Այս տարվա փետրվարի 10-ին ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Շահումյան 27 հասցեում բնակվող ամուսիններ Աշոտ Խուդոյանը եւ Հեղինե Մակարյանը (լուսանկարում) դիմել էին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ: Ամուսինները հայտնել էին, որ 2013 թ. նոյեմբերի 28-ից նստացույց են սկսել ՀՀ նախագահական նստավայրի դիմաց: 2013 թվականի դեկտեմբերի 2-ի լուսաբացին մի խումբ ոստիկաններ իրենց ընտանիքին բռնի ուժով հեռացրել են նախագահական նստավայրի դիմացից՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցի պատճառով:
Կազմակերպությանն ուղղված դիմումում Ա. Խուդոյանը եւ Հ. Մակարյանը հայտնել էին իրենց նկատմամբ բռնություն գործադրելու, իրենց բնակարան անօրինական կարգով մուտք գործելու եւ իրենց պատկանող որոշ իրեր փչացնելու, բջջային հեռախոսի եւ 20.000 ՀՀ դրամ գումարի անհետացման, ինչպես նաեւ Աշոտ Խուդոյանին 2013 թվականի նոյեմբերի 12-ին «Նուբարաշենի» հոգեբուժական կլինիկա տեղափոխելու մասին:
Կազմակերպությունը այս տարվա փետրվարի 15-ին 2013 թվականի դեկտեմբերի 2-ի դեպքի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վ. Շահինյանին՝ պահանջելով ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հաղորդմամբ ներկայացված հանցագործությունը (հանցագործությունները) բացահայտելու, քրեական գործ հարուցելու, հանցանք կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Փետրվարի 24-ին ՀՀ ՀՔԾ-ում Հ. Մակարյանը կազմակերպության հաղորդման հիման վրա բացատրություն տալու հետ միաժամանակ հաղորդում է ներկայացրել իրեն եւ իր ընտանիքի անդամներին առեւանգելու, իրենց նկատմամբ բռնություն գործադրելու, ամուսնուն 2013 թվականի նոյեմբերի 11-ին, բռնություն գործադրելով, ՀՀ նախագահական նստավայրի դիմացից ոստիկանության աշխատակիցների կողմից անհիմն կարգով հոգեբուժարան տեղափոխելու մասին:
Մարտի 3-ին Հատուկ քննչական ծառայության քննիչի պաշտոնակատար Հ. Հարությունյանը, քննարկելով ներկայացված հաղորդումը, կայացրել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում:
Կարդացեք նաև
Կազմակերպությունը դիմել է դատարան, որպեսզի քրեական գործ հարուցվի, վերանայվի Հատուկ քննչական ծառայության որոշումը:
Ինչպես առաջին ատյանի դատարանը, այնպես էլ վերաքննիչ դատարանը պաշտպանեց ըստ էության Հատուկ քննչական ծառայությանը:
Երեկ «Առավոտին» Խուդոյանների ներկայացուցիչ Տաթեւիկ Սիրադեղյասնն ասաց, որ դիմելու են վճռաբեկ դատարան:
Վերջինն իր բողոքում ուշադրություն էր հրավիրել ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակիցների գործողություններին, որոնք իրենց բացատրություններում նշել էին, թե Խուդոյաններն են հրաժարվել վերցնել իրենց իրերը՝ հայտնելով, որ հաջորդ օրը կրկին գալու են նստացույցի վայր, սակայն իրերը վերցնելուց հրաժարվելու փաստն ապացուցող որեւէ այլ ապացույց չեն ներկայացվել: «Մինչդեռ Խուդոյանները նստացույցի վայրից հեռացել են՝ այնտեղ թողնելով նույնիսկ իրենց կոշիկները, ինչը փաստում է այն մասին, որ նստացույցի վայրից նրանք հեռացել են ոչ սեփական կամքով: Վարույթն իրականացնող մարմինը կոշիկները նստացույցի վայրում թողնելու հանգամանքը ճշտել է բացատրություն տված ոստիկանության աշխատակիցներից, սակայն չի պարզել, թե արդյոք ականատես վկա Էմմա Սահակյանը տեսե՞լ է, թե Խուդոյանները ինչ հագուստով եւ կոշիկներով են հեռացել դեպքի վայրից, արդյոք նրանց կոշիկները մնացել են դեպքի վայրո՞ւմ, թե՞ ոչ»,- բարձրաձայնել էին իրավապաշտպանները:
Նշենք, որ ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի ոստիկանության աշխատակիցներ Աշոտ Սարգսյանը, Սուրիկ Մելքոնյանը, Մանուկ Խաչատրյանը, Հուսիկ Հովհաննիսյանը, Ասլան Փիլոյանն իրենց բացատրություններում նշել էին. «Ժխտել են Ա. Խուդոյանին տանը ընտանիքի հետ հարկադրաբար պահելու հանգամանքը՝ նշելով, որ այդ օրը ներգրավված են եղել ՌԴ նախագահի այցի հետ կապված այլ միջոցառումներին»: Վճռաբեկ բողոքում կրկին կբարձրացվի այն հարցը, թե այդ դեպքում ոստիկանությունը կոնկրետ ինչ ծառայություն է իրականացրել Շահումյան 27 տան հասցեում կամ դրա շրջակայքում, ում կողմից է իրականացվել այդ ծառայությունը, արդյոք ոստիկանության աշխատակիցները կարո՞ղ էին նման ծառայություն իրականացնել նշյալ հասցեում կամ դրա շրջակայքում:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
19.07.2014