ձգտեն սովորել եւ աշխատել «Առավոտի» լավագույն ավանդույթներին եւ լրագրողական դպրոցի մեթոդներին համարժեք: «Առավոտն» ինձ տվեց պրոֆեսիոնալիզմ, գործի հանդեպ պատասխանատվություն, լրջություն, սեփական անուն-ազգանվան պատիվ, մարդկանց հանդեպ հարգանք, երկրի եւ պետության հանդեպ սրտացավություն: Եվ, առաջին հերթին, «Առավոտը» ինձ տվեց ամենաթանկը՝ իմ բոլոր ընկերներին, ես հարուստ եմ իմ ընկերներով, «Առավոտի» երբեւէ աշխատած եւ այսօր աշխատող բոլոր ընկերներով: Ով թեկուզ մեկ ակնթարթ պատիվ է ունեցել աշխատել «Առավոտում», երբեք չի մոռանում այդ ակնթարթը»:

Տարիներ առաջ, երբ նոր-նոր էին կայանում անկախ Հայաստանի գրեթե բոլոր պետական կառույցները՝ նախարարություններ, ծառայություններ եւ այլն, «Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը Մարգարիտին վստահեց սոցիալական ոլորտի լուսաբանումը, եւ տեսակետ կա, որ այս ոլորտի կայացման գործում նաեւ լրագրող Մարգարիտ Եսայանն ունեցավ դերակատարություն: Հետագայում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը՝ սոցիալական ոլորտի անկողմնակալ եւ պրոֆեսիոնալ լուսաբանման համար, լրագրողին պարգեւատրեց:

Մարգարիտ Եսայանը շատ լավ է հիշում այդ օրերը. «Ես մի շարք էի սկսել սոցիալապես անապահովների մասին եւ իմ լավ ընկեր, «Հետքի» այսօրվա խմբագիր Էդիկ Բաղդասարանի հետ հաճախ էինք լինում ծերանոցներում, հոգեբուժական տուն-ինտերնատներում, մանկատներում, այդ տարիներին, իմ հրապարակումների շնորհիվ, հայտնվում էին բազմաթիվ բարերարներ, ովքեր հագուստ, կոշիկ, սնունդ էին ուղարկում տուն-ինտերնատներ, եւ, ի տարբերություն այսօրվա որոշ վայ-բարերարների, որոնք առանց տեսախցիկի մի քոռ-կոպեկ էլ չեն տա անապահովներին, այդ մարդիկ, մինչ այսօր էլ մնացին անհայտ եւ, երբ հեռախոսով կապվում էին ինձ հետ, ճշտելու հերթական հասցեն, ուր պետք է ուղարկեին այդքան կարեւոր օգնությունը, անգամ ինձ չէին ասում իրենց ով լինելը, իսկ օգնությունը չնչին չէր՝ հսկա մեքենաներով սնունդ, հագուստ եւ այլ պարագաներ: Ես մինչ այժմ էլ չգիտեմ այդ մարդկանց անունները: Մի մոռացեք, որ ղարաբաղյան պատերազմում հրադադարի պայմանագիրը նոր-նոր էր կնքվել, եւ երկիրը դժվարանում էր շատ հարցերում»:

Պատգամավորն այսօր էլ սիրում է գալ «Առավոտ», հերթով բացում է բոլոր աշխատասենյակների դռները, բոլորին բարեւում է, մի-մի ջերմ կատակ է անում եւ ասում է, որ «Առավոտը» իր համար այն մաքուր օդն է, որը օգնում էր շնչել երեկ եւ օգնում է շնչել նաեւ այսօր. «Ես «Առավոտը» համարում եմ իմ հորանց տունը եւ, բոլորը գիտեն, երբ ասում եմ գնում եմ հորանցս տուն, ուրեմն գնում եմ «Առավոտ»: Կարծում եմ, իմ բախտը բերել է եւ ճակատագիրն այնքան շռայլ է գտնվել իմ հանդեպ, որ ինձ ուղարկել է «Առավոտ», եւ եթե այսօր Մարգարիտ Եսայան անունը հայտնի է եւ, ինչու ոչ, սիրելի, դրանում ամենամեծ ավանդ ունի հենց «Առավոտը»: Ես «Առավոտ»-ով եմ դարձել հայտնի եւ այսօր էլ քաղաքականության մեջ փորձում եմ պահպանել այն ամենը, ինչ ինձ տվել է «Առավոտը»՝ լրջմտություն, խոսքի եւ ստորագրության հանդեպ պատասխանատվություն, երկրի եւ պետության հանդեպ անշահախնդիր նվիրում, ընկերասիրություն, մասնագիտական պատվախնդրություն»:

