«ՀԷՑ»-ի գործով դատարանում կողմը հայտարարել է
քաղաքացիական գործից գաղտնի գրության անհայտացման փաստի մասին
Առանց երրորդ անձանց ներկայության՝ «Հայաստանի էլեկտրացանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ աշխատակից Հրաչյա Հարությունյանը հանդիպել է «ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲ ընկերության անունից հանդես եկող պաշտոնատար անձի հետ: Մինչ այդ, Հ.Հարությունյանը դիմել է նամակով ԲԲ ընկերության անվտանգության ղեկավարին, որն էլ նրա էլեկտրոնային նամակը փոխանցել է «ՀԷՑ» ՓԲ ընկերության անվտանգության եւ վերահսկողության տնօրենի տեղակալ Գ. Ի. Մաքսիմովին՝ «միայն հասցեատիրոջը» նշագրումով: Մաքսիմովը Հարությունյանի դիմումը, սակայն, փոխանցել է «ՀԷՑ»-ի ներկայացուցչին՝ Վարդան Բուռնազյանին:
Դրանից հետո սկսվել են աշխատակցի նկատմամբ որոշակի ճնշումներ, վերադասին ուղղված դիմումը համարվել է ծառայողական գաղտնիքի հրապարակայնացում, իսկ այն մարդիկ, որոնց անունները շոշափվել են էլեկտրոնային փակ նամակում, դատի են տվել Հ.Հարությունյանին:
Մասնավորապես, Վ. Բուռնազյանը դիմել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ Հրաչյա Հարությունյանի դեմ հայցով, խնդրելով, որպեսզի դատարանը պատասխանողին պարտավորեցնի հրապարակայնորեն ներողություն խնդրել՝ պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավն արատավորող իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների տարածման համար, ինչպես նաեւ հատուցել պատճառված նյութական վնասը:
Կարդացեք նաև
Պատասխանող Հ. Հարությունյանը ներկայացրել է այն դիմումը, որը «ՀԷՑ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ` անվտանգության եւ վերահսկողության տնօրեն Գ. Ի. Մաքսիմովի կողմից Վ. Բուռնազյանին հանձնվել էր 19.07.2012թ. կից ներկայացվող «կոնֆիդենցիալ» նշագրմամբ, ինչպես նաեւ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի անվտանգության եւ վարչակարգի բլոկի ղեկավար Դ. Ս.Կուզնեցովի գրությունը:
Հ.Հարությունյանն ասում է, որ իր դիմումը նա չի ներկայացրել հրապարակային ձեւով, այլ շրջանառվել է գաղտնիության պայմանների պահպանմամբ պաշտոնատար անձանց միջեւ եւ ենթակա չի եղել հրապարակման:
Օրեր առաջ՝ հուլիսի 14-ի դատական նիստի ժամանակ, Հ.Հարությունյանի նախաձեռնությամբ պարզվեց, որ այս քաղաքացիական գործում բացակայում է նշյալ գաղտնի գրությունը: Հ. Հարությունյանը դատարանին ուղղված հայտարարության մեջ նշել է, որ դիմումի բնօրինակի պատճենը պատշաճ վավերացված չի եղել, դիմումի ռուսերենից հայերեն թարգմանությունը վավերացված չէ: Դա նշանակում է, որ չեն կատարվել փաստաթղթի պատշաճ վավերացման պահանջները, որոնք ամրագրված են ՀՀ նոտարի մասին օրենքի 65-րդ հոդվածի 4-րդ կետում` «Օտար լեզվով կազմված փաստաթղթի պատճենը վավերացվում է միայն, եթե նոտարը տիրապետում է տվյալ օտար լեզվին: Եթե նոտարը չի տիրապետում համապատասխան օտար լեզվին, ապա օտար լեզվով կազմված փաստաթղթի պատճենը կարող է վավերացվել միայն այդ փաստաթղթի թարգմանությունը սույն օրենքով սահմանված կարգով վավերացվելուց հետո»: Ըստ նույն այդ օրենքի, նոտարը վավերացնում է փաստաթղթի թարգմանության իսկությունը, եթե նա տիրապետում է համապատասխան լեզուներին: Եթե նա չի տիրապետում համապատասխան լեզուներին, փաստաթուղթը թարգմանում է նոտարի կողմից վստահված թարգմանիչը, որի ստորագրության իսկությունը վավերացնում է նոտարը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով էլ սահմանված է, որ գրավոր փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենի ձեւով: Փաստաթղթերի բնօրինակները ներկայացվում են այն դեպքում, եթե գործի հանգամանքները, օրենքներին կամ այլ իրավական ակտերին համապատասխան, կարող են հաստատվել միայն նման փաստաթղթով, իսկ անհրաժեշտության դեպքում` դատարանի պահանջով:
