Լրահոս
Օրվա լրահոսը

Նկուղում տնավորվել են, շենքի հիմքերը թուլացրել

Հուլիս 21,2014 14:18

Գրիգոր Լուսավորիչ 12 շենքի բնակիչները
պահանջում են ազատել ընդհանուր օգտագործման նկուղը

Քաղաքապետարանը, ոստիկանությունն ու Կենտրոն վարչական շրջանի պատասխանատուները 18 տարի է չեն կարողանում լուծել
Գրիգոր Լուսավորիչ 12 շենքի 8-րդ մուտքի բնակիչների խնդիրը: 18 տարի է՝ այդ մարդիկ իրենց նամակներով «հեղեղում» են այդ գերատեսչությունները, սակայն նրանց նամակների արձագանքը վերջանում է տուգանքի համար կազմված ակտով:

Նույն հասցեի 79 բնակարանի բնակիչ Լյուդմիլա Դպիրյանի ներկայացմամբ, ամեն բան սկսվել է նրանից, երբ Գ. Լուսավորիչ 12 շենքի 9-րդ մուտքի 1-ին հարկի մեկ սենյականոց բնակարանի բնակիչներ Ղամբարյանները վաճառել են իրենց բնակարանն ու առանց շենքի բնակիչների կարծիքը հաշվի առնելու ներխուժել վաճառված սենյակի տակ գտնվող նկուղը:

Տիկին Լյուդմիլայի խոսքերով, Ղամբարյանները քանդել են նկուղը՝ խախտելով բնակելի շենքի հիմքը. «Չբավարարվելով զավթած նկուղով, քանդեց շենքի 8-րդ եւ 9-րդ մուտքերն անջատող հիմնական պատը եւ 50-60 սմ լայնությամբ, ոչ միայն ներխուժեց 8-րդ մուտքի տարածք, այլ նաեւ դեպի բակ բացվող իր մուտքի ու ելքի դուռը տեղափոխեց դեպի 8-րդ մուտք, խանգարելով բնակիչների անդորրը՝ զրկելով մեզ ազատ տեղաշարժվելու իրավունքից»:

Նշենք, որ Գրիգոր Լուսավորչի 12 շենքի առաջինից ութերորդ մուտքերը 5 հարկանի են, իսկ 9-10-րդ մուտքերը՝ 4 հարկանի եւ առանձին շենքեր են, չնայած գտնվում են նույն հասցեի տակ եւ կառուցվել են տարբեր ժամանակահատվածներում, սակայն բաժանվում են հիմնական պատերով:

Բնակիչների խոսքերով, հենց միայն այդ հանգամանքը բավական է, որպեսզի վարչական շրջանի պատասխանատուները հիմք ընդունելով այդ խախտումը հարցին արագ լուծում տան:

Այս հարցի առնչությամբ անգամ Երեւանի քաղաքապետարանում հանձնաժողովի նիստ է հրավիրվել, որտեղ որոշվել է 15 օրվա ընթացքում բացված մուտքը փակել եւ տարածքը բերել նախկին տեսքի: Իսկ որոշումը չկատարելու դեպքում, քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետ Հրաչ Մուրադյանը խոստացել է հարցը լուծել դատական կարգով՝ Ղամբարյաններից գանձելով կատարված աշխատանքների հետ կապված ծախսերը: Սակայն, այդ որոշումներն, ինչպես բնակիչներն են ասում, այդպես էլ մնացել են թղթի վրա:

Չորս տարի առաջ Գրիգոր Լուսավորիչ 12 շենքի 8-րդ մուտքի բնակիչները պարզում են, որ Ղամբարյանների նկուղի նշանակությունը փոխվել է՝ օժանդակ կառույցից վերածվելով բնակելիի: Եվ օգտվելով այդ հանգամանքից, Ղամբարյանները, բնակիչների վկայմամբ, սկսել են կրկին ընդլայնել տարածքը: Օրերս էլ նկուղում տնավորված ընտանիքը կրկին քանդել է 8-րդ եւ 9-րդ մուտքերը բաժանող պատը:

Բնակիչները կրկին ահազանգել են Կենտրոնի ոստիկանություն, վարչական շրջան, քաղաքապետարանի թեժ գիծ:

«Եկան՝ իբրեւ թե «կանխեցին»՝ նկարեցին ու գնացին..»:

Նրանք դիմում են հանրապետության նախագահին, քաղաքապետ Տարոն Մարգարյանին, «Բարեւ Երեւան» խմբակցության անդամներին, ՀՀ քաղաքաշինության նախարարին՝ իրենց շենքի հիմքերը խարխլած ընտանիքի գործողությունները կանգնեցնելու եւ տարածքը նախկին տեսքին բերելու պահանջով:

Սեփ. լր.

«Առավոտ» օրաթերթ
19.07.2014

Լուսանկարը` արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031