Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սոված ժողովրդով ի՞նչ մարդակենտրոն Սահմանադրություն»

Հուլիս 21,2014 14:40

Ասում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի` նախորդ օրը շիրակցի պաշտոնյաների ու բժիշկների համար սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին հնչեցրած ելույթը բավական խիստ արձագանքներ գտավ Շիրակի մարզում: ՍԴ նախագահն այն համոզմանն էր, որ եթե սահմանադրական բարեփոխումներ կատարվեն, ապա գունավոր հեղափոխություններ, սոցիալական բունտեր տեղի չեն ունենա, մարտի 1-ն ու հոկտեմբերի 27-ը չեն կրկնվի, իսկ հայ մարդը իր իրավունքները պաշտպանելու համար չի հասնի Ստրասբուրգ: «Առավոտ»-ը քաղաքագետ Գագիկ Համբարյանին խնդրեց մեկնաբանել սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը, որին ի պատասխան՝ վերջինս ասաց. «Նախ՝ սկսենք սոցիալական բունտ երեւույթից. Հայաստանում երբեւիցե սոցիալական բունտ մինչեւ հիմա չի եղել, ինչ էլ որ եղել է, մեծամասամբ քաղաքական դրդապատճառներ է ունեցել: Երկրորդը` սոցիալական վիճակի բարելավման համար Սահմանադրությունը փոխել պետք չէ, փոխում են ներքին տնտեսական քաղաքականությունը, վերացնում են մենաշնորհային անպատիժ օլիգարխիկ համակարգը, ուրիշ բան էստեղ պետք չէ, հեծանիվ հնարել պետք չէ»:

Ըստ քաղաքագետի՝ պառլամենտական հանրապետությունները շատ ավելի դեմոկրատական են, բայց Հայաստանը գտնվում է բարդ տարածաշրջանում՝ վատ հարեւանների հետ, որոնցից մեկի հետ դիվանագիտական հարաբերություններ չկան, մյուսի հետ պատերազի մեջ ենք, հետեւաբար եւ մեր երկրին անհրաժեշտ է ունենալ թե ուժեղ նախագահ, թե ուժեղ օրենսդիր մարմին: «Դեմոկրատիան ավելի մեծ է պառլամենտական հանրապետություններում, բայց խնդիրը հետեւյալն է` պառլամենտական կարող է լինել այն հանրապետությունը, այն երկիրը, որտեղ ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը լավ է, եւ երկրորդ` ամենակարեւորը. գոյություն ունի ձեւավորված բազմակուսակցական համակարգ: Բազմակուսակցական համակարգ ասելով` ի նկատի չունեմ տասնյակ կուսակցություններ բացելն ու դրանց գործունեությունը, այլ ի նկատի ունեմ այն, որ բոլոր կուսակցությունները ունենան իրենց գաղափարախոսությունը, իրենց ծրագրերը, եւ ժողովուրդը տարբերի, օրինակ, Հանրապետական կուսակցության ծրագրի մեջ գլխավորը որն է, ՕԵԿ-ինը որն է, ԲՀԿ-ինը որն է, ՀՅԴ-ինը որն է: Իհարկե, մենք ունենք ավանդական հայկական կուսակցություններ, որոնք ձեւավորվել են 19-րդ դարի վերջին, բայց էդ կուսակցությունների դիրքերը ՀՀ-ում շատ թույլ են, դրանք համարյա ներկայացված չեն ԱԺ-ում, բացի մեկից` ՀՅԴ-ից: Իսկ այն, ինչ մենք ունենք, դրանք կուսակցություններ անվանելը ուղղակի ծիծաղելի է, մարդ-կուսակցություններ են, սիստեմ-կուսակցություններ են, որեւիցե կուսակցություն, որը զրկվում է իշխանությունից, այդտեղից սկսվում է առնետավազք… Կուսակցությունների մեծ մասը գաղափարախոսություն չունեն, դու չես կարող տարբերել՝ ՀՀԿ-ի՞, թե՞ ԲՀԿ-ի է ծրագիրն է, տնտեսական ոլորտում լրիվ նույնն են»,- ասում է քաղաքագետը: Իսկ ո՞րն է պատճառը հենց այս պահին ՍԴ բարեփոխումներ անելու, մեր զրուցակցի կարծքիով՝ Հանրապետական կուսակցության առաջնորդները վերարտադրվելու խնդիր ունեն. եթե ՀՀ նախագահը հայտարարում է, որ ինքը նախագահ, վարչապետ չի ուզում դառնալ, ապա նա երեւի թե պատրաստվում է դառնալ ՀՀ առաջին դեմքը` ԱԺ նախագահ: Իսկ Գագիկ Հարությունյանի այն հայտարարությունը, թե Սահմանադրությունը, ինչպես ԱՄՆ-ում, պիտի լինի մարդակենտրոն, Գագիկ Համբարյանի ասելով՝ սրա համար միայն պիտի բարելավել ժողովրդի վիճակը, ոչ թե Սահմանադրություն փոխել:

«Ինչի՞ մասին են իրենք մտածում. ՀՀ բնակչության 40-45 տոկոսը աղքատության շեմին է կամ աղքատության շեմից այն կողմ, իսկ ԱՄՆ-ում աղքատների թիվը կազմում է ընդամենը 5-8 տոկոս, օլիգարխիկ խավը ԱՄՆ-ում, օլիգարխներ էլ չեն, շատ հարուստները կազմում են բնակչության 5 տոկոսը, ինչպես ՀՀ-ում՝ այն դեպքում, երբ ԱՄՆ-ում միջին խավը կազմում է 70-75 տոկոս: Մարդակենտրոն պետություն կարող է լինել էն դեպքում, երբ միջին խավը մեծ թիվ է կազմում, երբ մարդը չի մտածում իր սոցիալական վիճակի մասին, մարդը օրվա հացի մասին չի մտածում, ինչքան ուզում է՝ մարդակենտրոն Սահմանադրություն ասեն, եթե ժողովրդի 45 տոկոսը աղքատության շեմին է, էդ Սահմանադրությունը չի կարող մարդակենտրոն լինել, իսկ մեր հիմիկվա Սահմանադրությունը վատ Սահմանադրություն չէ, ուղղակի կիրառել է պետք: Հայաստանի Հանրապետությունը այնքան ներքին ու արտաքին խնդիրներ ունի, որ հիմա այդ հարցերով է պետք զբաղվել, ոչ թե ամեն ինչ Սահմանադրության վրա գցել, դրա ժամանակը չէ»,- ասում է մեր զրուցակիցը:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031