Մինչդեռ, ընկերության ներկայացուցիչը դատարանին ներկայացրել էր հայցի առարկան, հիմքը եւ նշել, որ պատշաճ վավերացված համապատասխան փաստաթղթերն առկա են սույն գործի նյութերում: Դատական նիստերի ժամանակ հայցվորի ներկայացուցիչն առնվազն երեք անգամ ընդգծել է հայցադիմումի հավելվածների պատշաճ վավերացված լինելու հանգամանքը:
«Գաղտնի գրության» գործի նյութերից հանելու հետեւանքով նենգափոխվել են գործի իրական հանգամանքները, որն ազդել է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանում սույն գործով օբյեկտիվ որոշում կայացնելու վրա: Մասնավորապես, ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը, օգտվելով այդ փաստաթղթի բացակայությունից, 20.11.2013թ. սխալ որոշում է կայացրել եւ բավարարել է վերաքննության կարգով բերված Վ. Բուռնազյանի բողոքը` բեկանել է առաջին ատյանի վճիռը: ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը ստացել է հայեցողության չափազանց լայն շրջանակներ եւ յուրովի է մեկնաբանել «մեկ երրորդ անձ» հասկացությունը»,- ասում է Հ. Հարությունյանը: Հ. Հարությունյանի հանդիպումն «ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲ ընկերության անունից հանդես եկող պաշտոնատար անձի` Յու. Մորդվինցեւի հետ մեկնաբանվել է որպես Հ.Հարությունյանի կողմից «մեկ երրորդ անձի» իր դիմումին հաղորդակից դարձնել, իսկ ներքին վարչական գործառույթը` դիմումը գաղտնի գրությամբ մի պաշտոնատար անձից մյուսին փոխանցելը, ներկայացվել է որպես պատասխանողի կողմից դիմումը հրապարակայնացնելու փաստ:
Հիշեցնենք, որ 20.11.2013թ. գործով որոշում է կայացրել ՀՀ Վերաքննիչ դատարանը եւ ամբողջովին բեկանել է առաջին ատյանի վճիռը: 15.01.2014թ. որոշում է կայացրել ՀՀ Վճռաբեկ դատարանը՝ պատասխանողի վճռաբեկ բողոքը վերադարձնելու վերաբերյալ, իսկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն իր 07.02.2014թ. որոշմամբ գործն ընդունել է վարույթ: «Հարց է ծագում, թե ի՞նչ ապացույց են ուսումնասիրել դատարանները եւ ինչո՞ւ ջանասիրաբար չեն նկատել առանցքային ապացույցի անհայտացում»,- հարցնում է Հ.Հարությունյանը:
Վերջինի դեմ նույն հիմքով վարույթ ընդունված երկու հայցերով 6 200 000 դրամի փոխհատուցման պահանջ է ներկայացվել, արգելանքի տակ է դրվել նրա ամբողջ գույքը: «Տասն ամիս շարունակ ապօրինաբար արգելանք է դրվել նաեւ իմ կենսաթոշակի վրա, որը ֆինանսական գոյությանս միակ աղբյուրն է: Մինչդեռ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից նախատեսված է իրավախախտումների եւ կոռուպցիոն երեւույթների մասին տեղեկատվություն ներկայացնողների անվտանգության եւ պաշտպանության իրական ապահովումը: ԵԽԽՎ-ն իր թիվ 1729 /2010/ բանաձեւում շեշտել է նման անձանց հատուկ պաշտպանության տակ առնելու անհրաժեշտությունը»,- ասել էր Հ.Հարությունյանը:
Ըստ էության, սույն քաղաքացիական գործը գտնվում է դատարանի տիրապետման ներքո, եւ դատարանն է պատասխանատվություն կրում այդ գործի նյութերի պահպանման համար:
Հ. Հարությունյանը պահանջել էր պարզել սույն գործից գաղտնի գրության անհայտանալու եւ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի խախտման հանգամանքները, պատճառները եւ շարժառիթները, որոնք ծանր հետեւանքներ են առաջացրել իր համար: «Փաստորեն, եթե չլիներ իմ նախաձեռնությունը, ապա չէր բացահայտվելու հայցադիմումի հավելվածի գործի նյութերից անհայտանալու փաստը»,- հայտարարել էր նա եւ բոյկոտել դատական նիստը՝ մինչեւ դատարանի կողմից բացահայտված դեպքով համարժեք որոշում կայացնելը:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
19.07.2014