Երեք տարի սոցիալական ոլորտը լուսաբանելուց հետո (ի դեպ, գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը ժամանակին տարբեր հարցազրույցներում սիրում էր ասել, որ հանրապետությունում կարեւոր ոլորտները՝ սոցիալականը եւ կրթության ոլորտը, իր թերթի լրագրողներ Մարգարիտ Եսայանից եւ Նաիրա Հովհաննիսյանից լավ ոչ ոք չի կարողանում լուսաբանել), խմբագիրն առաջարկեց Մարգարիտ Եսայանին անցնել քաղաքական լրագրության դաշտ: Սրանով սկսվեց մի նոր շրջան, որտեղ եւս Մարգարիտ Եսայանը պահպանեց պրոֆեսիոնալ լրագրության որակները. «Տարիներ առաջ, 2003-ի ապրիլին, ՀՀ նախագահի երդմնակալության արարողության ժամանակ, երբ մարդկանց հրում եւ սեղմում էին պատին, ի թիվս այլոց, ինձ էլ գցեցին ոտքի տակ, մի լավ ճմվեցի, բայց երբ գրում էի այդ օրվա մասին նյութս, ոչ մի տողով չանդրադարձա ինձ հետ կատարվածին, Արամին ասացի, որ չեմ գրելու, ամոթ է, եթե իմանան, որ ինձ էլ են քաշքշել եւ բաճկոնս պատառոտել: Վստահ էի՝ Արամ Աբրահամյանը ճիշտ կհասկանար. «Այո, բալիկ ջան (ի դեպ, ինքը բոլորիս բալիկ էր ասում, անկախ նրանից՝ դու իրենից մեծ ես, թե փոքր), դու լուրջ լրագրող ես, մի գրի»: Սակայն, ավելի ուշ, «Այբ-ֆե»-ի իմ գործընկերուհին ոստիկանապետի հետ հարցազրույց անելիս նաեւ ինձ «անզգույշ քաշքշելու» մասին էր հարցրել, եւ գիտեք ինչ էր պատասխանել Հովհաննես Վարյանը, ասել էր. «Դուք սխալվում եք, Մարգարիտ Եսայանն այնպիսի լուրջ եւ հարգված լրագրող է, որ նրա նկատմամբ ոչ ոք չէր համարձակվի անզգույշ լինել»: Չեմ ուզում որեւէ մեկին վիրավորել, բայց այսօր այս կարգի հարաբերությունները խախտված են, դեռ մեկի ոտքը չտրորած, անհամարժեք աղմուկ է բարձրանում: «Առավոտի» առավելություններից մեկն էլ այն է, որ մեր թերթի լրագրողը շահեկանորեն տարբերվում է հարյուրավոր լրագրողներից: Հիշում եմ, լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը գալիս էր ԱԺ, եւ լրագրողները շրջապատում էին նրան, բայց առաջինը հարց տալու պատիվը, թե համարձակությունը մենք ունեինք, վարչապետը նայում էր դեմքիս եւ ասում էր՝ «Հարց չունե՞ս»:

Մարգարիտ Եսայանը համոզված է, «Առավոտն» անմրցելի է եւ առաջին տեղում է գտնվում իր անցած ճանապարհով. «Առավոտն» ինձ համար եւ, վստահ եմ՝ շատերի համար, անկախ Հայաստանի հայ լրագրության պատմահայրն է, «Առավոտի» անցած քսանամյա ուղին լրագրության հրաշալի դասագիրք է, իսկ գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն ինձ համար հայ լրագրության եւ խմբագրի խորհրդանիշ է, ինձ շատ հարազատ մարդ, ընկեր եւ բարեկամ, եւ եթե մեր լրագրողական եւ քաղաքական դաշտն աշխատի Արամ Աբրահամյանի՝ առաջին էջի սյունակի ոգով, ապա հայ լրագրությունը եւ քաղաքական դաշտը շատ ավելի անսխալ կլինեն եւ հաջողակ»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.07.2014

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Stepan says:

    Հարցազրույցի ամբողջ տեքստին ծանոթանալուց հետո ավելի ամրապնդվեց համոզմունքս, որ, չեմ ուզում վիրավորանք հնչի, բայց իրոք աստղային հիվանդությունը տարել է ՄԱրգարիտ Եսայանին: Այլապես իրեն չէր գերադասի իր այլ գործընկերներից, որոնք բռնության են ենթարկվել ու այդ մասին ահազանգել: Մանավանդ որ՝ որքան հիշում ենք, լրագրող եղած ժամանակ հիմնականում հենց ՀՀԿ-ին էր անդրադառնում, ու այդ դեպքը երեւի եզակի է, որ իրեն քաշքշած լինեն:

  2. Ruzan says:

    ի դեպ, իմ սիրելի գործընկեր Մարգաիրտ Եսայանի դիտարկումը շատ ճիշտ է. ներկայիս լրագրողներից շատերն իրենց PR անելու համար սարքելու համար. Ինքս էլ երկու անգամ ենթարկվել եմ բռնության ու ոչինչ չեմ գրել այդ մասին, մեկն ավարտվեց ոստիկանությունում, սակայն ընտրական տեղամասի դիտորդների բողոքով, իսկ ես ցուցմունք տալիս ասացի, որ ինձնից դիկտոֆոն խլել ուզող աժդահային նույն դիկտոֆոնովմի լավ հասցրել եմ դեմքին, ես քվիտ եմ..)))) ասել կուզեմ, որ աշխատանքային դժվարությունները պետք է բռնությունից տարանջատել ու դրոշակ չդարձնել անվանի դառնալու( իբր) համար..

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031